Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա Սեւանի համար նշանակում է ճահճացման գործընթացների արագացում»․ Էվելինա Ղուկասյան

Հունիս 07,2023 13:18

«Առավոտի» զրուցակիցն է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը

-Տիկին Ղուկասյան, շրջակա միջավայրի նախարարը հայտարարեց, որ ջրամբարներում ջուր չկա, Սեւանն այս տարի էլ երեւի կկանաչի։ Այսինքն՝ կառավարության անդամներն արդեն խոսում են ոռոգման նպատակով Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու անհրաժեշտության մասին, ինչպե՞ս սա կազդի լճի վրա։

– Ջրի ծաղկումից խուսափել հնարավոր կլինի միայն ջուրը մաքրելուց հետո։ Իսկ դրա համար պետք է սահմանափակել կոմունալ-կենցաղային հոսքաջրերի ներթափանցումը Սեւանա լիճ։ Քանի դեռ բոլոր բնակավայրերի կեղտաջրերը լցվում են Սեւանա լիճ եւ իրենց հետ տանում են այդ ամբողջ օրգանական աղտոտվածությունը, մենք չենք կարող ասել, որ լճի վիճակը կբարելավվի։ Այսինքն՝ եթե տարին արդեն չորային է, մենք կարող ենք ունենալ եւ ջրի պակաս, եւ ջուրը կարող է տաքանալ։ Իսկ կապտականաչ ջրիմուռների ծաղկման համար լավագույն պայմանները ստեղծվում են ջրի ջերմաստիճանի բարձրացման եւ օրգանական աղտոտվածության պայմաններում։ Տվյալ դեպքում մենք երկու գործոններն էլ ունեն, որոնք կարող են վատացնել ջրի որակը։

Հուսանք, որ լիճն ինքը պետք է փորձի պայքարել այդ երեւույթների դեմ, թե ինչքանով դա կհաջողվի, մենք չենք կարող ասել։ Ինչ-որ քայլեր գուցե ձեռնարկվում են, բայց վիճակը վատացնել, հետո փորձել մի քիչ բարելավել, այն էլ դանդաղ տեմպերով, դա այնքան էլ լուրջ արդյունք չի տալիս։

Էվելինա Ղուկասյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

-Անդրադառնալով մաքրման կայանների հարցին՝ նախարարն ասաց, որ դրանք բավական ծախսատար են։ Այսինքն՝ մի քանի տարի է՝ կառավարությունը խոսում է կենսաբանական մաքրման կայաններ հիմնելու մասին, բայց պարզվում է, որ դեռ աշխատանք չի կատարվել։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Բնականաբար՝ կայանները թանկ արժեն, բայց ջուրն էլ էժան չէ, այդքան կորուստներ ունենալն էլ էժան չէ։ Երբ տարին չորային է լինում, Սեւանա լճի ջրերը բաց են թողնում ոռոգման համար, բայց միաժամանակ շեշտում են, որ ջրի կորուստները հասնում են 70-80 տոկոսի, դա նորմալ երկրի համար չէ։ Ո՞նց կարելի է ջուրը վերցնել ու ուղղակի ճանապարհին թափելով տանել ու տեղ չհասցնել։ Սա Սեւանի համար նշանակում է էֆտրոֆացման (ճահճացման) պրոցեսների արագացում։ Իհարկե, խոսքը մեկ կամ երկու տարվա մասին չէ, հարյուրամյակների մասին է, բայց արագացնում է ճահճակալման գործընթացը։ Ի վերջո, բոլոր լճերը ծերանալով՝ հանգում են ճահճակալման, դա բնական երեւույթ է, բայց դա միլիոնավոր տարիներ է տեւում։ Բայց երբ այդ պրոցեսները նաեւ մարդու կողմից են արագացվում, ժամանակահատվածը խիստ կրճատվում է։

Մեր հիմնական նպատակը ջրի որակը փրկելն ու պահպանելն է։ Եվ քանի դեռ մենք չորային պայմաններում գնալու ենք լճի մակարդակի իջեցման, ջրի կորուստների ճանապարհով, դա նշանակում է, որ երբ ջրի մակարդակն իջնում է, ծավալը փոքրանում է, ջրի տաքացման արագությունն ավելի մեծանում է։ Ջուրն ավելի արագ է տաքանում եւ ավելի արագ է սառչում, այսինքն՝ խախտվում է լճի ջերմային ռեժիմը, դրա հետեւանքով փոխվում է գազային ռեժիմը, որովհետեւ տաք պայմաններում թթվածնի ու գազերի լուծելիությունն էլ է փոքրանում։ Դրանք միմյանց հետ փոխկապակցված պրոցեսներ են, որոնք, բնականաբար, պետք է տանեն լճի վիճակի աստիճանական վատացմանը։

– Աշխարհում այսօր ջրի խիստ պակաս կա, Հայաստանում արդյունավե՞տ են կառավարվում ջրային պաշարները։

-Անձամբ ես կուզեի, որ մեր երկրում ջրամբարներն ավելի շատ լինեին, նաեւ այդ ջրամբարները պիտանի լինեին օգտագործման համար։ Ես չեմ հասկանում, թվում է, թե անգամ ջրառատ տարիներին ջուրը լցվում է ջրամբարների մեջ, բայց ճաքերի եւ տարբեր պատճառներով ջուրը կամ գոլորշիանում է, կամ կորչում է։ Այսինքն՝ մենք պետք է կկարողանան ջուրը նաեւ կուտակել, ոչ թե Արաքս գետով ուղարկել մեր հարեւաններին։ Մենք ջրի նկատմամբ շատ անխնամ վերաբերմունք ունենք, երեւի օգտվում ենք նրանից, որ մեր երկրում են ձեւավորվում ջրերը։ Բայց միեւնույն է, անգամ այդ դեպքում, երբ վատ ես տնօրինում ջրային ռեսուրսները, միշտ ունենում ես ջրի պակաս։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930