Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիջանյանի դիմումին ՍԴ-ն պատասխանեց 30 էջանոց որոշմամբ

Հունիս 07,2023 13:30

«Խափանման միջոցի կիրառման գործով» ՍԴ-ն նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման որոշում է կայացրել

Մեր իրականության մեջ հաճախ է պատահում, երբ մինչդատական վարույթում վարույթն իրականացնող մարմինների որոշումների, գործողությունների եւ անգործության հետեւանքով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափությունը դատական կարգով ստուգման կարող է ենթարկվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում։ Իսկ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, իր 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 գործով կայացրած որոշմամբ նշում է, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը չի դիտարկում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա՝ գտնելով, որ այդ խափանման միջոցի կիրառմամբ ինքնին չի սահմանափակվում անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Սահմանադրական դատարան դիմած Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ նման եզրահանգումը հակասում է ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներին:

Սահմանադրական դատարանը մայիսի 30-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ այնքանով, որքանով չի նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Հ. Մամիջանյանը դատարան էր դիմել այս տարվա մարտի 14-ին:

ՍԴ դիմելու շարժառիթը այն քրեական գործն էր, որում ներգրավված էր Հայկ Մամիջանյանը: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ թիվ 15971020 քրեական գործով մեղադրյալ Հ. Մամիջանյանի նկատմամբ կիրառված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել էր, ապա 2021 թվականի սեպտեմբերի 9-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է վերոնշյալ որոշումների դեմ Հ. Մամիջանյանի պաշտպանի բողոքը, որով խնդրել է որոշում կայացնել Հ. Մամիջանյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժվել էր, մերժել էր վերաքննիչ դատարանը, 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ դիմող Հ. Մամիջանյանի ներկայացուցչի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը նույնպես մերժվել էր:

Դիմողի կարծիքով` անձը, որի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին, որը, իր կարծիքով, ապօրինի է, եւ ոչ իրավաչափորեն սահմանափակվում է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, իրավունք ունի դիմելու դատարան՝ խնդրելով պարզել այդ խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը, իսկ դատարանի պարտականությունն է քննել համապատասխան բողոքը եւ այն հիմնավոր համարելու դեպքում որոշում կայացնել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։

Անդրադառնալով մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշումների, գործողությունների եւ անգործության՝ հետաձգված բողոքարկման հնարավորության հարցին՝ դիմողը նշել էր. «Քրեական դատավարության փուլային կառուցվածքն այնպիսին է, որ գործն առհասարակ կարող է չտեղափոխվել դատական քննության փուլ, այլ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ կարճվել, որպիսի պարագայում անձի իրավունքների եւ ազատությունների սահմանափակման դատական վերանայման հարցը կմնա առկախված։ Միեւնույն ժամանակ, եթե անգամ հետաձգված բողոքարկման հնարավորություն առկա լինի, ապա այդպիսի բողոքարկումն արդյունավետ չի կարող համարվել, քանի որ նույնիսկ բողոքի բավարարման դեպքում անձի խախտված իրավունքները եւ ազատությունները չեն կարող վերականգնվել ամբողջ ծավալով այն պատճառով, որ դատարանի որոշմամբ անձի իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացվելու է այդ պահի դրությամբ, այլ ոչ թե այդ որոշման կայացմանը նախորդող տեւական ժամանակահատվածի համար։ Ուստի, դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, մինչդատական վարույթն իրականացնող մարմինների՝ անձի իրավունքները սահմանափակող որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկման նախատեսումը կհանգեցնի անձի դատական պաշտպանության իրավունքի անհամարժեք սահմանափակման»:

Տեղեկացնեմ, որ դիմող Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչները երկուսն էին՝ Ս. Պողոսյանն ու Ա Նավասարդյանը, իսկ գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչը` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանն էր:

Հիշեցնենք, որ 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ նույն թվականի սեպտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից, ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին` բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված (ՀՕ-306-Ն) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Օրենսգրքի 54-54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվել: Օրենսգրքի՝ «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների բողոքարկումը դատարանե վերտառությամբ 290-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է.

«Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների եւ գործողությունների օրինական եւ հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները եւ օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով եւ գործողություններով, եւ եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»: Այսինքն, օրենսգրքի վիճարկվող դրույթը չէր փոփոխվել եւ կամ լրացվել:

Դիմող կողմը, մեջբերելով Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ, հանգել էր հետեւյալին. «Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումն ինքնին հանգեցնում է վերջիններիս ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, իսկ խափանման միջոցի կիրառումից անմիջապես հետո դրանից բխող՝ վարույթն իրականացնող մարմինների պարտադիր կատարման ենթակա գործողությունների արդյունքում գործնականում սահմանափակվում է նաեւ այդ իրավունքի իրականացման փաստացի հնարավորությունը»։

Պատասխանող ԱԺ ներկայացուցչի գրավոր առարկությամբ. «Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացական կիրառումը ինքնին ուղղակիորեն չի հանգեցնում որեւէ իրավունքի խախտման կամ սահմանափակման։ Այն պայմաններում, երբ անձը հնարավորություն ունի յուրաքանչյուր դեպքում թույլտվություն ստանալ եւ ժամանակավորապես սահմանափակման արգելքը վերացնել։ Ազատ տեղաշարժվելու իրավունքը բացարձակ չէ, եւ, հետեւաբար, այն կարող է ենթարկվել նաեւ իրավաչափ սահմանափակումների, որոնք ուղղված են ի շահ պետության անվտանգությանը, հասարակական կարգի պահպանմանը եւ հանցագործությունների կանխմանը, ինչպես նաեւ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան, հակառակ դեպքում կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, ինչպես նաեւ քրեադատավարական գործառույթների տարանջատման եւ դատարանի անկախության սկզբունքները»:

Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրենք հարցը դիտարկել են Սահմանադրության 40-րդ հոդվածով ամրագրված՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման լույսի ներքո, միաժամանակ, կարեւոր էր անձի՝ բողոքարկման իրավունքի չսահմանափակումը: ՍԴ-ն կայացրեց մի որոշում, որը կարող է նմանատիպ գործերի համար լինի վճռորոշ:ՍԴ-ն որոշեց՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան:

Եվ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930