Լրահոս
Օրվա լրահոսը

Քարփենթերը Բաքվին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Հունիս 07,2023 17:48

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ելույթի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ է արել Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Արցախում գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումը, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելու համար: Քարփենթերի ելույթում մասնավորապես ասվում է.

«Մենք հաստատապես հավատում ենք, որ առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ Մենք բարձր ենք գնահատում այն քրտնաջան աշխատանքը, որը կպահանջվի երկու երկրներից՝ տասնամյակների հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, և խոստանում ենք մեր շարունակական աջակցությունն այդ ջանքերին: Մեջբերելով պետքարտուղար Բլինքենին՝ «Հարավային Կովկասում խաղաղության հնարավոր է հասնել»։ Մենք իսկապես հավատում ենք դրան: ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին: Քրտնաջան աշխատանքը՝ հասնելու տևական և կայուն խաղաղության համաձայնագրի, հարաբերությունների կարգավորման, սահմանագծման և սահմանազատման , տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար մեծ օգուտներ կբերի Ադրբեջանին, Հայաստանին և ավելի լայն տարածաշրջանին։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից։

Որպես անվտանգության բարելավման համար ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումը, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս առումով ես կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ մնալ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի տառին և ոգուն»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930