Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «ժողովրդին փրկել ինքն իրենից»

Հունիս 07,2023 14:00

Մերիտոկրատիայի նախագծերը՝ որպես լուծման տարբերակ

1864 թվականին իր եւ Օգարյովի հիմնած «Կոլոկոլ» թերթի 7-ամյակի առթիվ ռուս հեղափոխական Գերցենը գրում էր. «Նոր Ռուսաստանին մեծ գործ է բաժին հասնում՝ զարգացնել ժողովրդի կյանքը… հասուն մտքով եւ օտար փորձով: Այն (Նոր Ռուսաստանը – Ա.Ա.) պետք է փրկի ժողովրդին կայսրական ինքնակալությունից եւ ինքն իրենից»՝ «спасти русский народ от императорского самовластия и от него самого»: Ուշադրություն են գրավում, իհարկե, վերջին երկու բառերը: Փրկել ժողովրդին ինքն իրենի՞ց: Ինչպե՞ս: Կամ ավելի էական հարց՝ հանուն ինչի՞, եթե նա՝ ինքը չի ցանկանում փրկվել:

Դուք ժողովրդավա՞ր եք, դուք ուզո՞ւմ եք, որ ժողովուրդն ինքն ընտրի իր ճակատագիրը, իր ապագան: Եթե ուզում եք, ապա պետք է պատրաստ լինեք, որ նա կընտրի այն ապագան, որը, նրա կարծիքով, կա, բայց իրականում՝ չկա: Դա միայն դրոշի վրա է գեղեցիկ երեւում՝ ազատություն եւ հավասարություն: Իրականում դրանք իրար որոշ չափով հակասող բաներ են: Առաջինը դա նկատեցին, բնականաբար, տնտեսագետները: Դեռեւս 100 տարի առաջ անգլիացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը նկատել էր, որ ազատությունը, հավասարությունը եւ արդյունավետությունը հնարավոր չէ միաժամանակ նույն չափով զարգացնել՝ մշտապես մնացած երկուսը պետք է զոհաբերես, երբ ինչ-որ մեկն ես ընտրում: Ազատության եւ հավասարության միջեւ մշտական լարում է առաջում նաեւ քաղաքականության մեջ: Ի՞նչ անել, եթե բոլորն օժտված են հավասար իրավունքներով եւ ընտրում են անազատությունը, ստրկությունը, կործանումը: Արժե՞ արդյոք փրկել ժողովրդին ինքն իրենից:

Մասնակի լուծումը, որը փոքր-ինչ մեղմացնում է այդ լարումը, մերիտոկրատիան է՝ ազնվապետությունը: Ո՞ր դեպքերում է այն հնարավոր: Այս հարցին կարելի է մոտենալ հակառակ կողմից: Կան գործոններ, որոնք բացասաբար են ազդում նման համակարգ ստեղծելու վրա, եւ տարբեր երկրներում թույլ կամ ուժեղ են արտահայտված: Այդ բացասական գործոններն են. 1/ կոռուպցիան, 2/ կազմակերպված հանցավորությունը, 3/ էգալիտար, այսինքն՝ հավասարապաշտական նախապաշարումները: Առաջին երկուսի բացասական ազդեցությունը պարզ է՝ կոռուպցիան խաթարում է այն «սոցիալական վերելակները», որոնք կարող են հայտնաբերել կառավարմանն արժանի վերնախավը: Կազմակերպված հանցավորությունը, երբ, ասենք, պետական կան մասնավոր ռեկետով զբաղվողները բռնությամբ կամ վարչական լծակներով բաժին են ստանում բիզնեսից, խանգարում է գործարար էլիտայի ձեւավորմանը:

Երրորդ գործոնն ավելի բարդ է. ժողովրդավարական պետություններում ղեկավարում են ոչ թե նրանք, ովքեր ունեն իրազեկության (կոմպետենցիայի) ամենաբարձր մակարդակը, այլ նրանք, ում իշխանության ղեկին է ուզում տեսնել քաղաքացիների մեծամասնությունը, ովքեր, ավելի պարզ ասած՝ դուր են գալիս ժողովրդին: Առանձին ինստիտուտների մակարդակով նման իրավիճակի անընդունելիությունն ակնհայտ է, եւ դրա հետ ոչ ոք չի վիճում: Հիվանդանոցի անձնակազմը չի քվեարկում, թե ով պիտի վիրահատի հիվանդին: Կամ՝ երեխաներն ու նրանց ծնողները չեն ընտրում այն ուսուցչին, որն ամենալավ վարագույրները կկախի դասարանում: Նվագախմբում երաժիշտները չեն պայքարում, որ իրենց մոտ գրված պաուզայի փոխարեն ինչ-որ բան նվագեն: Պետական մակարդակով այդպիսի գիտակցություն ձեւավորելը հանդիպում է որոշակի արգելքների, նաեւ՝ աշխարհայացքային:

Պարզ է, որ, ասենք, Ռուսաստանում հնարավոր չէ մերիտոկրատական հասարակարգ ձեւավորել, որովհետեւ այնտեղ զարգացած են առաջին երկու գործոնները՝ կոռուպցիան եւ կազմակերպված հանցավորությունը, եւ այդ պատճառով է, որ ժողովրդին «ինքն իրենից» փրկելու բոլոր փորձերն ի սկզբանե ձախողված են: Մյուս կողմից, Արեւմուտքի պետություններն այդպիսիք չեն, որովհետեւ դրանք կառուցված են Լուսավորության, Մոդեռնի՝ այդ թվում «էգալիտար» գաղափարների վրա, որոնք տարածված էին Եվրոպայում դեռեւս 18-րդ դարից եւ հիմք են ծառայել, մասնավորապես, ԱՄՆ Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության համար: Այդ երկրները մտադիր չեն հրաժարվելու «էգալիտիզմից», բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրանց ազնվապետական կառավարում պետք էլ չի՝այնտեղ դարերի ընթացքում աշխատում են էլիտա ձեւավորելու, այն է՝ ժողովրդին «ինքն իրենից փրկելու» որոշակի՝ «ոչ-մերիտոկրատական» մեխանիզմներ: Այլ հարց է, որ դրանք երբեմն արդյունավետ չեն գործում:

Սակայն նման ավանդույթներ չունեցող երկրներում՝ Հոնկոնգում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Նոր Զելանդիայում թերեւս մերիտոկրատիայի անհրաժեշտություն կա: Այդ համակարգն ամեն մի երկրում ունի իր առանձնահատկությունները, բայց ընդհանուրն այն է, որ այդ պետություններում հասկանում են՝ 18-րդ դարից եկող արեւմտյան «էգալիտիզմին» պետք է մոտենալ առնվազն «ստեղծագործաբար»:

Հետխորհրդային տարածքում նույնպես արժե մտածել ազնվապետական նախագծերի մասին, մի կողմից՝ չհրաժարվելով ընդհանուր ժողովրդավարական սկզբունքներից, մյուս կողմից՝ չդարձնելով այդ սկզբունքներն ինչ-որ դոգմա, որի իրագործումը խոչընդոտում է քաղաքականության, տնտեսության արդյունավետությանը, անվտանգությանը, վտանգում է պետության ապագան: Այլ կերպ ասած՝ այստեղ պետք է անցնել «վերեւների» կամայականությունների եւ ամբոխավարության Սկիլլայի ու Քարիբդայի միջեւ: Այսինքն՝ սխալ է, երբ որեւէ մեկն ասում է՝ «Մենք կստիպենք ձեզ երջանիկ լինել»: Նույնքան սխալ է, երբ ասվում է՝ «դե, ինչ արած՝ ժողովուրդն է որոշել այս……-ի մեջ ընկնել»: Ոսկե միջինը գտնելը դժվար է, բայց այն ամեն մի կոնկրետ երկրում ու ամենի մի կոնկրետ ժամանակաշրջանում գոյություն ունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930