Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքացին «տուգանքի մատերիա՞լ» է, թե՞ ոչ. Գեղամ Մանուկյանի հարցին Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ մգեցված թաղանթների համար 25 հազար դրամ տուգանք կկիրառվի

Հունիս 07,2023 14:39

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Վահագն Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին, որ իրենց խնդրանքը՝ ուղղված նախարարին՝ թաղանթապատված ապակիների համար, առաջին օրերին քաղաքացիներին չտուգանելու, այլ նախազգուշացնելու համար, հաշվի է առնվել:

«Սա մեզ համար քաղաքական առումով շատ կարեւոր է, որովհետեւ մենք, ինչպես եւ հայտարարել ենք, մեր նպատակը երբեք ու երբեք այն չի, որ քաղաքացին որեւէ կերպ տուգանվի: Ինչքան էլ այդ օրենքը տարբեր մարդկանց մոտ տարբեր ընկալումներ է առաջացնում, այնուամենայնիվ, եթե որոշում կա, որ այն պետք է պահվի, լավ տարբերակն այն էր, որ քաղաքացիներին պետք է նվազագույն տուգանքների միջոցով դա արվի, ինչը եւ տեղի ունեցավ»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով առաջիկայում էլ այս սկզբունքով շարժվել:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տարակուսեց, քանի որ ինքը ճանաչում է մարդկանց, այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորի, որին օրենքի կիրառության առաջին օրը կանգնեցրել են, զգուշացրել, նա էլ անմիջապես պոկել է թաղանթը, բայց տուգանել են: Նա ասաց, որ ՆԳՆ-ի տարբեր հայտարարությունները խճճել են մարդկանց եւ հորդորեց հստակ ասել՝ մարդկանց տուգանելո՞ւ են, թե՞ ոչ, որպեսզի վերջիններս իրենց իրավունքները կարողանան պաշտպանել:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միջամտեց՝ ասելով, որ օրենքը 2007-ին է ընդունվել ու չի կիրառվել, հիմա որոշել են կիրառել, բայց որպեսզի հակազդեցությամբ առաջ չգնան, նախարարի հետ քննարկման արդյունքում որոշել են նախնական փուլում զգուշացումներով առաջ գնալ: Ինչ վերաբերվում է տուգանքին, ապա ակտի մեջ պետք է նշված լինի՝ «տուգանվում եք զրո դրամ», քանի որ վարչական իրավախախտումների օրենքով է գործընթացը իրականացվում: Համենայնդեպս, իրեն երբ բողոքել են, ի վերջո, պարզվել է, որ այդպես է:

Հիշեցնենք, այդ իրավախախտման համար նախատեսված է 25 հազար դրամ տուգանք:

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը մանրամասնեց՝ նախարարի հետ քննարկման արդյունքում որոշվել է, որ առաջին մի քանի օրերին տուգանք չի կիրառվելու, վարչական տույժ է համարվելու նախազգուշացումը, բայց ինչ-որ մի պահի օրենքը պետք է կիրառվի ամբողջությամբ եւ թե ո՞ր պահին ոստիկանը կամ պարեկը կորոշեն տուգանե՞լ, թե՞ նախազգուշացնել, կախված կլինի իրավիճակից, մեղմացնող հանգամանքներից: Բայց հիմնականում կիրառվելու է տուգանքը:

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց՝ այժմ ժամանակակից թաղանթներ կան, որոնք մգեցված չեն եւ մեր քաղաքացիները կարող են դրանցից օգտվել՝ արեւից պաշտպանվելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930