Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «ՀԱՊԿ-ն բարձր մակարդակով հայտարարություններ է անում, որ իրենք պատրաստ են առաքելության տեղակայմանը Հայաստանում, բայց հայկական կողմը, որպես առաքելության տեղակայման կամ Հայաստան ժամանելու նախապայման, դնում է ագրեսիայի փաստի արձանագրումը ՀԱՊԿ կողմից։ Ինչո՞ւ է Հայաստանը երեք տարիների ընթացքում առաջին անգամ որոշել նախապայման կիրառել ոչ թե թշնամիների, այլ բարեկամ ուժերի եւ երկրների նկատմամբ։ Եթե որոշել եք նախապայմաններով խոսել, ինչո՞ւ այդ նախապայմանները հայելային կերպով չեն վերաբերում Թուրքիա-Հայաստան, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին։ Օրինակ՝ ինչո՞ւ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար նախապայման չի դրվում ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքից դուրս գալը։ Թուրքիայի դեպքում ինչո՞ւ նախապայման չի դրվում Հայաստանի ներքին գործերին միջամտելուց խուսափելը»։
ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի եւ ուժի կիրառումը, եւ ուժի կիրառման սպառնալիքը։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ հարցում նախապայման չկա։ «Նախապայման չկա, կա հետեւյալը։ Որոշման նախագծի մեջ կար այսպիսի մի բան՝ սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի սահմանը խախտվել է, ըստ այդմ՝ կարիք կա ուղարկել մոնիտորինգային առաքելություն։ Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի այն ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի մաս ենք մենք։ Այդ նախագծի մեջ մեր մյուս գործընկերների կողմից այսպիսի պնդում անելը հնարավոր չի եղել։ Սա ինչո՞վ է վտանգավոր, այստեղ մի ուրիշ խութ կա՝ չֆիքսելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը ու պետական սահմանը խախտվել է սեպտեմբերյան ագրեսիայի դեպքում, ստացվում է, որ լեգիտիմացվում է ադրբեջանական խոսույթը։ Տվյալ դեպքում, եթե կարճ ասեմ, ավելի լավ է մեր դաշնակիցները որեւէ հայտարարություն չանեն, քան անեն հայտարարություն, որը կլեգիտիմացնի խոսույթն այն մասին, որ եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որեւէ մեկին կամ ֆիքսել, թե ով ում տարածք է մտել։ Եվ հիմա ուզում եմ ձեզ հարց տալ՝ եթե չկա այդ հայտարարության մեջ պնդում, որ ՀՀ ինքնիշխան տարածքը եւ ՀՀ սահմանը խախտվել է, եւ մոնիտորինգային առաքելություն է ուղարկվում՝ սահմանը մոնիտորինգ անելու համար, դուք այդպիսի հայտարարության մաս կկազմեի՞ք»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նախարարը հավելեց, որ շատ կարեւոր է, որ միջազգային գործընկերները, առավել եւս դե յուրե դաշնակիցները, հստակ արձագանքեն ու դատապարտեն, երբ իրենց դաշնակցի սահմանը խախտվում է։ «Եթե չի արձանագրվում, որ քո սահմանը խախտվել է երրորդ երկրի կողմից, եւ դու որոշում ես կայացնում դիտորդական առաքելություն ուղարկել, դրանով բացում ես նոր տարածք կամ թույլ ես տալիս նոր հնարավորություններ՝ իրականացնել նոր ներխուժումներ։ Ստացվում է, որ դու ընդունում ես, որ այդ սահմանագիծը կարող է խախտվել, եւ դրանից կյանքը չի փոխվում»,- ասաց Միրզոյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ