Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեդիայի թագավորության Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել Շվեդիայի թագավորությանն ու ժողովրդին:
Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ և հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձեզ, Ձեր երկրին, ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Շվեդիան ցուցաբերում է Հայաստանի Հանրապետությանը, որն ուղղված է մեր երկրում և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և, իհարկե, մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ապահովմանը»:
Դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար և նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել նախագահի նստավայրում:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին:
Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի պատմության և բովանդակության վերաբերյալ:
Դեսպան Սվենսոնն իր խոսքում շեշտել է, որ Շվեդիան աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը:
Երկուստեք ընդգծվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Շվեդիայի սերտ համագործակցության խթանման կարևորությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ