Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են հսկելու ՀՀ արեւմտյան սահմանը. Արմեն Գրիգորյանի հայտարարության հետքերով

Հունիս 05,2023 18:15

«Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ։

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ՝ դա ի գիտություն են ընդունել, և հույս ունենք այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս գործընկերները»,- Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարցազրույցում, օրերս հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին:

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ միջանցք բառի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները 2020 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել, իսկ ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որին Հայաստանը հետևում է. դա սուվերենությունն է, իրավորությունը և փոխադարձությունը։

Քանի որ ԱԳ նախարարն այսօր խորհրդարանում հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանել, լրագրողներին հետաքրքրող հարցն այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հարցը հետեւյալն էր՝ արդյոք նաեւ ՀՀ արեւմտյան սահմանը պետք է ՀՀ սահմանապահ ուժերը վերահսկեն, արդյոք սա Արմեն Գրիգորյանի՞ որոշումն է, թե՞ համայն իշխանության, ի՞նչ ռիսկեր կան այդ դեպքում:

Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ սահմանները, որոնք երկկողմ պայմանագրերով այլ վերապահումներ ունեն, չեն վերանայվում եւ ասաց՝ կարծում է, որ Արմեն Գրիգորյանն այդ մասին բան չի խոսել, քանի որ հարցազրույցն ինքը չէր նայել:

«Այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն կամ նորերը կառուցվեն, պետք է գործեն երկրների ենթակայության սուվերենության ներքո՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա: Մնացած դետալները դեռ բանակցվում են, այստեղ ես վերջնական բան չեմ կարող ասել»,- հավելեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930