Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան

Հունիս 05,2023 16:14

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով, հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները անհավասար պայմաններում են աշխատում Հայաստանի համար հիմնականում մարտահրավերներ ստեղծող երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ թե դիվանագետների թվի պակասով, որոշ երկրներում անգամ դիվանագիտական ներկայացուցչություններ չունենալով եւ այլ երկրներից սպասարկվելով:

Նա նկատեց, որ ռեսուրսների սղության պայմաններում, որոշ երկրներում ունենք դեսպանատներ, ինչը նաեւ անհասկանալի է: Խնդիրն այսօր իշխանական պատգամավորն արծարծեց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ըստ Արսեն Թորոսյանի, մենք արդեն բավարար տնտեսական աճ ունենք, նաեւ բյուջետային աճ կունենանք, ուստի կարելի կլինի հարցին անդրադառնալ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կիսում է պատգամավորի մտահոգությունները եւ փաստում, որ հաճախ ոչ մրցակցային պայմաններում ենք՝ սկսած շենքային պայմաններից: Չնչին բացառություններով, հիմնականում, տարբեր երկրներում Հայաստանը ներկայացված է «1+1» ձեւաչափով՝ դեսպան եւ մեկ աշխատակից, որոնց աջակցում են տեղի վարչական աշխատակիցները, ինչը ոչ միշտ է բավարար, արդյունքում «մնում են հորիզոններ, որոնք չեն նվաճվում»: Խնդիրը, ըստ ԱԳ նախարարի, միշտ չէ, որ ֆինանսական է, հաճախ նաեւ կադրային է եւ եթե հիմա որոշենք որոշ երկրներում աշխատել «1+5» ձեւաչափով, կպարզվի, որ մենք այդքան որակավորված դիվանագետներ չունենք: Կադրային բազան լրացնելու համար ԱԳՆ-ն նաեւ արտաքին մրցույթներ է իրականացնում. երկու մրցույթ եղել են, երրորդը սպասվում է: Իսկ որպեսզի ԱԳՆ-ում աշխատանքը գրավիչ դառնա, այնտեղ ևս կամավոր ատեստավորման սխեմա կիրականացվի, ինչի արդյունքում մեր դիվանագետները հնարավորություն կունենան ընդհուպ մինչեւ կրկնապատկել աշխատավարձերը:

Արարատ Միրզոյանն ասաց, որ անցնող տարում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների վերանորոգումներ են եղել, քանի որ վաղուց այդ մասով աշխատանք չէր արվել, համակարգիչներն են փոխվել, որոշ մայրաքաղաքներում աշխատանք են տանում անշարժ գույք ձեռքբերելու համար, որպեսզի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը լինի ՀՀ սեփականությունը, քանի որ դա առավել ձեռնտու կլինի, քան անընդհատ վարձակալությունը: Քանի որ աշխատանքները ընթացքի մեջ են, նա չհրապարակեց, թե ո՞ր պետությունների մասին է խոսքը:

Ըստ Արարատ Միրզոյանի, 2022 թվականին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկան զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930