Կոնտակտային ոսպնյակները բավականին հեշտացնում են կյանքը, սակայն դրանց անվտանգ օգտագործումը որոշակի ջանքեր է պահանջում, և դրանք ժամանակին ու պատշաճ չմաքրելը, ոսպնյակներով լողավազան մտնելը կամ դրանցով քնելը կարող է տհաճ խնդիրներ առաջացնել։
Կոնտակտային ոսպնյակներ կրելիս խնդիրներ նկատելուն պես դիմեք ակնաբույժին, քանի որ որքան վաղ դիմեք, այնքան ավելի հեշտ կլինի ավելի լուրջ հետևանքներից խուսափելը։
Ախտանշաններ, որոնք ուշադրություն են պահանջում
Աչքերի հետ կապված շատ խնդիրներ՝ աչքերի աննշան չորությունից մինչև լուրջ ինֆեկցիաները կարող են ունենալ նմանատիպ ախտանշաններ։ Ուստի եղեք ուշադիր և դիմեք ակնաբույժին, եթե ունեք՝
- մշուշոտ տեսողություն,
- այրոց, թրթռոց, քոր, ծակծկոց և ցավ աչքերում,
- արտադրություն աչքերից,
- աչքերում ավազի զգացողություն,
- լուսավախություն,
- սովորականից ավելի առատ արցունքարտադրություն,
- արքերի կարմրություն։
Խնդիրներ, որոնք կարող են առաջանալ կոնտակտային ոսպնյակների պատճառով
Կարդացեք նաև
Ինֆեկցիաներ․ կոնտակտային ոսպնյակների հետ կապված աչքերի ինֆեկցիաների մեծամասնության հարուցիչները բակտերիաներն են, սակայն կարող են լինել նաև այլ միկրոօրգանիզմները։
Ինֆեկցիան կարող է հանգեցնել աչքի արտաքին մակերեսի՝ եղջերաթաղանթի այտուցի և բորբոքման, որը չբուժելու դեպքում կարող են խորը վերքեր առաջանալ աչքի վրա՝ հանգեցնելով տեսողության կորստի։ Սովորաբար այս դեպքում բժիշկը հակաբիոտիկներ ներառող աչքի կաթիլներ է նշանակում։ Որոշ դեպքերում, եթե ինֆեկցիայի հարուցիչն, օրինակ, սնկերն են, բուժումն ավելի դժվարին կարող է լինել՝ պահանջելով մի քանի ամիսներ, երբեմն անգամ՝ վիրահատական միջամտություն։
Հիպոքսիա․ եղջերաթաղանթը թթվածնի մեծ մասն անմիջապես օդից է ստանում: Իսկ հենց եղջերաթաղանթի վրա գտնվող ոսպնյակը կարող է արգելափակել անհրաժեշտ քանակությամբ թթվածին ստանալու հնարավորությունը՝ հարուցելով թթվածնաքաղց (հիպոքսիա): Այդ դեպքում եղջերաթաղանթը կարող է այտուցվել՝ մեծացնելով ավելի լուրջ խնդիրների վտանգը, ինչպիսին տեսողության մթագնումն է։ Թթվածնաքաղցը հաճախ է հանդիպում այն մարդկանց շրջանում, որոնք շատ երկար ժամանակով են ոսպնյակներն օգտագործում և անգամ քնում են դրանցով։ Այս դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ ընտրել այնպիսի ոսպնյակներ, որոնք ավելի լավ թափանցելիություն ունեն, ինչպես նաև կարող է նշանակել ստերոիդային դեղամիջոց՝ այտուցը վերացնելու և եղջերաթաղանթի վիճակը բարելավելու համար։
Կոնյուկտիվիտ (շաղկապենաբորբ)․ այս խնդիրը նույնպես աչքերի բորբոքում, այտուց ու կարմրություն է առաջացնում։ Ոսպնյակների պատճառով առաջացած կոնյուկտիվիտը յուրատեսակ ալերգիկ ռեակցիա է, երբ օրգանիզմը փորձում է պայքարել մի բանի դեմ, որն անսովոր է իր համար։ Թեթև ախտանշանները երբեմն բուժում չեն էլ պահանջում և անցնում են իրենք իրենց, սակայն ավելի լուրջ դեպքերում բժիշկը կարող է նշանակել տեղային հակաբորբոքային միջոցներ, և գուցե պացիենտը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել ոսպնյակների օգտագործումը։
Աչքերի չորություն․ ամեն անգամ թարթելիս արցունքները հոսում են եղջերաթաղանթի վրայով՝ խոնավացնելով աչքերը։ Այդ պարզ գործողությունը մաքրում և պաշտպանում է աչքերը տարատեսակ վարակներից։ Արցունքի անբավարարությունը աչքերի չորություն ու գրգռվածություն է առաջացնում, և այդ հարցում կարող է իր դերն ունենալ կոնտակտային ոսպնյակների երկարամյա կրումը։
Այս դեպքում օգնում են առանց դեղատոմսի վաճառվող արհեստական արցունքները, որոնք ընտրելիս ցանկալի է նախապատվությունը տալ այն տարբերակներին, որոնք զերծ են կոնսերվանտներից, քանի որ դրանք էլ իրենց հերթին կարող են գրգռել աչքերը։ Եթե օգտագործում եք արհեստական արցունքներ անմիջապես ոսպնյակների վրա, ապա համոզվեք, որ ձեր կողմից ընտրված տարբերակն անվնաս է կոնտակտային ոսպնյակների համար։
Քերծված եղջերաթաղանթ․ կոնտակտային ոսպնյակների պատճառով եղջերաթաղանթը կարող է քերծվել մի քանի եղանակով․ կամ դրանք հանելիս մատների անզգույշ շարժման հետևանքով, կամ էլ հենց ոսպնյակների կողմից, եթե դրանք լավ չմաքրվեն։
Անհրաժեշտ է անմիջապես հանել ոսպնյակն ու դիմել ակնաբույժին, եթե աչքերում ցավ կամ ավազի զգացողություն եք ունենում, եթե աչքերը կարմրել են ու արցունքահոսում են։ Մեծամասամբ քերծված եղջերաթաղանթը մի քանի օրում ապաքինվում է, սակայն չբուժելու դեպքում կա վարակի հավանականություն։
Ալերգիկ ռեակցիա․ կոնտակտային ոսպնյակներ կրող անձը կարող է ալերգիկ ռեակցիաներ ունենալ մաքրող լուծույթի կամ ոսնյակների նկատմամբ։
- Կոնտակտային ոսպնյակներ գնելիս նախևառաջ հետևեք բժշկի խորհուրդներին՝ ընտրելով այն տարբերակը, որն ավելի նպատակահարմար է ձեր խնդրի դեպքում․ որոշ դեպքերում հնարավոր է ստիպված լինեք փորձել մի քանի տեսակներ մինչ ձեզ համար ավելի հարմարը գտնելը։
- Լավ հոգ տարեք ոսպնյակների համար․ դրանց դիպչելուց առաջ նախ օճառով պետք է լվանալ ձեռքերն ու լավ չորացնել դրանք։
- Խստորեն պահպանեք մաքրման ու ախտահանման կանոնները։
- Ոսպնյակների պատյանը փոխեք 3 ամիսը մեկ։
- Քնելիս, լողալիս և ցնցուղ ընդունելիս հանեք ոսպնյակները։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ