Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հավանություն տվեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
«Նախագծով նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները, եւ ասոցիացիաների ներուժն օգտագործել ի շահ առողջապահության համակարգի կայացմանը։ Նախագծով նախատեսվում է մի շարք գործառույթներ տրամադրել ասոցիացիաներին, նախարարության առաջարկությամբ մասնակցել տարբեր նորմատիվ իրավական ակտերի քննարկմանը, մշակել կլինիկական ուղեցույցներ։ Բժշկական ասոցիացիաները գոյություն ունեն, գործում են, մի մասը բավական ակտիվ գործունեություն են ծավալում»,- ասաց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Նա նշեց, որ այսպիսով չեն փորձում սահմանափակել հասարակական կազմակերպությունների աշխատանքը։ «Նման հարցադրում շատ է եղել, որ արդյոք մենք չե՞նք խառնվում հասարակական կազմակերպությունների գործունեությանը եւ չե՞նք սահմանափակում իրենց գործունեությունը։ Դա ամենեւին էլ այդպես չէ, մենք ուղղակի նախագծով ասում ենք՝ հարգելի ասոցիացիա, եթե դու ուզում ես տվյալ գործառույթները ստանձնել եւ համագործակցել նախարարության հետ, պետք է համապատասխանես տվյալ չափանիշներին, որոնք ֆիքսված են նախագծում»,- հավելեց Զելնալյանը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատեց․ «Սա գոնգոների ստեղծման լուրջ օրինական հիմք է այս ոլորտի համար, որը շատ վտանգավոր է։ Մենք ապահովում ենք մեզ համար գոնգոներ, հասարակական կազմակերպություններում հայտնի են գոնգոները, այսինքն՝ պետության կողմից, կառավարության կողմից ստեղծված իբր անկախ հասարակական կազմակերպություն: Գոնգոն government NGO-ն է, որը շատ լուրջ վտանգավոր խումբ է ՀԿ-ների մեջ, սա լուրջ հիմք է ստեղծում՝ նման գոնգոներ ունենալու։ Փաստորեն այս նախագծով հասարակական կազմակերպությունների մեջ մի հատ մաղ ենք անցկացնում եւ լիազոր մարմնին հնարավորություն ենք տալիս ընտրել այն հասարակական կազմակերպությանը, որն ավելի շատ հնարավորություն կունենա իր ցանկություններով նախագծեր գրել»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց․ «Մենք ձեր այս առաջարկով կարծես թե ցեմենտավորում ենք մի բան, որը շատ ճկուն է եղել։ Այսինքն՝ դուք ասում եք նույն բանը, ինչը հենց հիմա կա։ Հենց հիմա ցանկացած ասոցիացիա, ցանկացած բժիշկ-մասնագետ կարող է դիմում գրել առողջապահության նախարարությանը, ասել՝ հարգելի տիկին նախարար, ես կարծում եմ, որ մենք չունենք այսինչ մասնագիտությամբ խորհրդատու, ինչը շատ կարեւոր է, եւ նախարարը կարող է դիտարկել, եթե հարկ համարի, կնշանակի։ Հիմա մենք ինչո՞ւ ենք այդ ամենը դնում Սահմանադրությունից հետո բարձրագույն իրավական ակտի մեջ, բայց էլի նույն բանը թողնում՝ հայեցողությունների մակարդակը։ Եթե մենք պարտադրանքի էլեմենտներ չենք դնում այդտեղ, չանելու դեպքում պատասխանատվություն չենք սահմանում, ես կարծում եմ՝ մենք մի քիչ շտապում ենք՝ այս ամեն ինչը ցեմենտավորելով, կառաջարկեի մի քիչ ավելի երկար բովանդակալից քննարկումներ անենք»:
«Մրցակցության հարց ենք դնում, մրցակցություն կառաջանա։ Մենք պարտավորություն չենք դնում նախարարության վրա, բայց եթե սկսենք համագործակցել կայացած ասոցիացաների հետ, չկայացած ասոցիացիաները, մրցակցությունից ելնելով, կուզենան զարգանալ»,- ասաց օրենքի նախագծի համահեղինակ Լուսինե Բադալյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ օրենքով որեւէ կերպ չի սահմանափակվում ասոցիացիաների կամ անհատ մասնագետների կողմից որեւէ առաջարկությամբ կամ մասնագիտական կարծիքներով հանդես գալը։ «Եվ դա այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների խոշորացումն արդեն իսկ փաստ է, տեղի է ունենում։ Մասնագիտական ասոցիացիաները շատ ավելի կարեւոր ֆունկցիա են ձեռք բերում եւ անընդհատ կրթվելը նպաստեց, որ նրանք կարողանան թարմացնել իրենց ներկայությունը եւ ավելի նախանձախնդիր լինել մասնագիտական հարցերով»,- ասաց նա։ Ըստ նրա՝ կառավարությունը մի շարք առաջարկություններ է արել այս նախագծի վերաբերյալ, եւ կուզեին, որ դրանք ներառվեին նախագծում։
Նախագիծը հաստատվեց Արսեն Թորոսյանի եւ կառավարության առաջակներով հանդերձ, դեմ քվեարկեց Արմենուհի Կյուրեղյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ