ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա են եղել Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։
Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Նվագախմբի հետ ելույթ է ունեցել բրիտանացի վիրտուոզ ջութակահար Ջենիֆեր Փայքը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հեղինակավոր ստուգատես է, որն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտրանիում։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների և աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Նշենք, որ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթն անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ՝ երեք փուլով։ Երկրորդ և երրորդ փուլերում պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երրորդ՝ եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ