Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին ՊՆ ատեստավորման գործընթացին հետեւում Շիրակի եւ Արագածոտնի նախկին մարզպետները. Գեղամ Մանուկյան

Հունիս 07,2023 14:25

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ կադրերում նկատել է, որ ՊՆ ատեստավորման գործընթացին հետեւում են նաեւ Արագածոտնի եւ Շիրակի նախկին մարզպետները:

Այսօր պատգամավորը ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարգավիճակով են նրանք մասնակցում այդ գործընթացին:

Փոխնախարարը մանրամասնեց՝ ատեստավորման գործընթացը մեկնարկել է հունիսի 5-ից, շարային եւ ֆիզիկական պատրաստվածության նորմատիվներն են հանձնել ատեստավորվողները, այսօր կրակելու են հրաձգային զենքերից, վաղը՝ մասնագիտական տեսական գիտելիքներն են ստուգվելու: Իսկ նշված նախկին մարզպետները այժմ վարչապետի խորհրդականներ են: Տվյալ հանձնաժողովում, բացի նրանցից, ընդգրկված են նաեւ ԱԱԾ-ից: Տրամաբանությունը՝ ատեստավորումը գերօբյեկտիվ մթնոլորտում անցկացնելն է, նաեւ առկա խնդիրներն ու թերությունները վեր հանելը՝ դիտորդի կարգավիճակում: Փոխնախարարն ասաց, որ պատգամավորներին էլ կարող են հնարավորություն տալ՝ գործընթացին մասնակցելու:


Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հորդորեց պատգամավորներին՝ ավելի ակտիվ լինել այս հարցում եւ ատեստավորման հաջորդ փուլերը դիտարկել:

Պատգամավորը տարակուսեց՝ չկա՞ վարչապետի կամ նախարարի հստակ որոշում՝ հանձնաժողով ձեւավորելու մասին, հընթա՞ցս են հրավիրվում: Փոխնախարարը հստակեցրեց՝ կառավարության որոշում էլ կա, այն ապահովող աշխատանքային խումբ էլ: Նա էլ հորդորեց պատգամավորներին ակտիվ լինել եւ մյուս փուլերին մասնակցել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց եւ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Գեղամ Մանուկյանն էր ձեռնպահ:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երեւանում: Այն ենթադրում է.

– ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, շահագործում, նորոգում, արդիականացում եւ տեխնիկական սպասարկում,

– ռազմական նշանակության արտադրատեսակների եւ արտադրանքի հետազոտում եւ մշակում,

– լիցենզավորված արտադրության կազմակերպում, մյուս Կողմին մատակարարման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի որակի նկատմամբ հսկողության ապահովում,

– ուսումնական հաստատություններում մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները եւ հնարավորությունները,

– ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսեւորում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ չորս տարի է անցել համաձայնագրի ստորագրումից, եթե այն այդքան կարեւոր էր, ինչո՞վ էր պայմանավորված չորսամյա լռությունը: Փոխնախարարն ասաց, որ քովիդի համավարակով եւ մեր երկրում տեղի ունեցած պատերազմով, դրան հաջորդած գործընթացներով պայմանավորված, Չեխիայի խորհրդարանն այս տարի է վավերացրել համաձայնագիրը:

Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ եթե Հայաստանի համար կարեւոր էր հարցը, մենք ավելի վաղ կարող էինք վավերացնել՝ չեխերին էլ օրինակ ծառայել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930