Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ասել են՝ Արցախը կապ չունի Ադրբեջանի հետ»․ Քրիստինե Վարդանյան

Հունիս 05,2023 14:31

«Որեւէ ադեկվատ մարդ չի կարող դեմ լինել սահմանազատմանը եւ սահմանագծմանը։ Մենք դեմ ենք ուժի սպառնալիքով, հապշտապ, որ շահեկան բանակցողներով արագացված սահմանազատման ու սահմանագծմանը»,- Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա նշեց, որ խորհրդարանում Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե Հայաստանի բոլոր նախորդ կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ վերջերս ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, իրենք շարունակում են այն, ինչ 30 տարի բանակցվել է։ «Մինչդեռ, իրականությունն այն է, որ, այո, Հայաստանի բոլոր կառավարություններն ու ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրանից հետո ասել են մեկ նախադասություն՝ Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Հիմա, եթե դուք ամեն ինչ արել եք այնպես, ինչպես արել են նախկինները, այդ մի նախադասությունն էլ ասեք, այս շփոթմունքը մեր հանրության մոտ լրիվ կվերանա։ Անցած տարվանից ԱԳՆ-ում մի պաշտոնյա ենք ման գալիս, ով կասի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց այդպես էլ չգտանք։ Հիմա էլ չենք կարողանում գտնել»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Մենք գրեթե ոչինչ չենք անում նախկինների նման տարբեր ոլորտներում։ Ամենակարեւոր բաներից մեկը, ինչ մենք չենք անում նախկինների նման արտաքին հարաբերությունների ոլորտում, մենք հրապարակավ ասում ենք այն, ինչ բանակցում ենք։ Եվ մեր դիրքորոշումը հրապարակավ իդենտիկ է նրա, ինչը մենք որդեգրել ենք եւ ցույց ենք տալիս բանակցությունների ընթացքում փակ դռների հետեւում։ Մի քիչ շատ որ քչփորենք, հակառակ դեպքեր կգտնենք, բայց ինքս շահագրգռված չեմ այդպիսի քննարկման մեջ»։

Միրզոյանը հավելեց․ «Ասում եք, որ սահմանազատման բացակայությամբ արդարացվում են Ադրբեջանի ներխուժման գործողությունները, հարձակումները։ Ես կրկնում եմ՝ մենք ասում ենք Ադրբեջանը ներխուժում է ՀՀ տարածք, սա ուժի կիրառում է, Ադրբեջանը սպառնում է այդպիսի գործողություններ անել, սա ուժի սպառնալիք է։ Եվ այն, որ սահմանազատված չէ պետական սահմանը, դա չի կարող որեւէ կերպ առիթ տալ այդպիսի գործողություններ անելու։ Այստեղ մեր խնդիրը Ադրբեջանի շինծու պատրվակները կամ խոսույթներն են։ Սա չի ստվերում անհրաժեշտությունը՝ ունենալու իրավական սահմանազատման գործընթաց»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930