Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ոստիկանության նման պաշտոնյան դուրս չի շպրտվում համակարգից. Իրավապաշտպան

Հունիս 05,2023 14:43

«Տեսարանը, որ տարածվեց հանրային տիրույթներում եւ սոցցանցերում, բավական մտահոգիչ էր եւ զայրացնող, որովհետեւ գործ ունենք ոստիկանության պաշտոնյայի հետ, որը չարաշահելով իր դիրքը՝ անչափահասի նկատմամբ բռնություն էր կիրառել»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Բռնության մշակույթը. ի՞նչ կփոխվի հանրային աղմուկից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ի՝ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի կողմից ծեծի ենթարկվելու միջադեպին: Նրա խոսքով, այն ինչ տեղի ունեցավ հասարակության հետ, լուրջ ցնցում էր:

«Խնդիրը երկու շերտ ունի. նախ ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցն իրեն թույլ տալիս այդպես վարվել ցանկացած մարդու հետ, այս դեպքում՝ անչափահասի: Երկրորդը՝ ինչպե՞ս է այդ դեպքերին արձագանքում համակարգը: Համակարգային արձագանքն ուղղակի ապշեցուցիչ էր: Նախ այն, թե ինչու ոստիկանության նման պաշտոնյան դուրս չի շպրտվում համակարգից, այլ ընդամենը ժամանակավորապես կասեցվում է նրա գործունեությունը: Երկրորդը՝ քրեական գործը հարուցվում է, ապա կարճվում, քրեական վարույթը կասեցվում է: Փաստացիորեն մենք գործ ունենք անպատժելիության մթնոլորտի հետ»,-ասաց Զառա Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի խոսքով, եթե հանրային աղմուկը եւ հասարակության ճնշումը չլինեին համակարգի վրա, կունենայինք կատարյալ անպատժելիություն, ինչպիսին առկա է բազմաթիվ այլ դեպքերում, երբ նաեւ տուժածի հարազատները ինչ-ինչ պատճառներով լռում են, վախենում բողոքել:

Նա ընդգծեց. «Համակարգը պետք է զգայուն լինի բռնության ցանկացած դեպքի նկատմամբ, եթե մենք խոսում ենք ոստիկանության բարեփոխումներից, իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման խնդրից, շատ հաճախ որպես ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող իրավապաշտպան՝ խրախուսում ենք բռնության ենթարկված անձանց զանգահարել ոստիկանություն, հավաստիացնում ենք, որ կստանան պաշտպանություն, մինչդեռ այստեղ այսքան տարի արված աշխատանքը փլուզվում է, մարդիկ ուղղակի թերահավատությամբ են լցվում համակարգի նկատմամբ: Այնպես որ, գուցե այլեւս այդ մարդիկ չփորձեն էլ պաշտպանություն հայցել ոստիկանությունից»:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը նշեց, որ Երեխաների պաշտպանության ցանցը, որտեղ համախմբված է շուրջ 50 հասարակական կազմակերպություն, արդեն իսկ հայտարարություն է տարածել կատարվածի մասին: «Այս մեկ դեպքը նորից ցնցեց հասարակությանը, եւ վեր հանվեցին բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հասարակությունում: Այս մեկ դեպքի բացահայտումը, սակայն, չի նշանակում, որ այսպիսի դեպքերը բացառիկ են: Ցավոք, բռնությունը համատարած է,եւ ոչ միայն ֆիզիկական բռնությունը, այլեւ հոգեբանական ու սեռական: Մեր հասարակությունում բռնության բոլոր տեսակները տարածված են»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930