Հայ եւ արգենտինացի օրենսդիրները, հանդիսանալով համապատասխան բարեկամական խմբերի անդամներ, արգենտինացի օրենսդիրների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցի շրջանակում Երեւանում կայացած հանդիպումների արդյունքում ցանկություն են արտահայտում խթանել օրենսդրական, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող աշխատանքները՝ հետեւյալ հիմնական դրույթների հիման վրա.
– Մարդու իրավունքների հանդեպ հարգանք,
– Ժողովրդավարական համակարգերի ամրապնդում,
– Միջազգային վեճերի խաղաղ լուծում,
– Ագրեսիայի բացառման սկզբունք,
– Միջազգային խաղաղություն եւ անվտանգություն,
– Երկկողմ տնտեսական գործունեության խթանում,
– Մշակութային կապերի ամրապնդում,
– Արգենտինայում հայ համայնքի՝ համերաշխությանը միտված գործողությունների տեսանելիության մակարդակի բարձրացում: Այդ նպատակով եւ վեճերի լուծման հարցում եւս մեկ անգամ հանդես գալով երկխոսության եւ դիվանագիտության դիրքերից՝ ընդգծում են հումանիտար ճգնաժամի խորացումից խուսափելու նպատակով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կարեւորությունը, ինչպես նաեւ՝ 2020 թվականի ողբերգական ռազմական գործողություններից հետո որպես ռազմագերիներ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը:
Երեւան, Հայաստանի Հանրապետություն, 2023 թվական, հունիսի 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ