Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են Քերոբյանի հայտարարած ներդրողները Երասխում. «Հետք»

Հունիս 07,2023 15:45

«Հետք». Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Օրեր առաջ գործարանի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Երասխում կառուցվող գործարանի մասին «Հետք»-ը գրել է դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին:

Էկոնոմիկայի նախարարությունից հաստատեցին, որ խոսքը նույն գործարանի մասին է։ Այն կառուցող ընկերության բաժնետերերի ցանկում փոփոխություն է գրանցվել, սակայն «վերջնական» սեփականատերերը, ըստ ընկերությունից ստացված տվյալների, կրկին նույն գործարարն են՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը և այս անգամ արդեն՝ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան։

Երասխում մետալուրգիական գործարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության 50% բաժնեմասը ներկայում պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս» ՍՊԸ-ին, մյուս 50%-ը՝ կրկին ԱՄՆ-ում գրանցված «Վիրտուալ ֆոնդինգ» ՍՊԸ-ին։

Այս երկու ընկերությունները «Ջի Թի Բի Սթիլ»-ի բաժնետերերն են այս տարվա մայիսից (2023-05-05)։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ ընկերության բաժնետեր հանդիսացող «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս»-ի սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Բոբբի Կանգն է։

Իսկ մյուս բաժնետեր հանդիսացող «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատերը ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Նա սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, Նոնո Սարգսյանի ամուսինը։

Մինչ այս տարվա մայիսը՝ «Ջի Թի Բի Սթիլ»-ի 100% բաժնետերը եղել է Հայաստանում գրանցված «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն, որը պատկանում է Նոնո Սարգսյանին և  գործարար Բոբբի Կանգին, որն, ըստ համացանցում եղած տեղեկությունների, ազգությամբ հնդիկ է։

Սեդա ՀԵՐԳՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930