Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ԼՂ ժողովուրդը, ոչ նրանց ընտրած իշխանությունը մեզ չեն լիազորել բանակցել իրենց կարգավիճակի շուրջ, եւ մենք չենք էլ բանակցում այդ հարցով»․ Արարատ Միրզոյան

Հունիս 05,2023 12:24

Հայաստանի իշխանությունը ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չի ստացել՝ իրենց ապագայի հարցով բանակցելու համար։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Արարատ Միրզոյանին․ «Կառավարության ղեկավարը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել, եւ ինքը չի կարող ԼՂ ժողովրդին ներկայացնել։ Հիմա բանակցություններ են տեղի ունենում, Ղարաբաղի ժողովուրդը եւ քաղաքական բոլոր ուժերը հայտարարում են, որ այն, ինչ դրված է օրակարգում, իրենց շահերից չի բխում, իրենք համաձայն չեն որեւէ կարգավիճակով վերադառնալ Ադրբեջանի կազմ։ Ուզում եմ հստակ հասկանալ՝ դուք Արցախի ժողովրդից, Արցախի Հանրապետության իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ իսկապես Հայաստանի իշխանությունը ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չի ստացել՝ իրենց ապագայի հարցով բանակցելու համար։ «Եվ ըստ այդմ, ինչպես դուք ասացիք, մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը։ Մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացնում եւ չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա հետեւյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական, ամբողջական, երկարատեւ, տեւական ու կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը եւ պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերը, որոնք կարեւոր են ԼՂ ժողովրդի համար, նրանց ապագայի համար։ Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, ոչ էլ որեւէ այլ բան»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ պետք է առկա խնդիրները քննարկվեն ու հասցեագրվեն։ Որեւէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հետ կապված կան բազմաթիվ հարցեր։ «Մենք պիտի փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը»,- հավելեց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց․ «Երբ դուք 86․6 հազար քկմ մասին եք խոսում, դա նշանակում է, որ կանխորոշել եք ձեզ համար Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց դրա համար ունենալով Արցախի հանրապետության իշխանությունների արտոնությունը։ Արդյոք դուք ստացե՞լ եք Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից այդ լիազորությունը՝ Արցախի նկատմամբ վերահաստատելու Ադրբեջանի գերիշխանությունը»։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ոչ նրանց ընտրած իշխանությունները եւ կառավարման մարմինները մեզ չեն լիազորել բանակցել իրենց կարգավիճակի շուրջ, եւ մենք չենք էլ բանակցում այդ կարգավիճակի շուրջ։ ՀՀ-ն, ինչպես եւ նախկինում ճանաչել եւ այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ մենք համարժեք նույն վստահեցումները լսել ենք ադրբեջանական կողմից, այն մասին, որ իրենք էլ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այո, թվերով նշել 86․6 հազար քկմ եւ Հայաստանի դեպքում՝ 29․8 հազար քկմ դա նոր կոմպոնենտ է, բայց դա ավելի հստակեցում է եւ խոսում է այն մասին, որ ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանի կողմից ճանաչվում է հենց այս 29․8 հազար քկմ տարածքով»։

Արթուր Խաչատրյանը նաեւ հարցրեց, որ Հայաստանը ճանաչել է մոտ 200 երկրի անկախություն, այդքան երկիր էլ ճանաչել է Հայաստանի անկախությունը․ «Որեւէ տեղ նշվա՞ծ է, որ Հայաստանը 29․8 հազար քկմ է»։ Ըստ Միրզոյանի՝ Ալմաթիի հռչակագրի ստորագրությամբ մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԱՊՀ ստեղծման փաստաթղթին, որով եւ ընդունել են, որ ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանները ճանաչվում են նորանկախ պետությունների միջպետական սահմաններ։ Անցած տարի Պրահայում ու Սոչիում, ըստ Միրզոյանի, Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմաթիի հռչակագրին եւ ճանաչել են միմյանց պետական սահմանները։ «Եթե հիշողությունս չի դավաճանում, ՀՀ-ն իր անկախության ընդունումից հետո մշտապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ այն տարիներին, երբ դուք եւ ձեր ներկայացրած կուսակցությունը եղել եք իշխանության մաս»,- նշեց Միրզոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930