Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանը 30 տարի անց կրկին Փեհլիվանյանին «բերեց» Հայաստան

Հունիս 07,2023 13:00

Հարցազրույց ամերիկաբնակ ճանաչված դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի հետ

– Մաեստրո, ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ այսօր, ձեր ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ մեկնարկեցին մեծանուն Արամ Խաչատրյանի ծննդյան հոբելյանին՝ 120-ամյակին նվիրված միջոցառումները։ Տասնամյակներ անց մեր երաժշտասեր հասարակությանը, էլ չասենք՝ մասնագետներին, մաեստրո Փեհլիվանյանին առանձնահատուկ ներկայացնելու հարկ չկա։ Կուզեինք տասնամյակներ անց անձամբ ձեզնից լսել ձեր բեմական ստեղծագործական կյանքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների մասին կամ՝ ինչպե՞ս դարձաք աշխարհին հայտնի Ջորջ Փեհլիվանյան, ասել է թե՝ դիրիժորների օվկիանոսում ամենահեղինակավոր նվագախմբերի ցանկալի հյուր։

– Դուք հավանաբար ակնկալում եք հակիրճ պատասխան, բայց ինձ համար հեղինակավոր, պակաս հեղինակավոր նվագախմբեր չկան։ Ղեկավարել եմ Լոնդոնի, Իսրայելի, Հռոմի, BBC-ի, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Օտտավայի, Տորոնտոյի, Սիդնեյի, Վանկուվերի սիմֆոնիկ նվագախմբերը, Ռուսաստանում՝ Մարիինյան, Ֆեդոսեեւի անվան, Ազգային նվագախմբերը եւ այլն։ Հասկանալի է, որ բոլորը չեմ կարող թվարկել։

Ջորջ Փեհլիվանյանը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին ֆիլհարմոնիկը ղեկավարելիս (1993թ.)։

– Իհարկե, ձեր ղեկավարությամբ հանդես են եկել համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարներ էլ։

– Այս դեպքում էլ ամբողջ ցանկը չեմ կարող թվել, այնուամենայնիվ բարձրաձայնեմ նրանցից մի քանիսի անունները՝ Վադիմ Ռեպին, Սառա Չանգ, Միշա Մայսկի, Լեոնիդաս Կավակոս, Լինն Հարրելլ, Գիլ Շահամ եւ այլն, եւ այլն։

– Մաեստրո, այս պահին մտաբերեցինք, որ 1990-ականների վերջերին ձեր անունը հոլովվում էր որպես մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի թեկնածու։ Նման բան եղե՞լ է…

– 1990-ականներին նախարարությունից պաշտոնապես ինձ նման առաջարկ չի արվել։

Մաեստրոն՝ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական համերգի գլխավոր փորձին։

– Այս պահին մի բան էլ մտաբերեցինք՝ 1946թ. մերժվել է Ազնավուրների ընտանիքի հայրենադարձվելու խնդրանքը։ Ի՞նչ եք կարծում՝ այսօր աշխարհը կունենա՞ր Շառլ Ազնավուր, եթե մեծանուն շանսոնյեն ապրեր ու կարիերան սկսեր Հայաստանում։ Նույնն էլ ձեր դեպքում է. եթե նշանակվեիք Հայաստանի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար, չենք կարծում, թե աշխարհը կճանաչեր ձեզ։ Պատճառը մեկն է՝ փոքր երկիր ենք։ Աշխարհը ճանաչում է, մեծ հաշվով՝ Խաչատրյան… Բայց, այնուամենայնիվ, կարիերայի ընթացքում դուք զբաղեցրիք ոչ թե մեկ, այլ մի քանի նվագախմբերում գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը…

– Օ՜, ցնցված եմ ձեր դիտարկումից… Այո, պաշտոններ եմ զբաղեցրել Սլովենիայի, Հաագայի, Վիեննայի նվագախմբերում, ղեկավարել եմ Մադրիդի, Փարիզի երաժշտական բարձրագույն հաստատությունների դիրիժորության ամբիոնները, շուրջ 10 տարի առաջ էլ Ֆրանսիայում փառատոն եմ հիմնել՝ Touquet International Music Masters։

– Գիտենք, որ ոչ միայն նվագախմբերի, այլեւ միջազգային հեղինակավոր փառատոների ցանկալի հյուր եք, կառանձնացնե՞ք դրանցից մեկ-երկուսը։

– Նվագախմբեր նշելուց արդեն ասացի, որ եթե ես համաձայնում եմ ղեկավարել, ինձ համար կարեւոր չէ՝ հեղինակավոր է, թե՞… Այնուամենայնիվ, ես բարձրաձայնեմ որոշ փառատոների անուններ, եթե ձեզ համար այդքան կարեւոր է՝ դուք որոշեք՝ հեղինակավո՞ր են, թե՞… Ֆլորենցիայի, Սանկտ Պետերբուրգի, Միլանի, Լինցի, Պարմայի, Ռավեննայի, Մադրիդի, Կաննի, Ռավելլոյի, Սան Սեբաստիանի եւ այլն, եւ այլն։

– Նաեւ հիմնել եք օպերային ակադեմիա։ Մեր դիտարկմամբ էլ՝ դեռեւս ձեզ մոտ չեն ուսանում կամ պատրաստվում, վերապատրաստվում հայաստանցի երիտասարդ երգիչները, որոնք մեկը մյուսի հետեւից հաջողություններ են գրանցում միջազգային մրցույթներում, այդ թվում՝ ամենահեղինակավոր, օրինակ՝ «Operalia»-ում Ջուլիանա Գրիգորյանը։

– Կարելի է մտածել? դուք իմ կենսագիրն եք (ժպտում է- Ս. Դ.)։ Այո, 2020-ին Սլովենիայում հիմնել եմ ակադեմիա, բայց համավարակի պատճառով աշխատանքները դադարեցվեցին, նոր-նոր վերսկսել ենք աշխատանքները։

– 2019թ. դուք Երեւանում էիք, նույնիսկ հանդիպեցիք ՀՀ վարչապետին ու նրա տիկնոջը՝ Յոհան Ադոլֆ Հասէի «Տիգրան Մեծ» օպերայի նախապատրաստական աշխատանքների համար, որոշված էր նաեւ ռեժիսորը՝ ռուսաստանաբնակ Գեորգի Իսահակյան…

– Ճիշտ եք, կոմպոզիտորի այդ օպերան առաջին անգամ պետք է բեմադրվեր Երեւանում, ստեղծվելուց շուրջ 300 տարի անց։ Իհարկե, հիանալի կլիներ, բայց դա բարոկ օպերա է, չգիտեմ՝ գիտեք, թե ոչ, Հայաստանում բարոկ գործիքներ չկան։ Նույնիսկ չգիտեմ՝ մասնագետ կա՞, թե՞ ոչ։ Այսինքն՝ զուտ նախապատրաստական աշխատանքների համար շատ մեծ ժամանակ էր հարկավոր։ Հետոն էլ գիտեք՝ համավարակ, պատերազմ…

– Հիմա ուժի մե՞ջ է «Տիգրան Մեծի» իրականացման գործընթացը։

– Կրկնում եմ՝ շատ կուզեի, նույնիսկ կերազեի, այստեղ Հայաստանի անունն է… Բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել։

– Մաեստրո, այս օրերին հոլովվում է ձեր անունը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնի համար…

– Ի՞նչ եք ասում… Ես ոչինչ չգիտեմ։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930