Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ի՞նչ տեսակետ ունի հայկական կողմը Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա տարածած հայտարարության մասին, թե «որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել որեւէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»:
«Ես չեմ սիրում մեկնաբանել արտգործնախարարությունների հայտարարությունները, մենք անհրաժեշտության դեպքում հանդես կգանք մեկնաբանությամբ։ Բայց կարծեմ հայտարարությունը, որը դուք նշում եք, մի փոքր այլ դիրքորոշում է արտահայտում, քան այն, ինչ ձեր կուսակցական ընկերոջ պատկերացմամբ պետք է լիներ։ Վստահություն կար, որ 1975 թվականի քարտեզն աջակցություն է ստանում եւ առաջ է մղվում հենց Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայտարարությունը, որը քիչ առաջ եղել է, այդքան էլ այդ մասին չէ։ Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասում էի՝ մեզ անհրաժեշտ է գտնել այն փաստաթուղթը, որն իրավական առումով հնարավորինս անխոցելի է, այն առումով, որ ընդունված է ԽՍՀՄ իրավասու մարմնի կողմից եւ վավերացված է Ադրբեջանի եւ Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության իրավասու մարմինների կողմից եւ որով սահմանվել են մեր սահմանները։ Եվ, ահա, ամենաթարմ փաստաթուղթը, մեր համոզմամբ, 1975 թվականի քարտեզն է»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ Ալմաթիի հռչակագիրն ու 1975 թվականի քարտեզն այն փաստաթղթերն են, որոնցով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ սահմաններն արձանագրվել են։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ