«Համենայն դեպս, իմ կամքին հակառակ ինձ պահել են մեքենայի ներսում ու փորձել են տեղափոխել»,- լրագրողների հարցին՝ Գայանե Հակոբյանի մեքենայում զգացե՞լ եք, որ Ձեր կյանքին, առողջությանը վտանգ է սպառնում, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կողմից՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Հստակեցմանը՝ Գայանե Հակոբյանի մեքենայի մեջ միջադե՞պ է տեղի ունեցել, Աշոտ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Ցուցմունքները կհրապարակվեն։ Այս պահին, համենայն դեպս, մեղադրանքն առևանգման համար է։ Մյուս հանգամանքները, որ տեղի են ունեցել, Քննչական կոմիտեն հարկ չի համարել դրանք որպես մեղադրանք ներգրավել գործի մեջ։ Դատական գործընթացի ինչ-որ փուլում ցուցմունքները կհրապարակվեն․․․Ըստ էության ես դուրս թռա մեքենայից այն պատճառով, որովհետև ես չէի կարողանում դուրս գալ մեքենայից»։
Հարցին՝ իսկ գուցե այդ պահին հարմար վա՞յր չէր, որ Գայանե Հակոբյանը մեքենան արգելակեր, Աշոտ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ես դրանից յոթ րոպե առաջ պահանջել եմ, որ կանգնեցնի մեքենան»։ Մյուս հարցին՝ Գայանե Հակոբյանը Ձեզ ասե՞լ է, թե եկեք գնանք Եռաբլուր, տեսեք, թե ինչ է Ձեր հայրը մեր գլխին բերել, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ հանգամանքների մասին ցուցմունքներում կան․ համ ցուցմունքների մասին խոսեմ, համ դատարանում, համ լրագրողների հետ։ Ցուցմունքները կհրապարակվեն, բոլոր դետալները պարզ կլինեն»։
Հարցին՝ Դուք կո՞ղմ եք, որ Գայանե Հակոբյանն ազատ արձակվի կալանքից, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ-ում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատական ստանան»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մինչ դատական նիստի մեկնարկը լրագրողների հարցին՝ Ձեզ համոզե՞լ են, ստիպե՞լ են, որ նստեք մեքենա, Աշոտ Փաշինյանը պատասխանել էր, որ իր կամքով է նստել մեքենա։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ