2021 թվականից հետո կառուցված ինքնակամ շինությունները ենթակա չեն օրինականացման, ենթակա են քանդման։ Այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը։ «Եվս մեկ անգամ ուզում եմ այդ մասին հիմա հայտնել, որ այստեղ կար հստակ ժամկետ ու կարմիր գիծ, դա 2022 թվականի հունվարի 31-ն էր։ 2021 թվականի հունվարի 31-ից հետո կառուցված որեւէ ինքնակամ շինության սեփականատեր ու շահառու չի կարող դիմել համայնքին, որպեսզի մենք օրինականացնենք այդ շինությունը։ Նման շինությունները ենթակա են քանդման։ Մեր համաքաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ ենք անում, որ նման արարքներ չանեն, այդ արարքները մեր կողմից լինելու են պատժելի»,- ասաց Լեւոն Հովհաննիսյանը։
«Իրականում ինքնակամ շինությունները լավ բան չեն եւ լինում են երկու տեսակի։ Մեկը դա այն է, երբ մարդն իր սեփական հողի վրա առանց քաղաքապետարանին տեղեկացնելու, դիմելու որոշակի աշխատանքներ է իրականացնում, եւ հիմա դիմում է, որպեսզի օրինականացնի։ Երկրորդը, երբ որեւէ քաղաքացի հենց համայնքի հող է զավթել եւ որեւէ շինություն է կանգնեցնում։ Մենք ավելի խիստ ենք ֆիլտրում այն դիմումները, որոնք հենց համայնքային հողի վրա են արվել»,- նշեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ եթե մարդն իր սեփական հողի վրա է ինքնակամ շինություն կառուցել եւ որեւէ քաղաքաշինական նորմեր չի խախտել, ապա համապատասխան քայլերն անցնելուց հետո քաղաքային իշխանությունը խոչընդոտներ չի ստեղծում։ «Ինչ վերաբերում է համայնքային հողին, ֆիլտրման աշխատանքներն այլ են, մենք պետք է հասկանանք, որ այդ հողատարածքը քաղաքի համար այլ հետաքրքրություն, նոր ճանապարհ, նոր ենթակառուցվածքներ չի ներկայացնում։ Եվ այդտեղ նույնպես կա համապատասխան քայլերի հերթականություն, եւ համայնքային հողի վրայի ինքնակամ կառույցները օրինականացվում են։ Ունենք մեծածավալ դիմումներ, որովհետեւ երբ օրենքն ընդունվեց, կար ժամկետ, եթե չեմ սխալվում` երկարացվեց մինչեւ 2022 թվականի հունիսի 31-ը: Դիմումների քանակը 10 հազար եւ ավելի էր։ Մենք ստիպված առանձին բաժին ստեղծեցինք, որը միայն զբաղվում է ինքնակամ կառույցների հարցով։ Այս պահի դրությամբ մենք ունենք մոտ 5000 ժամկետանց դիմում, այսինքն՝ մենք դեռ չենք պատասխանել քաղաքացիներին։ Արդեն 3000-ի մասով քաղաքացիները ստացել են իրենց պատասխանները, մնացել է մոտ 2000։ Մենք նաեւ ունենք հանրային ձեւով հնչեցված ժամկետ, դա օգոստոսի մեկն է, եւ մենք մեր համաքաղաքացիներին խոստացել ենք, որ օգոստոսի 1-ի դրությամբ որեւէ քաղաքացի չի լինելու, ով չի ստացել դրական կամ բացասական պատասխան»,- ասաց նա։
Ըստ նրա՝ հնարավոր է օրենսդրական փոփոխություններ արվեն, որպեսզի պատժի չափը խստացվի։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ