Հունիսի 6-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիին։
Հանդիպման նպատակն էր քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման ուղղությունները և հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց կազմակերպության գործունեության համար՝ նշելով, որ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում, կառույցն իրականացնում է արդյունավետ և գնահատելի մարդասիրական աշխատանք։
Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվեց կազմակերպության կողմից Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ դասընթացների, մասնավորապես՝ «Արտակարգ իրավիճակներում աճյունների հետ աշխատանքների իրականացում» թեմայով վերապատրաստումների անցկացման կարևորությունը։
Կարդացեք նաև
Քննարկվեցին նաև «Սահմանամերձ բնակավայրերի կրթական հաստատություններին մոտ տիպային պաշտպանական ապաստարանների կառուցման» և «Հատուկ նշանակության բեռնատարի վերասարքավորման» ծրագրերը։ Վերջինս նախատեսում է բարելավել և խթանել մարդկային մարմինների և աճյունների մասերի արժանապատիվ կառավարումը՝ համաձայն միջազգային ստանդարտների։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կամո Ցուցուլյանին՝ ընդունելության և արդյունավետ փոխգործակցության համար։ Միրիամ Էլ Խոլին անդրադարձ կատարեց նաև փրկարար ծառայության կարողությունների զարգացման և համատեղ իրականացրած այլ ծրագրերին, պատրաստակամություն հայտնեց վերապատրաստման ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նախանշել իրականացվելիք քայլերը․ կողմերը հույս հայտնեցին, որ երկկողմ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի և կընդլայնվի։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն