Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանում հակահայ հիստերիայի նոր պոռթկումը ինչ-որ շրջանակների շահերից է բխում»․ Շիրակ Թորոսյանն ԱԳ նախարարին կոչ արեց քայլեր ձեռնարկել

Հունիս 05,2023 15:54
vrastan

Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Վրաստանում հակահայկական տրամադրությունների վերաբերյալ․ «Վերջին շրջանում, հատկապես մայիս ամսին, վրացական հանրային միջավայրում սկսեց գլուխ բարձրացնել մի տհաճ իրողություն, այսպես կոչված, հակահայկական հիստերիա, արմենոֆոբիա։ Հանդես եկան ինչ-որ կուսակցական գործիչներ, ինչ-որ քաղաքագետներ եւ ամենատարբեր, անգամ հայհոյալից բառապաշարով լուտանքներ հնչեցրեցին հայ ժողովրդի հասցեին։ Անգամ Աբխազիայի հետ կապված խնդիրը փորձեցին կարկատել աբխազահայերի վրա։ Այստեղ ցավալին այն է, որ նման երեւույթների տարածողները, ճիշտ է, առաջին շերտի քաղաքական ու պետական գործիչներ չեն, բայց լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվամիջոցներով։ Եվ կարծես թե տպավորություն կար, որ այդ արմենոֆոբիայի նոր պոռթկումը ինչ-որ շրջանակների շահերից է բխում։ Կոչ եմ անում փորձել գործընկերային միջավայրում հասկանալ, թե ինչից է դա գալիս ու հասնել նրան, որ վրացական իշխանությունները ադեկվատ գործողություններ կատարեն՝ այդ պոռթկումը մեղմելու ու բացառելու համար»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, կառուցողական ու անկեղծ քննարկվում են բոլոր հարցերը։ «Ժամանակ առ ժամանակ երկու հասարակություններում գուցե տեղ գտնեն նաեւ այդպիսի անցանկալի դրսեւորումներ։ Երկու երկրների քաղաքական իշխանությունների պարտավորությունն է անել ամեն ինչ, որպեսզի այդպիսի դրսեւորումներն ուղղակի չլինեն կամ հենց ամենանախնական փուլից արմատախիլ արվեն։ Նախ, որովհետեւ բոլորս ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի առումով ունենք միջազգային պարտավորություններ։ Երկրորդ, ես վստահ եմ, որ դրանում շահագրգիռ կարող են լինել երրորդ երկրները, բայց ոչ Վրաստանը եւ ոչ Հայաստանը»,- ասաց Միրզոյանը։

Շիրակ Թորոսյանը հավելեց, որ իսկապես, ոչ Հայաստանին, ոչ Վրաստանին նման իրավիճակ ձեռնտու չէ։ «Եվ կարող ենք հետեւություն անել, որ երրորդ ուժի կամ ուժերի գործոնն այստեղ կա ակնհայտ՝ սեպ խրել զարգացող հարաբերությունների մեջ եւ խնդիրներ ստեղծել երկու երկրների համար եւ հանդես գալով որպես դատավոր՝ փորձել իրավիճակը վերցնել իրենց ձեռքը։ Սա ակնհայտ միտում է, որն այսօր նկատում ենք, եւ մենք մեր դիվանագիտական բոլոր լծակներով պետք է բարեկամ երկրի մեր գործընկերների հետ աշխատենք՝ թույլ չտալու որեւէ օտարի մեր տարածաշրջանում ջուր պղտորելու եւ ձուկ բռնելու»,- հավելեց Թորոսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930