Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022թ. զգալիորեն աճել է. Արարատ Միրզոյան

Հունիս 05,2023 20:40

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

«Բարև ձեզ,

2022թ․ «եվրոպական ինտեգրման» ուղղությամբ աշխատանքների մասով ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մեր երկրի համար ստեղծված լրջագույն մարտահրավերները, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ մեր առաջնահերթությունների վրա։ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության դրական օրակարգի հետագա խորացման ու ընդլայնման հետ մեկտեղ շարունակվել են քննարկումները ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգի այնպիսի առաջնային հարցերի շուրջ, ինչպիսիք են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումը, Հայաստանի արևելյան սահմաններին ստեղծված լարվածության նվազեցումը և իրավիճակի հետագա սրացման կանխումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ընդհանուր առմամբ Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022թ. զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու Եվրոպական միության ջանքերով։

2022թ. կայացել է վարչապետի երեք այց Բրյուսել, որի շրջանակներում կայացել են վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցները, և, ինչպես գիտեք, եռակողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Տարածաշրջանում զարգացումների ընթացքով պայմանավորված կայացել են լրացուցիչ մի շարք հեռախոսազրույցներ, հանդիպումներ միջազգային հարթակներում, մասնավորապես ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում:

Ինչպես բազմիցս նշել ենք, կարևոր էր 2022թ. հոկտեմբերի 6-ին «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում կայացած Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված Պրահայի հայտարարությունը, համաձայն որի Հայաստան գործուղվեց ԵՄ երկամսյա մշտադիտարկման քաղաքացիական առաքելությունը՝ Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով մշտադիտարկման համար, իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում հայտարարվեց, դրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը: Ինչպես գիտեք, արդեն երկամսյա ժամկետը լրանալուց հետո անմիջապես սկսվեցին քննարկումները ԵՄ կողմից նոր՝ երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ, որի մասին որոշումն ընդունվեց արդեն 2023թ.: Եվ հիմա այդ առաքելությունը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանին։

Արդեն մի քանի օր առաջ հունիսի 1–ին տեղի ունեցավ, Հայաստանը մասնակցեց «Եվրոպական քաղաքական համայնքի» երկրորդ գագաթաժողովին Քիշնևում, և այստեղ ևս տեղի ունեցավ նմանատիպ հանդիպում արդեն հինգերորդ, նախկինում Պրահայում չորս մասնակից էին, այս անգամ արդեն հինգերորդ կողմի մասնակցությունը կար նաև, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր ևս մասնակցում հանդիպմանը։

2022թ. հատկապես տարվա երկրորդ կեսին արձանագրվել է ԵՄ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցելությունների[*] զգալի  ակտիվացում, ինչն էլ իր հերթին հնարավորություն է ընձեռել պահպանելու Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ամրապնդման, ԵՄ աջակցությամբ բարեփոխումների իրականացման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքների ինտենսիվությունը։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել։ Կառանձնացնեի ապրիլի 28-ին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստը, մայիսի 18-ին Բրյուսելում իմ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի համանախագահությամբ կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը: Ըստ նախանշվածի անցկացվել են նաև ոլորտային կոմիտեների, ենթակոմիտեների նիստերը, ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստը: Բացի դրանից, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ ունեցել եմ նաև այլ հանդիպումներ, քննարկումներ, որոնց ժամանակ արծարծվել են թե´ ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի, թե տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2022թ. տարեվերջի դրությամբ Բրյուսելի հետ փոխհամաձայնություն էր ձեռք բերվել մեկնարկել ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը։ Սա առաջին անգամ պիտի լիներ մեր հարաբերություններում, նոր հարթակ, նոր ֆորմատ էր, և այն,  ինչպես գիտեք, կայացավ արդեն 2023թ․ հունվարին։

Շարունակվել են աշխատանքները ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում: Փետրվարին ուժի մեջ է մտել «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցիացման վերաբերյալ համաձայնագիրը, հոկտեմբերին ստորագրվել է «Ստեղծագործ Եվրոպա» (2021-2027) ծրագրին Հայաստանի միանալու վերաբերյալ համաձայնագիրը, արդեն դեկտեմբերին այն ևս ուժի մեջ է մտել: Վավերացվել է «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, և այս պահին ԵՄ անդամ երկրներից համաձայնագիրը վավերացվել է Էստոնիայի, Լատվիայի, Ավստրիայի և Չեխիայի կողմից։ Ավարտվել են Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության ԵՄ գործակալության («Եվրաջասթ») հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների հիմնական փուլերը:

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության մասով մանրամասն թերևս չարժի խոսել. կարծում եմ դուք ավելի լավ եք հիշում 2022թ․ տեղի ունեցած գործընթացների մանրամասները։ Կառանձնացնեմ միայն համագործակցության արդյունքում ընդունված փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերից են մարտին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված հրատապ բանաձևը «Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ», և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դատապարտման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում հիմնարար սկզբունքների, 44-օրյա պատերազմից հետո պահպանվող մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդրի շուրջ Ադրբեջանին ուղղված հստակ գնահատականների և ուղերձների մասով հիշատակման են արժանի ԵՄ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերով տարեկան զեկույցը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները, որոնց մշակման հիմնական գործընթացը տեղի ունեցավ 2022թ., իսկ վերջնական ընդունումը՝ 2023թ.:

Արևելյան գործընկերության մասին. ձևաչափի պահպանման և ապագայի տեսլականի շուրջ քննարկումները վերսկսվել են 2022թ. աշնանը:

Մենք, իհարկե, ակտիվ համագործակցել ենք ԵՄ անդամ երկրների հետ՝ թե´ համագործակցությունը խորացնելու, թե´ փոխգործակցության նոր ուղղություններ ծավալելու նպատակով: Հատկանշական է, որ 2022թ. իմ՝ կատարած ընդհանուր թվով 27 այցերի 50 տոկոսից ավելին եղել է հենց ԵՄ անդամ երկրներ, մասնավորապես Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Լեհաստան, Հունաստան, Չեխիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, կայացել են նաև Ավստրիայի, Իտալիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների այցերը Հայաստան: Տարբեր հարթակներում հանդիպումներ եմ ունեցել նաև ԵՄ մյուս՝ գրեթե բոլոր անդամ պետությունների հետ, դրանք շարունակվել են 2023 թվականին: Ոչ ԵՄ անդամ, բայց եվրոպական ինտեգրացիայի հետ սերտորեն փոխկապակցված՝ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրներից, նաև հավելեմ, կայացել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի այցը Երևան: Եվ ԵՄ անդամների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ ներկայացված է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կազմում: Բնականաբար, ջանքեր են գործադրվում, որպեսզի բոլոր անդամ երկրները ներգրավված լինեն։

Եթե ձեզ դեռ հետաքրքիր է նախորդ քննարկված թեման ԵՄ ԱլԳ ուղենիշային նախաձեռնությունների մասով նշեմ, որ 2022թ․ եվրոպական կառույցների հետ հաստատվել են 195.7 մլն եվրոյի ընդհանուր արժողությամբ ծրագրեր, այժմ հաստատման փուլում են ևս 86.3 մլն եվրո արժողությամբ ծրագրեր։ Կարող ենք ասել, որ էական աշխատանքներ են կատարվել, սակայն դեռ հաստատման փուլին չի հասել ևս 900 մլն եվրո գնահատված Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի մասը, կա տեղեկատվություն նաև ուղենիշներից յուրաքանչյուրի մասով»:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930