Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան․ «Հրեաների ցեղասպանությունն աշխարհում ճանաչվել է, հատուցումը ստանում են, իրենք ասո՞ւմ են՝ եկեք դադարեցնենք գործընթացը»

Հունիս 05,2023 19:01

«Զարեհ Սինանյանին ո՞վ է տվել իրավունք նման բան արձանագրելու, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Վստահ եմ՝ չի էլ կարող բացատրել, թե ինչ նկատի, երբ ասում է՝ ավարտվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ հայտարարությանը։ Սինանյանը, հիշեցնենք, հարցին՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը կարծես հետին պլան է մղվել, ասել է «Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին է խոսքը, ճանաչվել է, գործընթացը վերջացավ, ավարտվեց… Ցեղասպանության ճանաչումն, ինքնին, օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից։ Մենք այդ հարցը պետք է կապենք միայն մեր այսօրվա անվտանգության հետ՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում անվտանգության հետ»:

Դեմոյանի դիտարկմամբ՝ Զարեհ Սինանյանը հետո փորձել է հիմնավորել, ասել, թե՝ սրանից առաջ լավ չենք հասկացել, մենք մարտավարական խնդիրներ ենք լուծել, ռազմավարությունը տանուլ ենք տվել․«Բայց դա ասում է մի մարդ, որը եղել է այդ մարտավարություններն իրականացնողներից մեկը՝ մինչեւ այս պաշտոն ստանալը։ Եվ Սինանյանը մեղա չի գալիս, չի ասում, որ ինքն էլ է սխալ արել։ Դաստիարակի կեցվածք է վերցրել, փորձում է ասել՝ ինչ ուղղությամբ, որ գնացել ենք, դրանից հետ պիտի գանք՝ ազնվություն չցուցաբերելով, չխոստովանելով, որ այդպես է պահանջում այսօրվա ռուս-թուրքական օրակարգը»։

Դեմոյանի կարծիքով՝ այս եւ մի շարք այլ հայտարարություններ պետք է դիտարկել ընդհանուր համատեքստի մեջ, որպեսզի պարզ լինի, թե, իր խոսքով՝ ինչ ծրագիր է իրականացվում․«Ասում են՝ «մարտի 1-ի հանցագործությունն բացահայտված է», «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունն ավելի մեծ իմաստ ուներ, քան ղարաբաղյան ազատամարտը», «եկեք պայմանավորվենք՝ ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի», «Կադաստրի վկայական չունենք»։ Այսքանը բավական է հասկանալու, որ այս մարդիկ չունեն քաղաքական ինքնություն եւ չէին էլ կարող ունենալ, որովհետեւ տարբեր ուժային կենտրոններից հանձնարարություններ կատարող այս մարդիկ ընդամենը կատարածուներ են։ Այս հայտարարությունն էլ պատահական չէր։ Կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարություն անողին՝ Փաշինյանին կարելի է հարցնել՝ քո չորս երեխաները որտե՞ղ են ծնվել, ինչ տարածքում, ջունգլիներո՞ւմ»։

Դեմոյանի խոսքով՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ քարոզչական- տեղեկատվական, քաղաքական բաղադրիչներով շարունակվում եւ շարունակվելու է, եթե անգամ, մենք որպես հանրություն չցանկանանք էլ, ապա դա ունենալու է իր ուրույն ընթացքը՝ անկախ որեւէ մեկի ցանկությունից։

Մեր դիտարկմանը՝ այդուհանդերձ, հանրության մեջ էլ կա տեսակետ, որ Ցեղասպանությունը մի շարք երկրներ ճանաչել են, շոյվել ենք, բայց դրան ոչինչ չի հետեւել, Դեմոյանը պատասխանեց․ «Երբ մի անձ հայտարարում է, որ սխալ է եղել ընթացքը, միջազգային ճանաչումը ոչ մի բան չի տալիս․․․ իսկ ի՞նչ է, հրեաները էդպիսի հարց դրե՞լ են իրենց օրակարգում, ասո՞ւմ են՝աշխարհում ճանաչվել է հրեաների ցեղասպանությունը, հատուցումը ստանում ենք, ամեն ինչ լավ է, ժողովուրդ ջան, եկեք դադարեցնենք գործընթացը։ Մերձավոր արեւելքի հզորագույն պետությունն է, բայց իրենք ոչ միայն նման հարց չեն դնում, նույնիսկ չեն էլ մտածում, նրանք անընդհատ շեշտում են դա։ Եթե Սինանյանի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Ցեղասպանությունը պետք է ոչ մի դասագրքում չհիշատակվի։ Չէ որ իրազեկելն էլ ճանաչում է, սերունդներին ես իրազեկում։ Սինանյանն օգտվում է մի հանգամանքից որ ՀՀ պետական քաղաքականությունը Ցեղասպանության ճանաչման գործընթացում եղել է ոչ ազնիվ, ոչ գիտակցված։ Մենք միշտ մի աչքով ծիկրակել ենք, տեսնենք, թե Ռուսաստանն ինչպես կնայի դրան, Թուրքիան ինչպես կնայի եւ այլն։ Ես տասը տարի աշխատել եմ, Սփյուռքը, օտար լսարանը լավ գիտի իմ աշխատանքը։

Բայց այն ձեւով, որ Ծիծեռնակաբերդում որոշակի գործողություններ իրականացրեցին, պատահական չէին՝ կար հանձնարարություն, որ պետք է առժամանակ Ծիծեռնակաբերդն «անջատվի», այնտեղից ձայներ չլսվեն, որովհետեւ տեղի է ունենում գործընթաց՝ ռուս-թուրքական մերձեցում, մենք սպասարկում ենք դա այն առումով, որ չպետք է որեւէ խոչընդոտ, անհանգստություն ստեղծենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Բացի այս, եթե անդրադառնանք պետությանը՝ խայտառակ անօրինական գործողություններ են, սկսած փողերի կորստից, որի մասին անընդհատ խոսում եմ ու ոչ մեկը չի արձագանքում, խայտառակ անօրեն ընտրություններ էին։ Մեր պետությունը չի հասկացել, թե ինչն է կարեւոր այստեղ, Ցեղասպանության թեման դիտարկվել է որպես խոչընդոտող գործոն, իսկ ես ասում եմ՝ սա պետք է դիտարկվի որպես գործիք կանխարգելելու համար, եւ սրանք գեղեցիկ խոսքեր չպետք է լինեն, այլ՝ մենք ի՞նչ ներդրեցինք, որ Ցեղասպանությունն այլեւս երբեք չկրկնվի։ Տապալել ենք պետականաստեղծ գործունեությունը, իսկ եթե տապալված պետություն չլիներ, այլ արժեհամակարգ լիներ, ապա այդպիսի բան Սինանյանը չէր ասի, եթե ունենայինք ուժեղ բանակ՝այդ հարցադրումը օրակարգից դուրս կգար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930