Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անտառածածկ տարածքի անիրական ցուցանիշի՝ 11,2 տոկոսի վրա Հայաստանը պարտավորություն է վերցրել այն հասցնել 12,9 տոկոսի. փորձագետ

Հունիս 05,2023 18:30

Միշտ չէ, որ e-draft.am կայքում տեղադրված նախագծերը հասարակական կազմակերպություններն անմիջապես տեսնում են, այստեղ պետական լիազոր մարմինների կողմից լրացուցիչ աշխատանքի և տեղեկացման կարիք կա: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած «Չոչնչացնել անտառը. կկարողանա՞նք. անտառային նոր քաղաքականություն» թեմայով քննարկմանն ասաց «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը:

Նրա խոսքով, ցանկացած ոլորտային փաստաթղթի, ռազմավարության նախագծի ծանոթանալու համար հասարակական կազմակերպությունները պետք է գոնե նամակով ստանան այդ նախագծերը:

«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարութան որոշման նախագծով անտառների կառավարման մոդելը 2023 թ.-ին որոշակի փոփոխությունների կենթարկվի: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը Հայաստանի անտառային տարածքների վերաբերյալ նոր տվյալներ չուներ, քանի որ իր խոսքով, նոր, թարմացված տվյալներ ունենալու համար անհրաժեշտ է հանրապետության ողջ տարածքում իրականացվի անտառների հաշվառում: Այս պահին պահպանված են 2018 թվականի պաշտոնական տվյալները, որոնց համաձայն անտառային տարածքները կազմում են երկրի տարածքի շուրջ 11,1 տոկոսը:

«Անտառային տարածքների վերաբերյալ արձանագրված 11,1, իրականում ՝ 11,2 թիվը գալիս է դեռևս 1993 թվականից, որից հետո հաշվառում չի իրականացվել և այդ թվի վրա մենք հիմա կառուցում ենք այլ թվեր: Ավելին, Հայաստանը պարտավորություն է ստանձնել, որպեսզի մինչև 2030թ. անտառածածկը հասցնի 12,9 տոկոսի, մենք վերցնում ենք 11,2 տոկոսը դրա վրա ավելացնում ենք թիվ և դարձնում 12,9, այսինքն` մի թիվ, որը իրական չէ, դրա վրա գումարում ենք մեկ այլ թիվ: «Կլիմայի փոփոխության» Փարիզի համաձայնագրի շրջանակում պարտավորություն ենք ստանձնել, որ մինչև 2030թ, մեր անտառածածկը լինելու է 12,9 տոկոս, 50 հազար հա անտառ ենք տնկելու, որ մինչև 2050թ. պետք է անտառածածկ օպտիմալ տարածքը պետք է լինի 20,1 տոկոս»,-տեղեկացրեց Վիկտորյա Բուռնազյանը:

Երբ քննարկման վարողը խնդրեց բացատրել անտառների վիճակի մասին Նիկոլ Փաշինյանի 2018թ. «աղետալի», գնահատականը, Պետրոսյանը հուժկու պատասխան տվեց, մի ամբողջ պատմական էքսկուրս կատարելով ընդհուպ խորհրդային տարիներից մինչև մեր օրեր. «Իհարկե, «աղետալի» բնութագրելը դա ևս մեկ անգամ ընդգծում է այն, որ ինչպես պետական կառավարման մարմինները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները իրենց գործունեության ընթացքում պետք է խստագույնս ուշադրության կենտրոնում պահեն անտառների հետ կապված խնդիրները, որպեսզի էլ ավելի ուշադիր և զգոն լինեն իրենց գործընթացներում: Ակնհայտ է, որ ՀՀ-ում, մոտ 2004թ. սկսեց իր առաջին գործունեությունն իրականացնել, ինչ առումով, փաստաթղթավորման առումով, այսինքն` մենք կարծես թե, ամբողջությամբ գտնվեցինք…  նախկինում դա իրականացվում էր խորհրդային երկրների օգնության շնորհիվ, կային բազմաթիվ գիտական ինստիտուտներ, որոնց գիտաարտադրական փորձերի հիման վրա մշակվում էին որոշակի ուղեցույցներ, որոնց հիման վրա իրականացվում էր անտառտնտեսվարման գործունեությունը: 2004 թվականից կատարվեցին առաջին քայլերը, այն ժամանակ հաստատվեց անտառի ազգային քաղաքականությունը, այնուհետև 2005թ.անտառների ռազմավարությունը….. »,-Պետրոսյանը դեռ երկար կթվարկեր, եթե վարողը նրան չվերադարձներ 2018 թվական:

Քննարկման ավարտին,Վիկտորյա Բուռնազյանը, խախտումների վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ. «2016-21թթ արձանագրվել է 1711 անտառախախտման դեպք, ապօրինի հատվել է 42 433 հատ ծառ, վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառածածկ տարածքները կազմել են շուրջ 70 հազար հա, ավիացիոն-քիմիական պայքարի աշխատանքներ կատարվել են միայն 2016.1208.2021 թվականներին 19503 հա անտառածածկ մակերեսների վրա: Բնակչության մեկ շնչի հաշվով անտառածածկը կազմում է Հայաստանում 0,1 հա, որը բավականին ցածր է ԱՊՀ ցուցանիշից, որը 2,2 հա է և համաշխարհային միջին ցուցանիշից՝ 0,5-0,8 հա: Պետք է նշեմ, որ 2016-21թթ արձանագրվել է հրդեհների 284 դեպք ՝ ընդգրկելով 4393 հա ընդհանուր տարածք , այդ թվում 2967 հա անտառածածկ տարածքներ: Սրանք տվյալներ են , որոնք վերցված են մեր ռազմավարության նախագծից, հուսով ենք, որ այս տվյալները գնալով կնվազեն, երբ որ կարողանանք իրականացնել այս նախագծով նախանշած միջոցառումները»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930