Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում նախորդ շաբաթվա իրադարձությունների ավանդական վերլուծությունն ու ամփոփումը այս անգամ սկսեց Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց:
«Նախ, երբ Նիկոլ Փաշինյանը շտապեց շնորհավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, դա արդեն մեր հասարակության համար որոշակի շոկ էր, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին շնորհավորեց դեռեւս Թուրքիայի ԿԸՀ-ի կողմից ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չհրապարակած: Ու հետաքրքիր է, որ եթե Իլհամ Ալիեւը շնորհավորել էր հեռախոսազանգով, ինչը մասնավոր զրույցի ձեւաչափ է, Նիկոլ Փաշինյանը Twitter-յան գրառում էր արել, շնորհավորել էր հրապարակային կերպով: Ու շատ խորհրդանշական է նաեւ, որ դա արել էր մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, որը հռչակվել էր մայիսի 26-ին Սարդարապատում Թուրքիայի դեմ հայ ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի արդյունքում պետականություն ստեղծելու օրը: Ի դեպ, այդ օրը նաեւ Ադրբեջանի ազգային տոնն է եւ համարվում է Ադրբեջանի անկախության օրը: Եվ Նիկոլ Փաշինյանը շտապել էր այդ տոն օրը շնորհավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Շատերիս թվում էր, թե սա միայն դրանով կսահմանափակվի: Բայց արի ու տես, որ ինքն իրեն, հավանաբար, Էրմենիստանի նահանգապետ հռչակած Նիկոլ Փաշինյանը որոշեց նաեւ մասնակցել Էրդողանի երդմնակալության արարողությանը: Նախ, ասեմ, որ դրա ոչ մի պահանջ, անհրաժեշտություն գոյություն չունի: Երբեւէ Հայաստանի պետության որեւէ ղեկավար Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողության չի մասնակցել: Երբեւէ Թուրքիայի որեւէ պաշտոնյա Հայաստանի նախագահի երդմնակալության արարողության չի մասնակցել, որ մտածես՝ փոխադարձություն են անում, քաղաքավարական ժեստ են իրականացնում:
Հայաստանի նախագահի երդման արարողությանը պատվիրակությունը, որը նախագահական նստավայրում Վահագն Խաչատուրյանին պաշտոնապես ընդունեց, իր թոռներն էին եւ Ալեն Սիմոնյանի անչափահաս աղջիկը, որը մինչեւ այդ այնտեղ՝ նախագահական նստավայրում, խաղում էր գլխավոր դրոշի հետ: Եվ Ալեն Սիմոնյանի կինն էլ դա նկարում էր եւ տեսանյութեր էր տարածում:
Կարդացեք նաև
Եթե Հայաստանի նախագահի երդման արարողությանը ամենաբարձր պաշտոնյաներն եղել են նրա թոռները եւ Թուրքիայից որեւէ մասնակցություն չի եղել, հարց է առաջանում չէ՞, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը գնում՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այն էլ՝ Էրդողանի: Այլ բան, եթե նրա մրցակիցը հաղթեր, գուցե կարելի լիներ հասկանալ, թե ինքը Էրդողանի տապալումն է նշում: Որովհետեւ Էրդողանը Թուրքիայի այն նախագահն է, որը Արցախյան 44-օրյա պատերազմում պաշտոնական հայտարարություններով եւ իրական գործողություններով ուղիղ աջակցություն է տրամադրել Ադրբեջանին, իրեն է համարում Արցախում ադրբեջանական հաջողությունների հիմնական դերակատարներից մեկը: Դա այն նույն Էրդողանն է, որի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը, այն ԱԹՍ-ների արտադրության սեփականատերն է, որը հիմնական վճռորոշ ազդեցություն է ունեցել Արցախյան պատերազմում եւ որոնց հարվածներից զոհվել են մեր հազարավոր զինվորներ, երիտասարդներ:
Դա նույն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որը 2020 թ. դեկտեմբերի 10-ին Իլհամ Ալիեւի հետ Բաքվի Ազատության հրապարակում տոնական, ռազմական, հաղթական շքերթ էր ընդունում եւ ելույթ ունենալով այդ շքերթի ժամանակ՝ ասում էր, որ հիմա փառավորվում են ցեղասպանություն գործած թուրք ղեկավարների հոգիները, ովքեր որ տեսնում են ադրբեջանաթուրքական կոալիցիայի հաղթանակը հայ ժողովրդի նկատմամբ: Էրդողանը մասնակցում էր այն նույն ռազմական շքերթին, որով անցկացվում էին հայկական բանակից եւ Արցախի պաշտպանության բանակից գողացված ռազմավարը եւ խոցված տանկերն ու հրետանային միջոցները:
Դա այն նույն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որը 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ստորագրում էր, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որը ենթադրում է ոչ միայն ռազմաքաղաքական համագործակցություն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, այլեւ Հայաստանի տարածքի, իրենց բնորոշմամբ, Զանգեզուրի միջանցքի համատեղ օգտագործումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:
Եվ ճիշտ այդ օրը՝ հունիսի 15-ին, Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում, այն նույն տարածքում, որն ադրբեջանցիներն ու թուրքերը Զանգեզուր համարելով միջանցք են ուզում ստեղծել, եռագույն դրոշի գույներով մի մուրճ էր ճոճում Հայաստանի քաղաքացիների վրա եւ սպառնում, որ եթե իրեն հեռացնեն իշխանությունից, ապա այդ մուրճով հարվածելու է Հայաստանի քաղաքացիների գլխին:
Այդ ժամանակ էր, որ ասաց, թե Զանգեզուրի կոմբինատը հատել է բոլոր կարմիր գծերը եւ իշխանափոխությունից հետո նրանց պատիժ է սպասվում: Եվ հիմա Հայաստանի թիվ 1 հարկատուն է, ուղղակի կանգնած է ադրբեջանական լինելու իրական վտանգի առաջ: Նիկոլ Փաշինյանը գնացել է նույն Էրդողանի երդմնակալությանը, որը հոկտեմբերի 6-ին հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ գոյություն չունի: Եվ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ամբողջությամբ կատարի ադրբեջանական պահանջները: Իսկ ադրբեջանական պահանջները օր-օրի միայն ավելանում են:
Դա այն նույն Էրդողանն է, որը Պրահայում ի պատասխան թուրք լրագրողի հարցին, թե հիմա ինչ եք պատրաստվում անել հայերի հետ, պատասխանել էր. «Ինչ արել ենք մինչեւ հիմա, նույնն էլ անելու ենք այսուհետ»: Իսկ մինչեւ հիմա ենթարկել են ցեղասպանության, պահել են շրջափակման մեջ, պատերազմել են հայերի դեմ, փորձել են ոչնչացնել Հայաստանի պետականությունը: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին շնորհավորելով Էրդողանին, մաղթում է հաջողություններ այդ ծրագրերի իրականացման համար: Նա գնում է՝ անձամբ մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը, որտեղ ակնհայտ արհամարհանք է ցուցաբերվում իր նկատմամբ: Նստեցնում են Իլհամ Ալիեւի անմիջապես հետեւը՝ երկրորդ շարքում, երբ մյուս պետությունների ղեկավարները առաջին շարքում էին»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ շարունակեց ստորացման հաջողված դրվագների թվարկումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ