Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը մանրամասնեց առաջարկվող փոփոխությունները․ «Մինչ այս՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն իրավունք ունեին շահույթը բաշխել տարին մեկ անգամ, ինչն անհարկի արգելք էր նմանատիպ ընկերությունների համար։ Հարկ է նշել, որ ՍՊԸ-ները շատ դեպքերում ընտանեկան բիզնեսներ են, այսինքն՝ սեփականատերերը սահմանափակ քանակով անձինք են։ Եվ բիզնեսից դիվիդենտ ստանալու հնարավորություն ունեին տարին մեկ անգամ։ Բնականաբար, մենք բոլորս էլ գիտենք, որ մեր իրականության մեջ այդ պրոցեսը չէր կատարվում տարին մեկ անգամ, այսինքն՝ երբ սեփականատիրոջը որոշակի գումար էր հարկավոր, պարբերաբար այդ գումարը ստանում էր այլ միջոցներով՝ ձեւակերպվում էին փոխառություններ կազմակերպությունից, կամ հավելյալ հաշվապահական հաշվառման կարիք էր առաջանում, կամ դա էլ չէր արվում, գործարքը մնում էր ստվերում։ Մեր կարծիքով՝ նման օրենսդրական արգելքն անտեղի էր եւ փոփոխությամբ առաջարկում ենք ոչ ավելի, քան եռամսյակը մեկ թույլ տանք շահույթը բաշխել։ Այսինքն՝ եռամսյակային կտրվածքով ընկերությունները կարողանան իրենց կազմակերպության ստացած շահույթը բաշխել սեփականատերերի մեջ։ Սա կօգնի մեր փոքր ու միջին ձեռնարկություններին ավելի ճկուն լինել»,- ասաց նա։
Ռաֆայել Գեւորգյանը հավելեց, որ փորձում են օրենսդրական փոփոխություններով որոշակի ապահովության բարձիկներ ստեղծել փոքր ու միջին բիզնեսի համար։ «Մենք ունենք տարբեր նախաձեռնություններ, օրինակ, հիմա իրականացնում ենք մեծ ծրագիր, որում փոքր ու միջին ձեռնարկությունները հանդիսանում են մեծ շահառու՝ տնտեսական արդիականացման միջոցառում։ Այդ միջոցառմամբ արդեն մեկ տարվա մեջ մոտ 100 մլրդ դրամից ավելի ֆինանսավորում է հատկացվել տարբեր ձեռնարկությունների՝ իրենց սարքավորումներն արդիականացնելու համար։ Պետության կողմից որոշակի սահմանաչափից վերեւ վարկավորման կամ սուբսիդավորման դեպքում պահանջ ենք դրել, որ կապիտալ ավելացնեն։ Եվ պետությունը կսուբսիդավորի միայն այն պայմաններում, երբ այդ կապիտալի ավելացումը զգալի կլինի»,- ասաց նա։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բացատրեց․ «Դիվիդենտը շահութահարկ վճարելուց հետո վերջնական մնացորդն է։ Այսինքն՝ ընկերությունը շահույթ է ստացել, այդ շահույթից շահութահարկ է վճարել, իր հաշվարկներն արել է, վերջում մնացել է մաքուր մնացած, ժողովրդական լեզվով ասած, քյարը, որը կարող է թողնել իր ընկերության կապիտալում, կամ բաշխել բաժնետերերի մեջ։ Հիմա ինքը որոշում է եռամսյակներով բաշխել, որ ավելի ճկուն լինի, բայց հարկը հաշվարկելու ժամանակ դա որեւէ ազդեցություն չի ունենալու»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ