Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյանն էլ հուսախաբ արեց Արթուր Խաչատրյանին. վերջին հույսը Մհեր Գրիգորյանն է

Հունիս 05,2023 15:29

«Եթե 10 միլիարդի լավ ծրագիր ունենաք, 10 միլիարդ էլ կա եւ կլինի, դա 2,8 միլիարդով չի սահմանափակվում: Հայաստանի վարկունակությունը շատ բարձր է: Խնդիրն այստեղ փողի հասանելիությունը չի, այլ այն ծրագրերն են, որը մենք պետք է ունենանք, որպեսզի ներդրումներ կատարենք մեր երկրի զարգացման համար»,- այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը շարունակեց ԵՄ-ից ակնկալվող գումարի թեման՝ հիշեցնելով, որ ի սկզբանե դա նախատեսված էր իբրեւ հավելյալ աջակցություն եւ որեւէ կապ չուներ այն բոլոր գումարների եւ ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ստացել է մինչ օրս եւ ուղիղ հարց տվեց նախարարին՝ այդ գումարից ինչ-որ հույս ունե՞նք, թե՝ ոչ:

Վահե Հովհաննիսյան

«Պարոն Խաչատրյան, ցավում եմ, ձեզ հուսախաբ անել, որովհետեւ ես էլ չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, որովհետեւ ֆինանսների նախարարությունը չի անմիջական բանակցում այդ ծրագրերը»,- ասաց նախարարը՝ կրկնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը ստանում է գումարները, եթե ծրագրերն արդեն պատրաստ են: Ընդհանուր աշխատանքը համակարգվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի կողմից: Նախարարն ասաց, որ կարող է զեկուցել արդեն իսկ ստացված գումարների եւ ծրագրերի մասին, սպասվելիք ծրագրերի եւ գումարների մասին տեղյակ չէ:

Պատգամավորը նեղսրտած էր, քանի որ որեւէ գերատեսչությունում իր հարցի պատասխանը չէին տվել. կփորձի վերջին հույսը՝ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխաններ ստանալ:

Ընդդիմադիր պատգամավորը մտահոգված է նաեւ այն փաստով, որ Հայաստանում բոլոր կապիտալ ծախսերը, որոնք պայմանավորված են զարգացման ծրագրերով, իրականացվում են արտաքին ֆինանսավորմամբ՝ վարկային միջոցների հաշվին: Ըստ այդմ, 2022 թվականին միայն 200 միլիարդի կարգի միայն տոկոս է փակվել. դա այնքան գումար է, որ քան տարեկան կտրվածքով տրվում է կրթության ոլորտին՝ բոլոր ծախսերի համար: Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է՝ «ոտքը վերմակի չափով պարզել»՝ սահմանափակելով եւ ընթացիկ ծախսերը, եւ վարկերի ներգրավումը, քանի որ առաջիկայում վարկերի սպասարկման խնդրի առաջ ենք կանգնելու, առավել ևս, եթե եվրոյի փոխարժեքը վերադառնա նախկին՝ 500-ից բարձրին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930