Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից նախապայմաններ չեն առաջադրվել։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց Արարատ Միրզոյանին․ «Երբ 2021 թվականին Էրդողանը թռնում էր ՄԱԿ-ի 76-րդ գլխավոր վեհաժողովին ելույթ ունենալու, Աթաթուրքի անվան օդանավակայանում ինքը խոսեց նախապայմանների մասին։ Դրանից հետո թուրքական նախապայմաններ ներկայացվեցին՝ տարածքային ամբողջականության ճանաչում, ցեղասպանության խնդիր։ Երկու օր առաջ Զարեհ Սինանյանն այստեղ ասաց՝ ցեղասպանության հետապնդման աշխատանքները դադարեցվել են, որովհետեւ ռազմավարական հաջողության չեն հասել։ Այսինքն՝ թուրքական բոլոր նախապայմաններն այս պահի դրությամբ բավարարվել են։ Դուք ասում էինք, որ որեւէ նախապայմաններ չկան, մենք առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացման ենք գնում։ Բայց, ինչպես տեսնում ենք, նորմալացում չկա, երկրորդ շարքում նստելը դրա ապացույցն էր, փակ սահմանները դրա ապացույցն են»։
Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի համար Թուրքիայի կողմից նախապայմաններ չեն առաջադրվել։ «Երկու կողմերը, ձեզ քաջ հայտնի է, որ բազմիցս ընդգծել են, որ նախապայմաններ չկան։ Եվ նպատակը վերջնական հարաբերությունների կարգավորումն է։ Իշխանությունների տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրագույն ներկայացուցիչների կողմից հնչել են մեկնաբանություններ ու տեսակետներ, Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման գործընթացը երբեւէ այս քննարկումների մաս չի կազմել ցայսօր։ Օրակարգում չկա այդպիսի հարց ուղղակի։ Այնտեղ նաեւ ակնարկեցիք՝ երկրորդ շարքում նստած լինելու հարցը։ Ես կարծում եմ, որ դուք խոսում եք այն մասին, որ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի վարչապետը երկրորդ շարքում էր նստած, սա շատ արարողակարգային բան է։ Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին, Թուրքիայի նախագահի կողմից բոլոր հյուրերի անունները նշել-չնշելու հարցը քննարկվեց, Հունգարիայի վարչապետը պակաս կարեւոր մարդ չէ նախագահ Էրդողանի համար, եւ որեւէ տարբերություն չկար ոչ նստեցնելիս, ոչ թվարկելիս։ Սրանք արարողակարգային բաներ են, վստահ չեմ, որ կենսունակ են այդպիսի շահարկումները»,- ասաց Միրզոյանը։
Արթուր Խաչատրյանn ի պատասխան ասաց, որ Արեւելքում սիմվոլներին շատ մեծ ուշադրություն են դարձնում։ «Այդ հարյուրավոր աթոռների մեջ նստեցնել հենց այն աթոռին, որը գտնվում է Ալիեւի թիկունքում, եկեք ընդունենք, որ դա պատահականություն լինել չէր կարող»,- ասաց պատգամավորը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ