Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեսել ենք նման մեկնաբանություններ, բացարձակապես անհիմն են». ԵՄ-ից արձագանքում են մեր գյուղերում ադրբեջանանպաստ տեղեկություններ հավաքելու մասին լուրերին

Հունիս 07,2023 16:35

Տեւական ժամանակ է՝ Հայաստան այցելած Եվրամիության դիտորդների շուրջ տարաբնույթ լուրեր են շրջանառվում առ այն, որ նրանք Սյունիքում, ինչպես նաեւ Վարդենիսում, Ջերմուկում կասկածելի վարք են դրսեւորել: Հատուկ այցելել են նախկինում ադրբեջանցիներով բնակեցված համայնքներ, համարակալել ադրբեջանցիների նախկին տները, հարցուփորձ արել, գրանցել: Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել սյունեցիներից՝ եկե՞լ են, ի՞նչ են հարցրել եւ ինչու:

Վաղատին գյուղի բնակիչ, ուսուցչուհի Կարինե Մարտիրոսյանն ասաց, թե դիտորդները «լրտեսներ» են. «Ինչ-որ կարծիքներ են հավաքում, սահմաններից են ինչ-որ ֆիքսում, ամեն ինչը ուղարկում Ադրբեջանին»:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՄ դիտորդների այցը չկանոնակարգված է եւ հնարավոր չէ ամբողջությամբ վերահսկել ոչ միայն նրանց շարժերը, այլ նաեւ նրանց տեսածը, լուսանկարածը. «Որեւէ դեպքում որեւէ մեկը հիմք չունի պնդելու, որ դրանք երրորդ երկրների սեփականությունը չեն դառնում»:

Ըստ հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանի, ԵՄ դիտորդների հավաքագրած տեղեկատվությունը նպաստելու է Ադրբեջանի՝ այսպես կոչված «Արժանապատիվ վերադարձ» ծրագրի իրագործմանը: Ադրբեջանն այս ծրագրով կեղծ հաշվարկներ է անում, թե իբր 1990-ականներին հազարավոր ադրբեջանցիներ են քշվել այս գյուղերից ու նրանք պետք է վերադառնան:

Վաղատին համայնքի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի խոսքով՝ «Ադրբեջանցին ղալաթ ա արել, որ էն վախտ թողացել են ստեղ ապրել ա, հլը մի հատ էլ էսօր ասում ա՝ էս ըտեղ ապրել եմ: Բա սաղ Բաքուն հայեր են եղել, Բաքու չի, Բակուրաշեն ա, մեր հայկական քաղաքն ա, էսօր դրել են ասում են՝ Վաղուդին, օրինակ մեր գյուղը՝ Վաղատինը ադրբեջանցիք ապրել են: Շատ էլ թե ապրել են: Հիմա դրսից հյուր գա, ասեմ արի՝ երկու օր մնա տանը, երրորդ օրն ասի՝ հելի էդ տնից, իմ տունն ա, հա՞: Այ քեզ բան: Հյուր ա եղել, թողել ենք ապրել ա, թող հյուրի նման էլ ռադը քաշեր»:

Ադրբեջանն այս հյուրընկալությունն այլ կերպ է մատուցում, միջազգային խաղացողների ներգրավում: Եթե որեւէ կերպ ճանաչվի ադրբեջանցիների իրավունքները տվյալ տարածքներում, եւ այդ հարցում գտնվի «միջազգային քավոր», Հայաստանն այլեւս անելիք չի ունենա միջազգային դատարաններում։

Ընդ որում, Ադրբեջանը առաջ է քաշել վտանգավոր պահանջ. «Քանի որ կա հայերի ու ադրբեջանցիների միջեւ էթնիկ բախման վտանգ, այս ադրբեջանցիներին, որոնք պիտի վերադառնան այդ բնակավայրերում ապրելու, իրենց տրվելու են ինքնապաշտպանության միջոցներ, այսինքն՝ զենք: Պարզ է, որ նրանք չեն լինելու շարքային սովորական մարդիկ: Մեծագույն մասը լինելու է հատուկ ծառայությունների աշխատող: Պարզ է, որ նրանք երկու գործողություն են անելու, մեկը՝ տվյալներ են հավաքագրելու Հայաստանի ներքին անվտանգության մասին, երկրորդը՝ ահաբեկումներ են իրականացնելու ՀՀ-ում»,- ասաց Հոխիկյանը:

Ադրբեջանը սրանով ոչ միայն փախստականների վերադարձի հարց է փորձում լուծել, այլ լեգիտիմ հիմք է ձեւավորում՝ նոր ագրեսիայի համար: Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ շահ ունի դրանից Եվրամիությունը: Ըստ Նաիրի Հոխիկյանի, շահ ունի ավելի շուտ Մեծ Բրիտանիան. «Մեծ Բրիտանիան Արցախի գրավյալ տարածքներում արդեն «Anglo Asian Mining» ընկերության միջոցով մի շարք հանքավայրեր սկսել է շահագործել՝ Շուշիում, Կովսականում, Բերձորում, հիմա Քարվաճառի մասին են մտածում: Սյունիքը համարվում է աշխարհի մոլիբդենով ամենահարուստ վայրերից մեկը»: Այսինքն, նրանց հետաքրքրում են հանքերը, իսկ հատուկ ծառայությունների աշխատակից ադրբեջանցիներով այդ տարածքները բնակեցնելու դեպքում հանքերի արագ եւ հեշտ շահագործման հնարավորություն կունենան:

Aravot.am-ը գրավոր հարցմամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինից պարզաբանում խնդրեց՝ «Մտահոգություններ կան, որ այդ տեղեկությունները կարող են փոխանցվել երրորդ երկրների եւ օգտագործվել ընդդեմ Հայաստանի: Խնդրում ենք պարզաբանել՝ ո՞րն է Եվրամիության դիտորդների իրական հետաքրքրությունը Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի գյուղերում, ի՞նչ տվյալներ են հավաքում, դիտորդների ինչի՞ն են պետք ադրբեջանցիների տների մասին տեղեկատվությունը եւ ո՞ւմ են փոխանցում: Հայ փորձագետները վերլուծում են, որ Եվրամիության դիտորդների անվան տակ Մեծ Բրիտանիայի շահն է գործում, քանի որ Սյունիքը հարուստ է մոլիբդենով, ձեռնտու է այդ գյուղերը վերաբնակեցնել ադրբեջանցիներով եւ զբաղվել հանքերի արդյունահանմամբ: Խնդրում եմ այս մտահոգությունները փարատելու համար սպառիչ պատասխանել՝ ինչքանո՞վ են հիմնավոր այդ պնդումները, կարո՞ղ է մոլիբդենը, նավթը, ուրանը վեր դասվել մարդուց եւ ժողովրդավարական արժեքներից»:

Մեր այս հարցմանը ԵՄ հայաստանյան պատվիրակությունից պատասխանել են. «Մենք տեսել ենք նման մեկնաբանություններ, որոնք բացարձակապես անհիմն են։ Հայաստանում ԵՄ դիտորդական մանդատն ընդգրկում է Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի ողջ երկարությունը եւ ներառում է մարդկային անվտանգության ասպեկտներ: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է հակամարտություններից տուժած տարածքներում մարդու անվտանգությանը` հավաքելով տեղեկատվություն ժամանակավոր պարեկության միջոցով և զեկուցելով իրավիճակների մասին, որտեղ հակամարտության ուղղակի կամ անուղղակի հետևանքների պատճառով մարդու հիմնական իրավունքներն ու կյանքը վտանգված են: ԵՄ դիտորդական առաքելությունը զեկուցում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին, որին աջակցում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր գրասենյակը Բրյուսելում և գրասենյակի միջոցով՝ ԵՄ անդամ պետություններին»:

Թե Սյունիքում ինչ մտահոգություններ ունեն մարդիկ ԵՄ դիտորդների հետ կապված, առաջարկում ենք դիտել այդ մասին Aravot.am-ի ռեպորտաժը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930