«Ադրբեջանը մինչեւ այժմ դժկամություն է ցուցաբերել 1975 թվականի քարտեզը որպես սահմանազատման հիմք ընդունելու հարցում եւ վերապահումներ է հայտնել, որոնց բովանդակությանը դեռ մենք ծանոթ չենք»,- այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մյուս կողմից, Ադրբեջանն ասում է, որ պետք է լինեն այլ փաստաթղթեր, որոնց մենք կրկին ծանոթ չենք։ Մյուս կողմից, մենք ունենք Ադրբեջանի նախագահի խոսքն այն մասին, որ ինքը դեմ չէ 1975 թվականի քարտեզը որպես հիմք վերցնել։ Մյուս կողմից, մենք խոսում ենք սահմանազատման գործընթացի համար հիմքը ֆիքսելու մասին, ոչ թե վերջնանպատակը։ Սահմանազատման գործընթացում քաղաքական, տնտեսական, հազար ու պատճառներով կարող են լինել որոշակի փոխընդունելի ու փոխհամաձայնեցված շտկումներ։ Մենք ասում ենք, որ 1975 թվականի քարտեզը՝ որպես ամենաամուր իրավական հիմքեր ունեցող փաստաթուղթ, պետք է լինի այս սահմանազատման գործընթացի հիմքում»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը նշեց, որ ԽՍՀՄ օրոք հողերի փոխանակումներ են եղել, այս հարցում եւս պետք է որպես հիմք վերցվեն այն փաստաթղթերը, որոնք ունեն իրավական հիմք։ «Իմ պատկերացմամբ՝ կարող են հիմք ծառայել այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են իրավասու մարմինների կողմից ու վավերացվել են։ Այդպես որ նայենք, կարող է շատ գտնենք երկու գյուղերի ու կոլխոզների որոշում՝ զանազան տարածքների փոխանակության մասին, դրանք հիմք չեն կարող լինել։ Մեր խնդիրն է ապահովել ճիշտ իրավական հիմքը»,- հավելեց նախարարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ