Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլեվն գրին». երբ ճաշակ են թելադրում երիտասարդները

Հունիս 07,2023 12:30

«Եթե չնվագեմ, պարզապես գոյություն չեմ ունենա»,- ասում է կիթառահար եւ երաժշտական պրոդյուսեր Խորեն Միքայելյանը։ Երիտասարդ երաժիշտն ունի առանձնացող երաժշտական ճաշակ ու հեղինակային երաժշտության անհատական սկզբունքներ։ 2013-ին «Многоликая Гитара» միջազգային մրցույթի «Ռոք կիթառ» անվանակարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Խորենը ճանաչվել է «Yamaha E-Band Competition 2018»-ի լավագույն կիթառահար։ 2019 թվականին «Rock Aid Armenia»-ի 30-ամյակի գալա համերգի ժամանակ երիտասարդ երաժիշտը դարձել է «Iommi Gibson Mediamax Contest» մրցույթի հաղթողը։ Անգլիացի կիթառահար, երգահան, նշանավոր «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիր Թոնի Այոմին Խորենի կատարումը համարեց լավագույնը եւ անձամբ երիտասարդին նվիրեց Gibson SG կիթառ՝ իր մակագրությամբ:

«Fender» եւ «D’Addario» աշխարհահռչակ բռենդերի ներկայացուցիչների հետ 2021 թ. Երեւանում եւ 2022 թ. Թբիլիսիում հիմնել եւ անց է կացրել «Synergy Guitar» միջազգային մրցույթը մինչեւ 25 տարեկան էլեկտրակիթառահարների համար։ Այժմ աշխատանքներ են տարվում, որ մրցույթը կազմակերպվի նաեւ Լեհաստանում։

Խորենն այժմ աշխատում է, որ էլեկտրակիթառի համար փոխադրի Արամ Խաչատրյանի Ռե մինոր ջութակի կոնցերտը։ Մտադիր է այս տարի առաջին անգամ կատարել կոնցերտը։

Խորենը նաեւ վարել է մի շարք երաժշտական փոխանակման ծրագրեր։ Այս տարվա հունիսին իր մշակած ծրագրերով վարելու է փոխանակման ծրագիր Իռլանդիայի Ուորթֆորդ քաղաքում՝ իռլանդացի, իսպանացի, ռումինացի եւ հայ երաժիշտների համար։ Երիտասարդ երաժիշտը հիմնադրել է նաեւ «Իլեվն գրին» դուետը։ Երաժշտությամբ զբաղվելը նրա համար որոշում կամ ընտրություն չի եղել։ Չի հավատում, որ մարդն է կայացնում երաժիշտ դառնալու որոշումը։ Ավելին, համոզված է, որ երաժշտությունն է ընտրում մարդուն, եւ այլեւս մարդու համար այլընտրանք չի մնում։ Երաժշտությունը Խորենի համար կյանքի ուժի պես է, նրա էության մի մասը։

«Իլեվն գրին» դուետը ստեղծվել էր 2019 թվականին. այն ժամանակ խումբը կոչվում էր «Միք Աելյան»։ Առաջին եվրոպական շրջագայությունից հետո հասկացան, որ օտարերկրյա հանդիսատեսի համար շատ բարդ էր այդ անունը հիշել եւ որոշեցին վերանվանվել «Իլեվն գրին». տասնմեկը (Eeleven) Խորենի սիրելի թիվն է, իսկ կանաչը (Green) դուետի վոկալիստ Նարեի սիրելի գույնը։

«Դուետի ոճային եւ ձայնային առանձնահատկությունները պայմանավորված են իմ նախկին գործունեությամբ։ Երկար ժամանակ ստեղծագործել եմ «Նաիրի» խմբում, էթնիկ ռոք եւ մեթալ ժանրերում, այնուհետեւ «Միք Աելիանում», որն արդեն ավելի ֆոլքի տարրերով գործիքային ռոք ֆյուժն նախագիծ էր, սակայն որոշ ժամանակ հետո ինձ սկսեցին հետաքրքրել ավելի ժամանակակից արտահայտչամիջոցներ, եւ սկսեցի փորձարարություններ անել ռոքի եւ էլեկտրոնային հնչողության հետ. համադրում էի ռոքին բնորոշ կիթարային ռիֆերը, սոլոները, էլեկտրոնային բիթերը եւ բասերը, այդ ամենն էլ համադրում էի Նարեի նուրբ վոկալի հետ։ Մեծ համերգների եւ փառատոների ժամանակ մեզ միանում է նաեւ մեր թմբկահար Կորյուն Բոբիկյանը»,- մանրամասնում է Խորեն Միքայելյանը։

Չնայած ապրում եւ ստեղծագործում են Հայաստանում, սակայն դուետի ունկնդիրները հիմնականում օտարերկրացիներ են, եւ նրանց համերգային գործունեությունը ծավալվել է հենց արտերկրում։ Խորենը ուրախանում է այն փաստից, որ նույնիսկ հայաստանյան համերգներին ներկա գտնվողների մեծ մասը օտարերկրացիներ են։ «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ մեր երգերի մեծ մասն անգլերեն է։ Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում զգում ենք, որ հայրենիքում մեզ լսողների թիվը զգալիորեն աճել է, ինչը մեզ եւ՛ ուրախացնում է, եւ՛ պարտավորեցնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Մեր հարցին, թե երաժշտական ճաշակ ձեւավորելու համար որո՞նք են առաջնահերթությունները, երիտասարդ երաժիշտը պատասխանեց. «Երաժշտական ճաշակը ձեւավորվում է անհատի կյանքի փորձի եւ ապրելակերպի շնորհիվ։ Կարծում եմ, որ այն կարելի է զարգացնել ինքնակրթվելով, ճանապարհորդելով եւ տարբեր երկրների մշակույթներին առնչվելով։ Երաժշտության ֆենոմեններից մեկն այն է, որ յուրաքանչյուր մարդ գտնում է իր հոգուն եւ ճաշակին հարազատ երաժշտություն։ Այս պարագայում ոչինչ ստիպողաբար չի կարող լինել»,- համոզված է Խորենը։

«Իլեվն գրին» դուետի առաջին ձայնասկավառակն արդեն իրականություն է։ Խորենն ասում է, որ շատ են աշխատել ալբոմը կազմելիս։ Ալբոմում տեղ են գտել միայն դուետի անգլալեզու երգերը։

«Բարդություններից մեկն այն էր, որ մեր երաժշտությունը միշտ զարգանում է, քայլ առ քայլ առաջ է գնում, եւ երբ հետ ենք նայում, լսում ենք հին երգերը՝ տարբերությունը բավականին մեծ է։ Մեր հնչյունային մասնագետ Սերժ Մելքոնյանի հետ շատ մեծ աշխատանք արեցինք ընտրված բոլոր երգերը բարձր մակարդակով մատուցելու համար։ Ուրախ ենք, որ մեր ունկնդիրը դա բարձր գնահատեց,- ասում է Խորենը, ապա հավելում,- Չնայած նրան, որ այսօր արտիստները գերադասում են սինգլներ թողարկել եւ հազվադեպ են ալբոմ թողարկում, մենք այնուամենայնիվ որոշեցինք թողարկել ալբոմ նախ եւ առաջ ինքներս մեզ համար, որպեսզի ավարտին հասցնենք մեր նախորդ արած աշխատանքները եւ թարմ ուժերով անցնենք առաջ, լծվենք նոր գաղափարների, գրենք ու կատարենք նոր երգեր»,- նշեց Խորեն Միքայելյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930