Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ տնային կալանքը կարող է նաև մեղմ համարվել այս դեպքի համար»․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Հակոբյանի մասին

Հունիս 05,2023 16:55

«Ըստ էության, ես չեմ որոշողը, թե ով պետք է դատապարտվի, ով՝ ոչ»,- զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղի է ունենում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստը։

Աշոտ Փաշինյան

Լրագրողների դիտարկմանը՝ տեսանյութում երևում է, որ Դուք հանգիստ գնացիք, նստեցիք մեքենան, ուստի ի՞նչ առևանգման մասին է խոսքը, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Գործը հրապարակվել է, դուք ծանո՞թ եք գործին։ Հասկանալի է, թե որ հատվածն է առևանգում համարվում։ Եթե դուք ծանոթ եք ցուցմունքին, ծանոթ եք դատաիրավական գործընթացին, ըստ էության կետ առ կետ ցուցմունքում գրված է, թե որ հատվածն է եղել խնդրահարույց»։

Հարցին՝ Ձեզ համոզե՞լ են, ստիպե՞լ են, որ նստեք մեքենա, Աշոտ Փաշինյանը պատասխանեց, որ իր կամքով է նստել»։

Լրագրողների դիտարկմանը՝ եթե Գայանե Հակոբյանը ցանկանար իրեն առևանգել, ի սկզբանե կառևանգեր, Աշոտ Փաշինյանն արձագանքեց․ «Ես ունեմ իմ տեսանկյունը»։ Հարցին՝ ո՞ր պահից սկսվեց առևանգումը, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Այն պահից, երբ ես սկսեցի իջնել մեքենայից, և տիկին Գայանեն թույլ չտվեց, որ ես իջնեմ մեքենայից»։

Հարցին՝ վախեցա՞ք գնալ Եռաբլուր, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Հարցը վախենալը չէ։ Ցուցմունքում էլ կա, որ ես տիկին Գայանեին հարգանքով, շնորհքով ասել եմ՝ այսքան ժամանակ չի եղել իրավիճակ, երբ որևէ մեկը ցանկանա կապ հաստատել ինձ հետ, և դա չստացվի իր մոտ, ուստի իմ կամքից անկախ ինչո՞ւ եք ինձ տանում Եռաբլուր, վերցրեք իմ համարը, զանգեք, եթե կարիք ունեք հանդիպելու, հանդիպենք։ Ես էս պահին չեմ ուզում Ձեզ հետ գալ Եռաբլուր»։

Լրագրողները հիշեցրին՝ խոսակցություններ կան, որ Դուք ասել եք՝ Ձեր ծնողների հետ համամիտ չեք, ՀՀ վարչապետի որդին արձագանքեց․ «Դա բացարձակ սուտ է։ Նման բան չի եղել»։

Դատական նիստի ժամանակ Աշոտ Փաշինյանը, պատասխանելով նախագահող դատավոր Մ․ Շահվերդյանի հարցին, ասաց, որ բնակվում է Գարեգին Նժդեհի հասցեում։ Նա դատարանի դահլիճում էր առանց պաշտպանի։

Դատախազ Դանիելյանն ասաց, որ իրենք դեմ են Գայանե Հակոբյանի կալանքի փոփոխմանը և հայտարարեց, որ գործի նախաքննության ընթացքում զոհված զինծառայողներից մեկի ծնողը` Վիգեն Ազատյանը զանգահարել է տուժող Աշոտ Փաշինյանին: Աշոտ Փաշինյանը հաստատեց մեղադրողի հայտարարությունը։ Սկզբում իր դիրքորոշումը ներկայացնելիս, ասաց․ «Ըստ էության մասնագիտական հարց է, դա իմ որոշելու հարցը չէ»։

Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը հարցրեց՝ Գայանե Հակոբյանը, մնալով ազատության մեջ, վտանգ կա՞, որ էլի իրեն կառևանգեն, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Հաստատում եմ մեղադրող կողմի այն ասածները, որ ինձ զանգահարել են։ Ինձ զանգել է Վիգեն Ազատյանը։ Դա արդեն Դուք պետք է որոշեք, թե դա ինչքանով է ազդում դատական գործընթացի վրա։ Կապը հասկանալի է, չէ՞, որ Վիգեն Ազատյանն ինձ զանգահարել է միջադեպից հետո, ևս երկու օր հետո»։

Ըստ Աշոտ Փաշինյանի՝ պաշտպանական կողմը «մաքսիմալիստական մոտեցումներով է» հարցին մոտենում․ «Ասեմ, որ քննարկման ենթակա էլ չէ, տեղին չէ ասելը, որ խափանման միջոց տնային կալանքը փոխվի բացարձակ ազատության։ Պաշտպանական կողմի ելույթները դրա ապացույցներից են։ Պաշտպանական կողմն ակնհայտ փորձում է մինչև դատավարությանն անցնելն արդեն տեղի ունեցածին, որը ես ինքս հանցանք եմ անվանում, տարբեր մանիպուլյատիվ բնորոշումներ տալ՝ օրինակ՝ որպես միջադեպ։ Եթե պաշտպանական կողմն այս մոտեցումն է որդեգրել, ուրեմն իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է նաև մեղմ համարվել այս դեպքի համար՝ տեղի է ունեցել ծանր հանցագործություն։ Նույնիսկ տնային կալանքի չպետք է փոխվեր, որ մի հատ էլ էսօր նստեին, քննարկեին, տնային կալանքը հանելու մասին»։

Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը նախագահող դատավորին խնդրեց հավաստիացնել, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։ Նախագահող դատավորն էլ վստահեցրեց՝ նման բան չի կարող լինել։

Փաստաբաններին նաև հետաքրքրեց՝ ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանը դատարանի դահլիճ մտել նույն դոնից, որից դատավորը, և մի՞թե դա չի վկայում այն մասին, որ նա արտոնյալ վիճակում է։ Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Ուշանում էի դատական նիստից, լրագրողներին հարցազրույց էի տալիս, անմիջապես այն կողմից մտել եմ»։

Գեորգի Մելիքյանը Աշոտ Փաշինյանին հարցրեց՝ քանի որ այսօր անվտանգության աշխատակիցների հետ է ներկայացել, ուստի մի՞շտ է օգտվում անվտանգության ծառայությունից, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Ինչ-որ իրավիճակում անվտանգության ծառայությունն ինքն է որոշում կայացնում, որ պետք է ինձնից հեռավորության վրա լինել՝ ուղեկցել՝ օպերատիվ իրավիճակից ելնելով»։

Նշենք, որ այս պահին դատական նիստն ընդմիջվել է։ Նախագահող դատավորը վրդովվեց, քանի որ դատարանի դահլիճում վիճաբանություն և լեզվակռիվ տեղի ունեցավ Գեորգի Մելիքյանի և դատախազ Դանիելյանի միջև։ Նախագահող դատավորը վրդովված հայտարարեց․ «Ձեզ իրավական դաշտը չի հետաքրքրում, ձեզ միայն շոուն է հետաքրքրում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930