Լրահոս
Օրվա լրահոսը

«1975 թ․ քարտեզի վերաբերյալ վերջնական համաձայնություն չունենք, Ադրբեջանը մշտապես առարկել է այս քարտեզի հիմքով սահմանազատում սկսելը»․ Արարատ Միրզոյան

Հունիս 05,2023 13:35

«Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այդ հիմքով սկսել դելիմիտացիայի աշխատանքները, ընդունելի լուծում է ՀՀ համար»,- Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցրեց Արարատ Միրզոյանին, թե Հայաստանն Ադրբեջանի հետ ունի՞ պայմանավորվածություն, թե որ քարտեզների վրա պետք է կատարվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ «Ինչքանով մենք տեղյակ ենք՝ 1970-ականների թվականների քարտեզների մասին է խոսքը, որը բացարձակապես չի բխում ՀՀ շահերից։ Ադրբեջանին ձեռնտու քարտեզների հիման վրա եթե կատարվի այդ գործընթացը, մեզ համար կլինեն աղետալի հետեւանքներ»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը նաեւ հարց ուղղեց Տիգրանաշենի ու Տավուշի գյուղերի վերաբերյալ։ «Վերջին ասուլիսի ժամանակ ասվեց, որ այդ 86․6 հազար քկմ մեջ նաեւ մտնում են Տավուշի գյուղերը։ Արդյոք դուք ուսումնասիրե՞լ եք այն քարտեզները, որոնք խորհրդային ժամանակ կային ՀՀ-ում։ Եվ դուք տեղյա՞կ եք, որ 1920 թվականին, երբ Հայաստանը մտել է խորհրդային պետության կազմի մեջ, այդ տարածքներն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության տարածքներն են եղել։ Հետագայում արդեն այդ տխրահռչակ անկլավներն են առաջ եկել։ Ադրբեջանն իրեն ճանաչել է որպես 1918-20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդը եւ որեւէ իրավունք չունի այդ գյուղերի ու տարածքների հետ կապված»,- ասաց պատգամավորը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները։ «Բայց կա պարտավորություն եւ հանձնառություն՝ այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ։ Ո՞ր քարտեզով, պայմանավորվածություն չկա։ Նաեւ, որքանով ինձ հայտնի է, Քիշնեւում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ։ Խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կա՝ շարունակել աշխատանքները։ Ում ինչն է ավելի ձեռնտու, այստեղ մենք կմտնենք ոչ միանշանակ դատողությունների տիրույթ։ Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այդ հիմքով սկսել դելիմիտացիայի աշխատանքները, ընդունելի լուծում է ՀՀ համար։ Բայց կոնկրետ քարտեզի վերաբերյալ համաձայնություն չկա»։

Նախարարը հավելեց, որ սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի քարտեզներ կամ փաստաթղթեր, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ փաստաթղթեր, որոնք իրավական հիմքի առումով ամենաանխոցելին են։ «Եթե դա 1975 թվականի քարտեզն է, ուրեմն 1975 թվականի քարտեզն է, որովհետեւ հակառակ պարագայում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզների մասին։ Այդ թվում՝ հաշվի է առնվում հանգամանքը, որ ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որը բոլորովին այլ պատկերացումներ ուներ իր սահմանների մասին։ Եվ այնտեղ նույնիսկ մեկ-երկու գյուղի տարբերության մասին չէ խոսքը։ Նաեւ Հայաստանի Հանրապետությունն ուներ իր պատկերացումները Առաջին Հանրապետության մասին, նաեւ ԽՍՀՄ շրջանում են տարբեր բաներ եղել։ Սահմանազատման համար հիմք կարող են դառնալ այն փաստաթղթերը, որոնց իրավական հիմքերն են անխոցելի։ Առաջնորդվել «սա մեզ ավելի ձեռնտու է, նա ավելի պակաս ձեռնտու է» տարբերակով, Հայաստանի Հանրապետությանը կարող է տանել մի դաշտ, որտեղ մենք նորանոր խոցելիություններ ձեռք կբերենք։ Ուզում եմ ասել, որ ցայսօր մենք 1975 թվականի քարտեզի վերաբերյալ վերջնական համաձայնություն չունենք, համենայնդեպս Ադրբեջանը մշտապես առարկել է այս քարտեզի հիմքով սահմանազատում սկսելը։ Եթե չառարկեր, թերեւս արդեն համաձայնությունը ձեռք բերված կլիներ։ Բայց կարծես թե վերջին հանդիպման ժամանակ Քիշնեւում Ադրբեջանի նախագահը ասել է, որ ես դեմ չեմ»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով «անկլավներին»՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ իսկապես այդ տարածքներն ի սկզբանե չեն եղել, ինչ-որ պահի հայտնվել են։ «Եվ դեռ ուսումնասիրման կարիք ունեն անկլավների ծագման իրավական հիմքերը։ Քաղաքական առումով, այո, մենք գիտենք, որ այդպիսի անկլավներ գոյություն են ունեցել խորհրդային վերջին շրջանում Հայաստանի տարածքում։ Բայց սա այն հարցն է, որով պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը։ Հնչեցրած 86․6 հազար քկմ-ն ներառում է այդ անկլավները, բայց իրավական հիմքերը պետք է հստակեցվեն»,- հավելեց Միրզոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930