Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Գայանե Պապոյան. «Վկաները հստակ են պնդում, որ 2018 թ. մարտի 5-ին փաստաթուղթը արդեն իսկ եղել է ԱԺ-ում, հետեւաբար, այն դիտավորությունը, ինչը մեղադրական կողմն է նշում, չի եղել»

Հունիս 05,2023 21:33

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի դատական գործով վկաներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը եւ ՍԴ աշխատակից Անահիտ Գիլոյանը հարցաքննության ժամանակ մի քանի անգամ հայտարարեցին, որ նախաքննության եւ այսօրվա հարցաքննության ժամանակ իրենց տրված ցուցմունքները, կապված վաղեմության հետ կառուցվել են հավանականության վրա: Այսինքն, իրենք խնդրո առարկա գործընթացներից միանշանակ հաստատող կամ հերքող շատ բաներ չեն կարող հիշել:

Նիստի ավարտին Արսեն Բաբայանի փաստաբան Գայանե Պապոյանն Aravot.am-ին ասաց. «Այսօր հարցաքննեցինք Առուշան Հակոբյանին եւ Անահիտ Գիլոյանին, որոնք եղել են Սահմանադրական դատարանի պատասխանատու աշխատակիցներ:

Իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանն ըստ մեղադրանքի օժանդակել է, որպեսզի 2018 թվականին ԱԺ նախագահ հանդիսացած Արա Բաբլոյանը չարաշահի իր պաշտոնեական լիազորությունները: Եվ առաջադրված է մեղադրանք այն բանի համար, որ կատարվել է պաշտոնական կեղծիք: Ըստ մեղադրանքի, պաշտոնական կեղծիքն էլ կատարվել է նրա համար, որպեսզի այդ այսպես ասած պաշտոնական չարաշահումը կյանքի կոչվի: Սա ըստ մեղադրանքի իրավական նկարագրությունն է: Իսկ փաստական նկարագրությունը վերաբերում է հետեւյալին: Որպես ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 2018 թվականի մարտի 1-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված հրաժարականի դիմում է ներկայացրել, որովհետեւ այլեւս ընտրված է եղել որպես ԲԴԽ անդամ: Եվ այդ գրությունը տվել է Առուշան Հակոբյանին, որպեսզի վերջինը կազմակերպի դրա առաքումը Ազգային Ժողով: Ըստ մեղադրանքի Գագիկ Հարությունյանի այդ դիմումը ՍԴ-ից դուրս է եկել 2018 թ. մարտի 5-ին, այսինքն, ելքագրվել է այդ օրը եւ նույն օրն էլ մուտք է եղել ԱԺ: Կրկնում եմ, սա՝ ըստ մեղադրանքի: Սակայն իրականում մարտի 2-ին է դուրս եկել եւ մարտի 2-ին էլ մուտքագրվել է ԱԺ: Մեղադրանքի բովանդակությունը հետեւյալն է. ասում են, եթե իրականում մարտի 5-ին փաստաթուղթը մտած լիներ ԱԺ, չէիք հասցնի ապահովել հնարավորություն, որպեսզի ձեր կուսակցության նախկին անդամ Հրայր Թովմասյանը մինչեւ իր 65 տարին լրանալը դառնա ՍԴ նախագահ: Եվ ասում են, որ փաստաթուղթը ԱԺ մտել է մարտի 5-ին, պարզապես, դուք հետին ամսաթվով եք մուտքագրել «Մայլբրի» համակարգ, որպեսզի ԱԺ 2016 թվականի կանոնակարգով ղեկավարվի Արա Բաբլոյանը եւ ձեր նախկին կուսակից Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դառնալու հնարավորությունը ապահովեք: Հետեւաբար, դուք կեղծիք եք կատարել՝ հետին թվով փաստաթուղթը մուտքագրելով ԱԺ:

Բայց ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Այդ փաստաթուղթը ՍԴ-ից իրականում ելքագրվել է մարտի 2-ին եւ մարտի 2-ին էլ մուտքագրվել է ԱԺ, ինչը պնդում են մինչ օրս հարցաքննված բոլոր վկաները: Ընդ որում, եւ ԱԺ փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատակիցները, եւ ՍԴ այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են փաստաթղթաշրջանառության համար: Բոլորը պնդեցին, որ այդ փաստաթուղթը ՍԴ-ից դուրս է եկել մարտի 2-ին եւ ԱԺ մտել է մարտի 2-ին: Պարզապես, խնդիրն այն է, որ 2018 թվականի մարտի 2-ը ուրբաթ օր է: 3-ը եւ 4-ը՝ շաբաթ-կիրակի: Մարտի 5-ը երկուշաբթի է: Շատ են լինում դեպքերը, երբ որ աշխատանքային օրվա ավարտին ինչ-որ փաստաթուղթ է մուտքագրվում, սակայն այն, օրինակ, մատյաններում լրացվում է հաջորդ օրով: Եվ բոլոր հարցաքննված վկաները չեն բացառել, որ մարտի 2-ին ոչ աշխատանքային ժամի այդ փաստաթուղթը հասել է ԱԺ: Այնտեղ, բնականաբար, ժամը 18:00-ին այն անձինք, ովքեր պատասխանատու են գործավարության համար, աշխատանքն ավարտած են եղել: Եվ գալիս, մուտքագրում են հաջորդ օրը: ԱԺ-ում մուտքագրում են «Մայլբրի»-ով:

Իսկ «Մայլբրի» ծրագրով չես կարող հետին ամսաթիվ նշել: Դրա համար երեւում է մարտի 5-ը, որովհետեւ թուղթը ԱԺ մտել է մարտի 2-ին, այն ժամին, երբ այնտեղ այլեւս աշխատակից չի եղել, որը պատասխանատու էր դիմումը վերցնել, նայել, մուտքագրել եւ համակարգում համապատասխան գրառում կատարել: Այդ աշխատակիցը եկել է հաջորդ աշխատանքային օրը, որը եղել է մարտի 5-ը: Ընդ որում, ԱԺ գործավարության հետ կապված աշխատակիցները, որոնք հարցաքննվեցին, նշեցին, որ դա իրենց մոտ եղել է նորմալ պրակտիկա: Այսինքն, այնպես չի, որ դա միայն այդ փաստաթղթի հետ է կապված եղել: Տարիներ շարունակ այդպես են աշխատել: Եվ մինչեւ «Մայլբրին», եւ «Մյլբչիից» հետո այդպես են աշխատել: Եթե փաստաթուղթն իրենց հասել է աշխատանքային օրվա ավարտին, օրինակ, 18:57 կամ 18:05, իրենք դա այլեւս այդ օրը չեն մուտքագրել, այլ թողել են հաջորդ աշխատանքային օրվան:

Այստեղ ամենաէականն այն է, որ ՍԴ աշխատակիցը, ով իրականացրել է այդ փաստաթղթի առաքումը, այսինքն, Գագիկ Հարությունյանի կողմից հանձնարարվել է տանել ԱԺ եւ մուտքագրել, այդ մարդը ասում է, որ այդ փաստաթուղթը մարտի 2-ին հանձնվել է ԱԺ: Եվ ԱԺ այն աշխատակիցները, ովքեր պատասխանատու են փաստաթղթաշրջանառության համար, հստակ ասել են, որ հնարավոր է՝ այդ փաստաթուղթը ուշ են բերել կամ իրենք ուշ են տեսել, դրա համար հաջորդ աշխատանքային օրը, որը մարտի 5-ն է, այդ օրն են մուտքագրել: Այսինքն, այստեղ որեւէ այլ նպատակ, այլ դիտավորություն չի եղել: Այստեղ հստակ կարող ենք արձանագրել, որ վկաները հստակ են պնդում, որ մարտի 5-ին արդեն իսկ այդ փաստաթուղթը եղել է ԱԺ-ում: Հետեւաբար, այն նպատակը, դիտավորությունը, ինչը մեղադրական կողմն է նշում, հստակ կարող ենք նշել, որ չի եղել»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930