Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է ԶՊՄԿ աշխատակցի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի դատաքննության նիստի օրը

Հունիս 05,2023 12:08

Ապրիլի 9-ին Հայաստանի պետական սահմանը հատած եւ ապրիլի 12-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող եւ պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացուն սպանելու մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովի դատական նիստը նշանակված է հունիսի 9-ին։

Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է։ Նիստերը, ըստ նախնական տեղեկությունների՝ կլինեն դռնբաց։

Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող եւ պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Ադրբեջանցու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն եւ ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու եւ փոխադրելու, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով եւ ազգային ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքների համար (ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 335-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ եւ 15-րդ կետեր):

Հիշեցնենք, որ Ախունդովի հետ սահմանը հատած ադրբեջանցի մյուս զինվորականը՝ Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման։ Մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Ադրբեջանցի երկու զինծառայողները Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել էին ապրիլի 9-ին՝ մտնելով Սիսիան համայնքի Բնունիս բնակավայր։ Ագշին Բաբիրովը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր Սիսիանում, իսկ Ախունդովը հասել էր Կապան։ Նրան հայտնաբերելու համար՝ ուժային կառույցների հետ որոնողական աշխատանքներին մասնակցել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ինչպես նաեւ Կապանի անտառտնտեսության եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները։ Ադրբեջանցի զինվորականը հայտնաբերվեց Կապան համայնքի Աճանան գյուղի վարչական տարածքում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930