Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ ԵՄ-ի խոստացած 2,8 միլիարդ եվրոն. Սոնա Ղազարյան

Հունիս 05,2023 14:58

2022 թվականին Հայաստանը ԵՄ-ից 8 միլիարդ 885 միլիոն դրամի չափով դրամաշնորհ է ստացել, որից մոտ 3 միլիարդը՝ նպատակային, մնացածը՝ ոչ նպատակային դրամաշնորհ է եղել: Արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարված ծախսերը՝ առանց համաֆինանսավորման, 2022-ին կազմել են 57 միլիարդ դրամ, ԵՄ-ից ստացված միջոցների հաշվին 10 միլիարդ դրամ՝ վարկերի հաշվին, 2 միլիարդ 568 միլիոն դրամ՝ դրամաշնորհների հաշվին: Բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար Ֆրանսիական աջակցության գործակալությունից 41,6 միլիարդ դրամի վարկ ենք ստացել, 16,6 միլիարդ դրամ էլ՝ նպատակային վարկի ֆինանսավորում է իրականացվել: Այս ցուցանիշներն այսօր, ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց ԵՄ-ի՝ ՀՀ-ին տրամադրած 2,8 միլիարդ եվրո գումարից, որից հայտնի է միայն, որ 500 միլիոն եվրոն բանկային խողովակներով տրամադրվել է մանր ու միջին բիզնեսին՝ աջակցության տարբեր ծրագրերով: Գումարի մնացած մասի ճակատագրի մասին տեղեկությունը մշուշոտ է: Պատգամավորը հավելեց, որ կառավարության ծրագրում, նախատեսված էր նաեւ այդ գումարից Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար, որը գնահատվում էր 900 միլիոն եվրո, բայց հետո հստակ չեղավ նաեւ այդ գումարի ճակատագիրը:

Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարարը հստակեցրեց՝ գումարը Հայաստանին չի տրամադրվել, այլ ձեռք է բերվել համաձայնություն, որ կարող է տրամադրվել 2,8 միլիարդ եվրո, եթե լինեն համապատասխան ծրագրեր եւ նպատակ է դրվել ձեւավորել այն ծրագրերի շրջանակը, որոնց համար պետք է տրամադրվեն այդ գումարները, իսկ նման գումարի ծրագիր, մեկ օրում կամ մեկ ամսում հնարավոր չէ կազմել, ուստի, այն մասով, որով կա պատրաստի ծրագիր եւ որի մասին պատգամավորն ասաց, գումարները տրամադրվել են, մնացյալն՝ ընթացքի մեջ է:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ շուտով կհայտարարվի Հյուսիս-Հարավի չորրորդ տրանշի՝ Սիսիան-Քաջարան հատվածի մրցույթը: Երեք ֆինանսավորող կողմ կա՝ ՎԶԵԲ-ը, Եվրոպական ներդրումային բանկը եւ Ասիական զարգացման բանկը: Ծրագրի նախագծային արժեքը մոտ մեկ միլիարդ դոլար է: Նախարարը հույս ունի, որ այս տարի մրցույթը կամփոփվի եւ եկող տարվա գարնանից շինարարական աշխատանքները կսկսվեն: Երկրաբանական աշխատանքների հետ կապված հավելյալ խնդիրներ են առաջացել, բանախոսը կարծում է, որ դրանք գնումների գործընթացին զուգահեռ պետք է իրականացվեն, որպեսզի ժամանակ չկորցնենք:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930