Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք այստեղ սիրահարվել են, ոմանք՝ ամուսնացել, եղել են մարդիկ, որոնք այստեղ ապրել են, օրինակ, ես». «Կուկուռուզնիկը» կրկին միավորել է նախկին ու ներկա երիտասարդներին (Ֆոտոշարք)

Հունիս 06,2023 22:50

Այսօր Երիտասարդական պալատի վերականգնման նախագծի շնորհանդեսն էր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արթուր Թարխանյան կենտրոնն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով մեկնարկեց Երեւանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը:

Այդ օրը հայտարարվեց, որ համագործակցության արդյունքում Երեւանի դեմքը ներկայացնող կարեւոր շենքերի վերականգնման նախագծեր են մշակվելու եւ ներկայացվելու են մասնագիտական հանրային քննարկման:

Եվ ահա այսօր երեւանցիների սիրելի «Կուկուռուզնիկի» վերականգնման ծրագիրը միավորել էր հարյուրավոր մարդկանց Բաղրամյան 6 հասցեում՝ քննարկելու ապագա շենքի հնարավորությունները, պատմելու նախկին Երիտասարդության պալատի հետ կապված քաղցր հիշողությունները եւ երազելու այն օրվա մասին, երբ կրկին Երեւանի սրտում վեր կխոյանա «կրծած կուկուռուզի» հայտնի շենքը՝ նորովի:

«Այսօր շատ կարեւոր օր է բոլորիս համար, «Կուկուռուզնիկը» վերադառնում է Երեւան եւ մենք սպասում ենք՝ ինչպես հարկ առ հարկ բոլորիս աչքի առաջ կկառուցվի Երիտասարդության պալատը: Այն Երեւանի խորհրդանիշ կոթող էր՝ լակոնիկ մոնումենտալ ձեւերով: Ինքը բերում էր մի գաղափար քաղաքին՝ ապագա երիտասարդ, անկախ եւ ազատ Հայաստանին եւ այնքան ցավալի է, որ անկախ Հայաստանը սկսեց առաջինը քանդումը Երիտասարդության պալատից»,- ասաց «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ նախագահ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Նա ողջունեց միջոցառմանը ներկա Գրիգոր Ազիզյանին, որը մասնակցել էր «Երիտասարդության պալատի» կոնստրուկտիվ աշխատանքներին՝ ասելով. «Ձեր ձեռքը կպել է եւ ես հույս ունեմ, որ վերականգնումը նույնպես դուք կիրականացնեք»: Նա ողջունեց նաեւ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանին. «Ինքն է հեղինակը բոլորիս կողմից սիրված Ադամի եւ Եվայի քանդակի: Պարոն Մազմանյան, պետք է մեզ վերադարձնեք քանդակը նորից, սպասում ենք:

Երիտասարդության պալատը պիտի վերակառուցվի իր գաղափարների ներքո, որը դրվել էր ժամանակին: Պետք է վերականգնվի այն տարածքը, որից զրկվել են երիտասարդները: Դա մի միջավայր էր, որտեղ կարողանում էին փոխանակել մտքերը, այսօր պալատը դառնալու է համահայկական երիտասարդության կենտրոն բոլորի համար՝ սփյուռքում ապրող երիտասարդների համար նաեւ, կարողանալու են միավորվել, փոխանակել գաղափարներ, կապվել աշխարհի հայտնի մարդկանց՝ գիտնականների հետ եւ առաջ տանել մեր գիտական միտքը: Երիտասարդութան պալատը ստեղծվեց երիտասարդների անդամավճարներով, կոպեկներով հավաքելով: Այսօր շատ ներդրողներ կան, որոնք գալիս են, ասում են՝ մենք գումար կներդնենք, թող վերակառուցվի միայն: Ո՛չ, պիտի լինի ժողովրդինը, դրա համար ստեղծվեց ԲԲԸ, ամեն մեկը ինչքան կարող է, թող տա, 500 դրամ թեկուզ: Երեւանցիների խորհրդի միջոցով այն պիտի կառավարվի ու պետք է վերադարձնի սիրված Կուկուռուզնիկը»:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ նշեց. «Վերջին տարիներին մենք լավ լուրեր քիչ ենք ստանում, բայց ես լավ լուր ունեմ՝ մեր սիրելի «Երիտասարդության պալատը» վերադառնում է Երեւան: Ասել է, թե երեւանցիներին վերադարձվում է իրենց լավագույն նվիրական հուշերը: Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր այստեղ լողի են գնացել, եղել են մարդիկ, ովքեր առաջին անգամ ռոք են լսել այստեղ: Եղել են մարդիկ, ովքեր այստեղ ապրել են, ինչպես օրինակ ես:

Այո՛, «Երիտասարդության պալատը» սիրել են շատ շատերը, որոշները չեն սիրել, բայց որեւէ մեկի այս կառույցը անտարբեր չի թողել: Ես ցավում եմ, որ չսիրողներից որոշներն ունեցել են նաեւ իշխանություն եւ կայացրել են որոշումներ, որ չես կարող չափել, թե այդ ինչքան պիտի չսիրես երեւանցիներին ու Երեւանը, որպեսզի հայ մտքի, հայ ճարտարապետության այս փառահեղ կոթողը երեւանցիների աչքի առջեւ վերացնես, կոտրես ողնաշարը երեւանցիների: Բայց մենք կարող ենք ուղղել այդ սխալները»:

Նա վստահեցրեց, որ ամենայն պատասխանատվությամբ լծվելու են Կուկուռուզնիկի վերականգնմանը, նոր շունչ հաղորդելուն եւ երեւանյան ամենահայտնի խորհրդանիշը այն նորից դարձնելու ոչ միայն հիշողություններում, այլ՝ իրական կյանքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930