«Տարեսկզբյան իր ասուլիսներից մեկում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եվրոպական դիտորդների մասին հարցին, ասաց՝ Եվրոպայում խեթ էին նայում Հայաստանին, որովհետեւ կասկածներ կային, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ Ադրբեջանի նկատմամբ ռազմական ագրեսիա էր նախապատրաստում. արդյոք այդ կասկածները փարատվեցի՞ն եւ եթե նման բան կար, տարակուսելի չէ՞, որ Ադրբեջանն ինքը չէր պահանջում ԵՄ դիտորդներ, ավելին, դեմ էր առաքելության տեղակայմանը»,- այս հարցն այսօր խորհրդարանում, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ կարծում է, առաջիկայում էլ դեռ կմասնակցի այնպիսի քննարկումների, որոնց ժամանակ Ադրբեջանը կհայտարարի, թե հայ-ռուսական համատեղ վտանգ է զգում իր սահմանների նկատմամբ. «Ինքս քանի անգամ տեսել եմ, թե ադրբեջանական կողմը ինչպես է փորձում… քիչ առաջ քննարկում էինք այն հնարավոր կեղծ պատրվակները, որոնցով Ադրբեջանը փորձում է քողարկել, փաթեթավորել կամ հիմնավորել ներխուժումները Հայաստանի տարածք. սա այդպիսի պատճառներից մեկն է եւ երբ ամեն այդպիսի ներխուժման առիթով դիմում էինք եվրոպական գործընկերներին, իրենք ասում էին՝ այսպիսի հիմնավորում է ներկայացրել ադրբեջանական կողմը եւ քանի որ իրենք լսում են և այս կողմին, եւ այն կողմին, գուցե, այդքան վստահություն չունեն»: Այժմ, իր գնահատմամբ, ԵՄ-ն կարող է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ՝ չհենվելով որեւէ կողմի սուբյեկտիվ աղբյուրների վրա եւ ըստ այդմ էլ իրենց դիրքավորումն ունենալ:
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ ԱԳ նախարարի համար տարակուսելի չէ՞, որ 2008 թվականից, դեռ ավելի վաղուց, Ադրբեջանը հղում էր անում Ալմա-Աթայի հռչակագրին, ոչ թե Ալմա-Աթայի արձանագրությանը, որով երկրները միանում էին «Բելովեժյան թավշուտի» համաձայնագրին:
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանն ասաց՝ պատգամավորն ինչ-որ իմաստ է դնում Ալմա-Աթայի հռչակագրի եւ արձանագրության մեջ, բայց մեկ փաթեթով է ամբողջը արվում. «Ես հասկանում եմ՝ ինչ եք ուզում ասել : Կարծում եմ, մեծ դաշտ չկա այդտեղ խոսակցությունը շարունակելու»:
Պատգամավորն արձագանքեց՝ Ադրբեջանը հղում է անում հենց Հռչակագրի վրա, որովհետեւ այն որեւէ մեկը չի վավերացրել, իսկ Արձանագրությունը վավերացրել է Հայաստանը՝ էական վերապահումներով: Մասնավորաբար, խոսքը վերաբերվում է այն ինքնավար կազմավորումներին, որոնք խորհրդային օրենքներով են անկախացել, ինչպես Արցախը, որոնք դիմել են ԱՊՀ-ին միանալու: Այս մասով, պատգամավորը վստահ է, որ ԱԳ նախարարը Լեոնարդ Պետրոսյանի՝ դեկտեմբերի 12-ի նամակին էլ է ծանոթ: Ինչպես նաեւ, վստահ է, որ ԱԳ նախարարը տեղյակ է, որ Ադրբեջանը չի վավերացրել այդ արձանագրությունը, հետեւաբար Բելովեժյան համաձայնագիրը եւ ընդունվել է ԱՊՀ 1993 թվականին եւ երբ 1992-ին ՀՀ խորհրդարանը վավերացնում էր այդ համաձայնագիրը՝ Ադրբեջանն ԱՊՀ անդամ չէր: Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ տարբերությունն էական է եւ պատահական չէ, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթն է առաջ մղում ու զարմացած է, որ Արարատ Միրզոյանն ասում է՝ «Դե ի՞նչ տարբերություն»:
Ավելի ուշ, Արարատ Միրզոյանն ասաց՝ Ալմա-Աթիի մասով մեզ համար կարեւորը հետեւյալն է՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ եղած վարչական սահմանները ճանաչվում են եւ դառնում են միջպետական սահմաններ. սրա մասին է խոսքը եւ սրա մասին է խոսքը եղել Պրահայում եւ սրա մասին ենք հանձնառություն լսում Ադրբեջանից:
Արթուր Խաչատրյանը տարակուսեց՝ այդ դեպքում սահմանազատման եւ սահմանագծման հարցն ի՞նչ կապ ունի եւ եթե գործընթացի արդյունքում սահմանը ասենք 100 քառակուսի կիլոմետր փոխվի, դա արդեն կնշանակի, որ տարածքային ամբողջականությունը չես ճանաչել:
Արարատ Միրզոյանը չհամաձայնեց՝ պնդելով, որ ճանաչված սահմանները կարող են սահմանազատել եւ սահմանագծել:
Կողմերը մնացին իրենց համոզմունքին. Արարատ Միրզոյանը պնդեց, որ իրենց քաղաքական ուժի արած այդ քայլը զուտ քաղաքական է, որը նշանակում է՝ ՀՀ-ն Ադրբեջանից տարածքային պահանջ չունի եւ այդ հայտարարության իմաստը ոչ թե 86,6-ի մասին է, այլ այն մասին, որ Ադրբեջանը հայտարարի՝ ճանաչում է ՀՀ-ն՝ 29.800 քառակուսի կիլոմետրում:
Ընդդիմադիր պատգամավորի մի դիտարկումն էլ վերաբերվում էր ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը: Հակադարձելով նախարարի այն պնդմանը, որ ՀՀ բոլոր իշխանություններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, տարբերությունն այն է, որ իրենք իշխանությունը ընդգծում է 86,6 հազար քառակուսի կիլոմետրը, Արթուր Խաչատրյանն ասաց՝ սա միայն թվաբանություն չէ. «Եկեք ընդունենք՝ ճանաչել Սերբիայի անկախությունը Կոսովոյով եւ առանց Կոսովոյի, էական տարբերություն է: Ես հիմա չեմ ուզում երկիրը դնել հարվածի տակ եւ ասել՝ Սերբիան քանի՞ կիլոմետրով եք ճանաչել: Կամ՝ Ղրիմը ճանաչում եք Ուկրաինա՞, թե՞ ՌԴ՝ ճանաչելով այդ երկրների տարածքային ամբողջականությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ