Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքի լոբբիստական կառույցները տարիներով կուտակել են մի աշխատաոճ, որը եւ իրենց, եւ Հայաստանին վնասում է»․ ՔՊ պատգամավորը Արարատ Միրզոյանին

Հունիս 05,2023 15:06

Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների մասին։ «Նրանք ավելի շատ խանգարում են մեզ, քան աջակցում»,- ասաց պատգամավորը։

Վիգեն Խաչատրյան

«Երբեմն բարեկամական խմբերին թվում է, թե սփյուռքյան կառույցները Հայաստանն են ներկայացնում։ Նրանց մոտ այս շփոթը կա։ Վերջերս սփյուռքյան կոնկրետ կազմակերպություն բողոքում է, որ դիմել է հայ-կանադական պատգամավորական խմբին, որպեսզի հայտարարությամբ հանդես գա, նրանց ներկայացուցիչն ասել է՝ ձեր Հայաստանի դեսպանությունը դեմ է, մենք ո՞նց այդպիսի բան անենք։ Ավելի լուրջ վնաս Հայաստանի արտաքին քաղաքականությանը դժվար է հասցնել։ Այսինքն՝ փոխանակ այդ մարդիկ սկզբում դեսպանատան հետ աշխատեն, ճշտեն Հայաստանի դիրքորոշումը, եթե համընկնում է, քայլեր անեն, եթե չի համընկնում, գոնե ձեռնպահ մնան, մի բան էլ առաջ ընկած իբր ազգային նպատակներ են հետապնդում, իրականում փչացնում են հարաբերությունները։ Գուցե մեր դեսպանատներն այստեղ աշխատանք պետք է անել։ Լոբբիստական կառույցները տարիներով կուտակել են մի աշխատաոճ, որն իրականում եւ իրենց, եւ մեզ վնասում է։ Եվ ավելին, այդ ոճը Հայաստանում պահպանվում է, անգամ խորհրդարանում։ Երբեմն չես կարողանում հասկանալ՝ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես վարչապետն ասաց, դիտում են նպատա՞կ, թե՞ գործիք։ Մենք պետք է շատ ավելի աշխատենք մեր ժողովրդի հետ, որ մենք մի նպատակ ունենք՝ ՀՀ անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը, գումարած Արցախի հետ կապված պրոբլեմները, որ մենք մեր պատկերացում ունենք, թե ինչպիսին է»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ դեսպանությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, իսկ Սփյուռքի կազմակերպությունների հետ համագործակցությունը շատ կարեւոր է։ «Կառաջարկեի մյուս ծայրահեղության մեջ էլ չընկնել։ Մի դեպքում պետությունը, մի դեպքում սփյուռքյան կառույցը ունեն իրենց երկու օրակարգերը, որոշ կետերով դրանք կարող են համընկնել, որոշ կետերով չհամընկնել։ ՀՀ դիրքորոշումը ներկայացված է դեսպանատների միջոցով»,- հավելեց Միրզոյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930