Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց (նախագահող դատավոր՝ Լիլի Դրմեյան) հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ Լիլիթ Կոստանյանի, նրա ընկեր Արման Գալստյանի, Արման Գալստյանի կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և Գևորգ Կոստանյանի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննությունը։ Նախագահող դատավորը հայտարարեց, որ դատարանը բավարարել է միջնորդությունը․ այս գործով փոփոխվել է հայցի առարկան ու հիմքը։
ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը դատարանի դահլիճում ներկայացրեց փոփոխված հայցի հիմքը և առարկան։ Նա մասնավորապես հայտարարեց․ «Գևորգ Կոստանյանից և Լիլիթ Կոստանյանից՝ հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Կոմիտասի պողոտայում 30/2 շենքի 47 բնակարանը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին արժեքը՝ 69 միլիոն 445 հազար ՀՀ դրամ։ 2015-ին Գևորգ Կոստանյանի կողմից 22 միլիոն ՀՀ դրամով ձեռք է բերվել այս անշարժ գույքը, որն ապօրինի է։ Այսինքն՝ գույքի՝ ձեռքբերման պահի դրությամբ Գևորգ Կոստանյանի օրինական եկամուտները բացակայել են։ Արա Կոստանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ծաղկաձորում գտնվող անշարժ գույքը՝ անհնարինության դեպքում 129 միլիոն 995 հազար ՀՀ դրամ։ 1996-ին 60 հազար ՀՀ դրամով ձեռք է բերվել այս տարածքը։ 2003-ին 243 հազար ՀՀ դրամով ձեռք է բերվել հողատարածք, որը միացվել է այս տարածքին։ Մենատան շինարարության արժեքն անհամապատասխան է Գևորգ Կոստանյանի օրինական ձեռքբերման հետ։ Նշված մենատունը 2007-ին նվիրատվություն է կատարվել Արա Կարենի Կոստանյանին։
Արման Գալստյանից բռնագանձել Ջրվեժում գտնվող անշարժ գույքը կամ միջին շուկայական արժեքը՝ 164 միլիոն 125 հազար ՀՀ դրամ։ Գևորգ Կոստանյանի նախկին կնոջ մոր՝ Արմենուհի Մխիթարյանի կողմից 2009-ին երկու միլիոն դրամով անշարժ գույք է ձեռք բերվել, որը 2016-ին ութ միլիոն դրամով Արման Գալստյանին է վաճառվել։ Արմեն Գալստյանը Գևորգ Կոստանյանի համակուրսեցին է և ընկերը։
Արմեն Գալստյանի անվամբ գույքը ձևակերպելուց հետո տրվել է շինթույլտվություն և կառուցվել առանձնատուն։ Ըստ փորձագետի եզրակացության՝ շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 144 միլիոն ՀՀ դրամից մինչև 176 հազար ՀՀ դրամ է։ Նշված բոլոր ծախսերը համարվել են Գևորգ Կոստանյանի կողմից կատարված։ 2009-ին գույքի ձեռքբերումը հիմնավորվել է եկամուտներով, սակայն 2016-ի շինծախսերի միջին արժեքից միայն մեկ միլիոն ՀՀ դրամն է հիմնավորվում օրինական եկամուտներով․ մնացածն ապօրինի է»։
Կարդացեք նաև
Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը միջնորդեց նիստը հետաձգել ու պատճառաբանեց․ «Ավելի արդյունավետ է, որ հիմա հարցադրումներ չանեմ, միանգամից փոփոխված հայցին ծանոթանալուց հետո ներկայացնեմ հարցադրումները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ