Լրահոս
Օրվա լրահոսը

«20 մետր հետ գնալը՝ մեր հողերից հեռացում չի նշանակում»․ Մասիս Զեյնալյան

Հունիս 07,2023 17:31

«Եթե մի 20 մետր հակառակորդը հետ է գնացել, դա չի նշանակում, որ հեռացել են մեր հողերից։ Իրենք նույն տեղում են, մերոնք՝ մեր»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը։ Վերջինիս 7 հեկտար արտը նույնպես հակառակորդի տիրապետման ներքո է։ «Ես միայն իմ անունից չեմ խոսում, այլ համայնքի այն բնակիչների, որոնք չկարողացան իրենց արտերը մշակել»,-ասում է ավագանու անդամը։

Իհարկե՝ սեզոնին անասնակերի խնդիր են ունենալու, բայց ավագանու անդամը հույս ունի, որ մինչեւ այդ կառավարության կողմից խոստացված աջակցությունը կտրվի։ «Մարզպետն էլ մի քանի օր առաջ Տեղում էր, բոլոր գյուղերում եղավ։ Ժողովուրդը այդ նույն հարցերը տվեցին, ինքն էլ ասաց՝ անպայման կհաշվարկեն ու աջակցություն կտան»,-նշում է Մասիս Զեյնալյանը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նախօրեին Ազգային ժողովում էլ հայտարարեց, որ ընթացիկ տարվա չիրացված եկամտի համար տուժած բնակիչները կստանան աջակցություն։ Նրա խոսքով, Տեղ գյուղում՝ 50 ընտանիք հողերը մշակելու խնդիր ունեն։ Ռոբերտ Ղուկասյանը նաեւ ասել էր, որ հակառակորդը «ինչ-որ տեղերում» հետ է գնացել՝ կոնկրետ չմանրամասնելով հատվածները։

«Դե, բաներ կան, մարզպետի գործը չի, իրան էլ պիտի զեկուցեն, հետո՝ անվտանգային խնդիրներ են, միգուցե չի՞ կարելի բաց-բաց խոսել»,-ասաց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլի 11-ին, ժամը 16-ի սահմաններում ադրբեջանցիները տեղակայման վայրերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող հայկական կողմի զինծառայողներով եւ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 6 վիրավոր։

Մասիս Զեյնալյանի խոսքով՝ գյուղն ու ժողովուրդն ապրում են իրենց առօրյայով։ «Բացի անվտանգային հարցերից, համայնքում ուրիշ շատ հարցեր էլ կան, որ կախված է համայնքապետարանից, ինչո՞ւ դրանցով չեք հետաքրքրվում»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամը՝ թվարկելով մի քանիսը, որոնց կանդրադառնանք առանձին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930