Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան

Հունիս 06,2023 15:20

«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալանավորեցին միայն ու միայն հանրային հրապարակումների պատճառով, իսկ միջադեպի պահին նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Aravot.am-ի հետ զրուցում ասաց Ղայթմազյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը:

Մեր հարցին՝ սթափության վիճակը ստուգելու զննություն անցե՞լ է Ղայթմազյանը, պաշտպանն ասաց՝ ոչ, պարզապես նա պնդում է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: «Ինքը չի ասել, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել»,- ասաց պաշտպանը:

Վրեժ Ներկարարյան

Մեր հարցին՝ ինչն էր Ղայթմազյանին հունից հանել, որ սկսեց ծեծել անչափահաս աշխատակցին, պաշտպանը պատասխանեց. «Ամեն դեպքում այն չէ, ինչ թերթերով հրապարակվում է: Եթե ողջամտորեն մեկը նայում, կարդում է , չի կարող, չէ՞, նման բան լինել, որ մարդը հյուրանոցի համարի գումար ուզի, ու ինչ-որ մեկը բռնի ծեծի, առնվազն պետք է նորմալ չլինի, հոգեկան խնդիրներ ունենա: Ի՞նչ է նշանակում մարդը հյուրանոցի գումար է ուզել, բռնես, ծեծես նրան: Ճիշտ է այդպես է տարածվում, բայց եթե մարդը նստի ողջամտորեն կարդա, կհասկանա՝ նման բան չի կարող լինել ուղղակի, անհնար է: Ադեկվատ մարդը ո՞նց կարող է նման բան անել: Այնտեղ այլ պատճառներ կան, որոնց մասին չեմ կարող ասել, որովհետեւ չունեմ իր թույլտվությունը: Որոշակի անձնական հարցեր են եղել, որից էլ որ առաջացել են այդ հարցերը»:

Փաստաբանը նկատեց, որ իր պաշտպանյալն էլ, ինքն էլ այն համոզմանն են, որ մարդ իր կատարածին համարժեք պետք է պատասխանատվություն կրի, բայց. «Չի կարելի հանրային ճնշմամբ այլ արարքով փորձել ազատությունից զրկել, անչափահասին սարքեն հրեշտակ ու հանրային տիրույթում արդարացնեն»:

Փաստաբանն, անդրադառնալով ավելի վաղ իր պաշտպանյալի՝ զղջումով քրեական հետապնդման չենթարկվելու դատախազի որոշմանը՝ ասաց. «Զղջումն էլ է, չէ՞, քրեական օրենսգրքով նախատեսված գործընթացներից մեկը, օրենքի շրջանակներում է, չէ՞ կատարվել: Ըստ ձեզ՝ Արսեն Ղայթմազյանն այնպիսի հնարավորություններ ունի՞, որ դատախազությունն իր նկատմամբ գործը կկարճի, եթե այդքան մեծ հնարավորություններ ունի, ինչո՞ւ է քրեական հետախուզության բաժանմունքի պետ աշխատում, հենա կգնա, նախարար կաշխատի էլի»:

Փաստաբանը նաեւ ասաց, որ Ղայթմազյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կբողոքարկեն առաջիկա օրերին:

Պաշտպանը նաեւ դրական բնութագիր տվեց իր պաշտպանյալին՝ ասելով, որ երեք անչափահաս երեխա ունի, Շուշիում վիրավորվել է թշնամու կողմից, բայց բուժօգնության չի դիմել, այլ ընկերներին է օգնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930