Լրահոս
Օրվա լրահոսը

Միջանցք, երկաթուղի, ճանապարհներ. Անորոշությունը պահպանվում է

Հունիս 07,2023 12:00

Մոսկվայի հովանու ներքո ձեռքբերված պայմանավորվածությունները քայլ առ քայլ իրագործվում են

Բանակցությունները շատ ինտենսիվ են գնում, եւ եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր, Հանրայինի եթերում օրերս հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մեր տրամադրվածությունն է՝ գտնենք լուծումներ, այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգն ու ունենանք խաղաղության համաձայնագիր», հավելել է նա։ Ըստ նրա՝ ապաշրջափակման մասով կարեւոր բան կա, որը հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար. «Սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացնելու են միայն հայկական ծառայությունները»։

Պաշտոնական Երեւանը օրերս կառուցողական որակեց Մոսկվայում հունիսի 2-ին կայացած Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի աշխատանքային խմբի 12-րդ նիստը։ Ըստ ՀՀ կառավարության՝ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման եւ կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: Կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Նման հայտարարություն տարածեց նաեւ ռուսական կողմը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը վեճի բռնվեցին։ Փաշինյանն արձագանքեց նիստին հրավիրված Ալիեւի ելույթին, որի ընթացքում նա օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Փաշինյանը, ընդհատելով Ռուսաստանի նախագահին, ասաց. «Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին ծառայում է որպես խորագիր Հայաստանին տարածքային նկրտումներ ներկայացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ դա արվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի շրջանակում։ Ընդգծեմ, որ այդ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից անօրինական շրջափակման մեջ է։ Մյուս կողմից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերը, որոնք անցնում են Հայաստանի տարածքով։ Դա մենք անվանում ենք հայկական խաչմերուկ, եւ մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության եւ օրենքների համաձայն»։

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, արձագանքեց Փաշինյանին. «Ես, իհարկե, չեմ ուզում բանավեճ սկսել, բայց քանի որ մեզ ուղղված մեղադրանք հնչեց, թե մենք տարածքային նկրտումներ ունենք Հայաստանի նկատմամբ, ցանկանում եմ նշել, որ նման նկրտումներ մենք չունենք, պետք է շատ վառ երեւակայություն ունենալ իմ խոսքերում նման բան նկատելու համար։ Ինչ վերաբերում է միջանցք բառին, այդ բառը ես «Հյուսիս-Հարավ», ինչպես նաեւ «Արեւելք-Արեւմուտք» միջանցքի մասին էլ օգտագործում եմ, դա միջազգային տերմին է։ Կարծում եմ՝ մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, չէին տա այդ բառին այն իմաստը, որ տալիս է Հայաստանի վարչապետը»։ Փաշինյանն էլ, նշելով, որ Լաչինի միջանցքը բաց չէ, կարեւորել էր, որ միջազգային առաքելություն ուղարկվի եւ՛ Լաչինի միջանցք, եւ՛ Լեռնային Ղարաբաղ, որտեղ անցած դեկտեմբերից հումանիտար ճգնաժամ է։ Ալիեւն էլ հավելել էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչը հնարավոր է դարձրել «դուրս գալ խաղաղության համաձայնագրի»։ Նա նշել է, որ Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բանավեճն, ի վերջո, ամփոփեց ՌԴ նախագահը, նկատելով, որ կարեւորը սկզբունքային հարցում՝ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում համաձայնություն կա, իսկ մյուս մանրամասները կշարունակեն քննարկել եռակողմ հանդիպմանը։

ՀՀ, Ադրբեջանի, ՌԴ փոխվարչապետերի հանդիպումից առաջ, նկատենք, որ «Ազատության» հարցին ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, թե Մոսկվայում փոխվարչապետերի հանդիպմանը Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարց, եթե կասկածի տակ առնվի Հայաստանի ինքնիշխանությունը ճանապարհի նկատմամբ։ «Դա կարմիր գիծ է, չի քննարկվելու նման հարց: Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվեր եռակողմ հանդիպում եւ նորից այդ հարցը կբարձրացվեր, որովհետեւ առնվազն դա անիմաստ է, որովհետեւ մենք չենք քննարկի նման հարց», – ընդգծել էր նա:

Վերջինիս խոսքից կարելի էր ենթադրել, որ ապաշրջափակման բանակցություններում չկա կոնսենսուս, որ ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո: «Շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է, բայց շատ դեպքերում էլ ընդգծվել է «միջանցք», կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից, եւ մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է: Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց», – ասել էր Մհեր Գրիգորյանը:

Սակայն օրերս Հանրայինի եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդումից, թե` սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, ասել է թե`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացնելու են միայն հայկական ծառայությունները, կարելի է բխեցնել, որ պաշտոնական Երեւանն, այնուամենայնիվ, շարունակում է դիրքորոշումը պահպանել:

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ապաշրջափակումը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային բոլոր կապերին, սակայն ինչո՞ւ է վերջին շրջանում շեշտվում հատկապես Ադրբեջանն իր էքսկլավին՝ Նախիջեւանին կապող երկաթուղու վերագործարկման հնարավորությունը։ Ո՞րն է խնդիրը, որ ավտոճանապարհների ապաշրջափակման մասին խոսք չկա։ Մհեր Գրիգորյանն այս առիթով նշել էր, թե երկաթուղին ավելի արդյունավետ է. «Այն հանգամանքը, որ մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց կամրապնդեն եւ կամրացնեն, այդ տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում»:

Իսկ ի՞նչ ժամկետներում կարող է երկաթուղին գործարկվել, հայկական կողմում դեռ շինարարություն չի սկսվել. «Տեւողությունը կարող լինել մոտ 2-3 տարի, այսինքն վերականգնումը: Ո՞նց կընթանան բանակցությունները եւ ի՞նչ ժամկետներում կհաջողվի կոնսենսուս ունենալ, որպեսզի վերջնականապես ամրագրենք, որ խոսքը վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք լինելու են ՀՀ իրավազորության ներքո եւ լինելու են ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածքներ, այդ պահից սկսած, կարծում եմ, մնացյալ բոլոր քննարկումները տեխնիկական բնույթի են»:

Սահմանազատման հայկական ու ադրբեջանական հանձնաժողովները, հիշեցնենք, որ վերջին անգամ հանդիպել են յոթ ամիս առաջ՝ անցած նոյեմբերին։

Ռուսական կողմը գոհ է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումից, որը կայացավ հունիսի 2-ին Մոսկվայում: Հանդիպումից 2 օր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ հանդիպումը տեղի կունենա «ամենամոտ ժամանակներում»: «Այսօր մենք շատ խիստ մոտեցանք խոսելու այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի հետ: Ընդ որում, դրանով նաեւ Հայաստանն է ստանում հնարավորություն՝ ապաշրջափակել տեղաշարժը Նախիջեւանով, Ադրբեջանով դեպի ՌԴ, ԵԱՏՄ այլ երկրներ,- ասել է նա` հավելելով. «Որոշումները, որոնք պատրաստում ենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, մեծ նշանակություն ունեն ամբողջ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման եւ ՀՀ ապաշրջափակման գործում»:

Օվերչուկն ասել է, որ այն հարցերը, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպմանը, «իսկապես, վերաբերում են տեխնիկական դետալներին՝ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու բնույթի հետ»: «Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կիրականացվի անձնագրային ստուգում, մաքսային հսկողություն եւ հսկողության այլ տեսակներ, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին»,- ասել է Օվերչուկը: «Կողմերն այսօր շատ մոտ են նրան, որպեսզի ասենք, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ»,–ասել էր նա: Միաժամանակ Օվերչուկը նշել է, որ Հայաստանն իր հերթին հնարավորություն է ստանում ապաշրջափակել հաղորդակցություններն ու Նախիջեւանով, Սյունիքով, Ադրբեջանով շարժվել դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ, հնարավոր է նաեւ Իրան մեկնել։

Նկատենք, որ բոլոր այս պայմանավորվածությունների հիմքերը դրվեցին երկուսուկես տարի առաջ: 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Գրեթե 4 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։ Եռակողմ այդ նոր հայտարարության մեջ արձանագրվեց, որ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։

Հավելենք նաեւ, որ միջազգային հեղինակավոր լրատվականները հունիսի 2-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի բանակցություններից հետո հաղորդեցին, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց է գրանցել, նրանք մեջբերում էին Օվերչուկի արձանագրած` «զգալի առաջընթացի» վերաբերյալ հայտարարությունները:

Այսպիսով, կողմերը համաձայնությունների են եկել երկաթուղային հաղորդակցությունների վերականգման եւ կազմակերպման ուղղությամբ: Իսկ ճանապարհնե՞րը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ «զգալի առաջընթացի» հիմքով երկաթգիծը կգործարկվի, իսկ ճանապարհների մասին պայմանագիրը կստորագրվի, օրինակ, ավելի ուշ։ Հաջորդը` ճանապարհների վերահսկողության խնդիրն է, որն ուղղակիորեն ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության հետ է կապված:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930