«Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը, որը երբեք ոչ մի մոր չեմ ցանկանա՝ նույնիսկ Աշոտի մորը»,- դատարանի դահլիճում հայտարարեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը՝ իր կողմից՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստի ժամանակ։
Գայանե Հակոբյանը հայտարարեց՝ Եռաբլուրը սրբություն է, և դա քննարկման ենթակա չէ։ Նա փաստեց՝ եթե մարդն իրոք իրեն համարում է հայ, Եռաբլուրը նրա համար սրբություն է․ «Պետք չէ վախենալ Եռաբլուրից, որովհետև այն սրբավայր է, աղոթատեղի։ Իսկ առևանգում ու նման բաների համար մարդիկ համապատասխան տեղ են տանում ու ավելի լավ են պատրաստվում։ Ես ուղղակի հանդիպել եմ Աշոտին, միգուցե էմոցիոնալ է եղել, դեմ չեմ, որովհետև այս թեման է։ Բայց իմացեք, որ ես երբևիցե չեմ ցանկանա ոչ մի մոր նման բան, երբևէ չեմ ցանկանա, ինձ թույլ չեմ տա։ Եթե ոմանք մոռանում են՝ ինչ եմ տվել այս երկրին, իմ հոգեվիճակն ինչպիսին է, ես ուղղակի ինձ թույլ չէի տա զուտ բարոյական տեսանկյունից»։
Կարդացեք նաև
Աշոտ Փաշինյանն էլ դատարանի դահլիճում հայտարարեց, որ սրբություններն այս կյանքում իրենց տեղն ունեն, իրավական գործընթացն՝ իրենը․ «Սա դատարան է, սա ՀՀ օրենքը երաշխավորող մարմիններից մեկն է»։ Պատասխանելով Գայանե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրեն հետաքրքրում է միայն Գայանե Հակոբյանի ազատությունը, Աշոտ Փաշինյանն ասաց․ «Դուք ասում եք՝ ինձ հետաքրքրում է Գայանե Հակոբյանի ազատությունը։ Դատարանին և իրավական համակարգին մտահոգում է հանրային անվտանգությունը։
Սա հանրային անվտանգության հարց է։ Դատարանը, քննչական, դատախազական մարմինները պատասխանատու են հանրային անվտանգության համար։ Իրավական գործընթացները դրա երաշխիքներն են։ Ինչ վերաբերում է գլուխ խոնարհելուն, ապա ևս մեկ անգամ ասում եմ՝ ՀՀ բոլոր քաղաքացիները գլուխ են խոնարհում մեր զոհված զինծառայողների առաջ․․․ Խնդիրն այս պահին նրանում չէ, թե դա մեղմացուցիչ հանգամա՞նք է կամ կարո՞ղ է լինել, թե՝ ոչ։ Եթե տեղի է ունեցել հանցագործություն, ես դա մեկնաբանում եմ՝ որպես առևանգում, ինչ-որ իրավիճակ է եղել, որը ես անվանում եմ առևանգում, և տիկին Գայանեն բացառապես հերքում է։ Եթե տեղի է ունեցել հանցանք, ապա հիմա նրա հերքելը փաստում է այն, որ նա պատրաստ է ևս մեկ անգամ դա կրկնել։ Դա ըստ էության նշանակում է, որ տիկին Գայանեն նույն մտքին է, ինչ այն ժամանակ։ Որևէ մեղմացուցիչ հանգամանք չի կարող աշխատել»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շուրջ 4 ժամ հարցը քննելուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Մինչ Գայանե Հակոբյանին կտանեին դատական նիստերի դահլիճից, նա խնդրեց՝ մենակ թողեք աղջկաս գրկեմ։ Սակայն դատական նիստերի դահլիճում կարգադրիչները թույլ չտվեցին նրան գրկել իր դստերը։ Դրանից հետո Գայանե Հակոբյանը հայտարարեց․ «Մնացածը դատեք ինքներդ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ