Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ-ցուցահանդես նվիրված Ղազարոս Սարյանին և Մարտիրոս Սարյանին՝ Վիեննայում

Հունիս 05,2023 11:09

Հունիսի 3-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի սրտում՝ Վիվալդիի անվան սրահում, առաջին անգամ տեղի ունեցավ համերգ-ցուցահանդես նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին և լեգենդար նկարիչ Մարտիրոս Սարյանին:

Այս միջոցառումը համագործակցություն էր Մեծ Բրիտանիայի Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի և Ավստրիայի Հայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի միջև, որում հանդես եկան անվանի երաժիշտներ Վիեննայից և Լոնդոնից: Գեղարվեստական ղեկավար և մաեստրո Սիփան Օլահի խնդրանքով Երևանից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը տրամադրել էր կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի հոր՝ լեգենդար Մարտիսոս Սարյանի կտավների ռեպլիկաները, որոնք ցուցադրվեցին Վիվալդի համերգասրահի ճեմասրահում՝ ներկայացնելով հայր և որդի Սարյանի արվեստները Ավստրիայում առաջին անգամ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն երաժշտության և գունագեղ ներկապնակի միջև:

Համերգին ներկա էին Ավստրիայում Հայաստանի Հնարապետության դեսպան Արմեն Պապիկյանը, արժանապատիվ Տեր Անդրիաս Իսախանյանը, Հայ եկեղեցական և համայնքային խորհրդի վարչությունը, մշակութային կազմակերպությունների ղեկավարներ և գործիչներ, ավստրիացի և ավստրահայ մշակութասեր հանդիսատեսը:

Միջոցառման կազմակերպիչ մաեստրո Սիփան Օլահը շատ զգույշ էր ընտրել երաժշտական ստեղծագործությունները, որպեսզի հնարավոր լինի մեկ միջոցառման ընթացքում ներկայացնել մեծ կոմպոզիտորի տարբեր ժանրերի երաժշտությունը։

Ղազարոս Սարյանը սովորել է և՛ Երևանի, և՛ Մոսկվայի կոնսերվատորիաներում։ Դմիտրի Շոստակովիչը նրան համարում էր 20-րդ դարի խոստումնալից կոմպոզիտորներից մեկը։ Նրա երաժշտական ստեղծագործությունների ցանկը հսկայական է և լայն ճանաչում է պահանջում։ Սարյանը հայտնի է իր «Հայաստան» սիմֆոնիկ պանոյով, որը ստեղծվել է իր հոր՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի պանո «Հայաստան» նկարի ազդեցության տակ։

Համերգը սկսվեց «Ադաջիո և պար» սիմֆոնիկ ստեղծագործության կատարումով, որը 2023 թվականին Սիփան Օլահի կողմից փոխադրվել էր լարային քառյակի համար: 1959թ.

Ղազարոս Սարյանը սիմֆոնիկ նվագախմբի համար գրել է իր «Նվագախմբի սերենադ» ստեղծագործությունը: Այն բաղկացած է 6 մասից և օգտագործվել է որպես «Առաջին սիրո երգը» ֆիլմի տեսարանային հատվածների երաժշտություն։ Ֆիլմի երգերի համահեղինակը Առնո Բաբաջանյանն էր, որը Ղազարոս Սարյանի շատ մտերիմ ընկերն էր։ «Նվագախմբի սերենադ»-ի առաջին մասը փոխադրված հոբոյի, լարային քառյակի և դաշնամուրի համար կատարեցին բրիտանահայ երաժիշտներ հոբոյահար Հակոբ Մուրադյանը, դաշնակահար Մարիա Փալազյանը, ավստրիացիներից կազմված լարային քառյակը մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։ Նշենք, որ սա Հ.Մուրադյանի և Մ.Փլազյանի առաջին ելույթն էր Ավստրիայում:

«Չեմ մոռանում» ռոմանսը կատարեցին անվանի սոպրանո Թեհմինե Շաուֆերը, դաշնակահարուհի Մարիա Փալազյանի և լարային քառյակի նվագակցությամբ:

«Ինչու ուշացար» երգը ուրախ քնարական ռոմանսը կատարեց ճանաչված տենոր, մաեստրո Սիփան Օլահը՝ դաշնակահարուհի Մարիա Փալազյանի և լարային քառյակի հետ։

Բացի մեծ կոմպոզիտոր լինելուց, Ղազարոս Սարյանը հայտնի դաշնակահար: Հանդիսատեսը ունկնդրեց «Պար» ստեղծագործությունը դաշնամուրի համար՝ ստեղծված 1955 թվականին հիանալի դաշնակահարուհի Մարիա Փալազյանի կատարմամբ:

Ղազարոս Սարյանը սիրում էր հայկական ավանդական ժողովրդական երաժշտություն։ «Խաղողի բերքահավաքը» երգը յուրօրինակ երաժշտական ստեղծագործություն է արևոտ և լեռնային Հայաստանում հյութալի խաղողի և գինեգործության հին ավանդույթների մասին: Այն կատարեցին ավստրահայ սոպրանո Թեհմինե Շաուֆերը, հոբոյահար Հակոբ Մուրադյանը և դաշնակահարուհի Մարիա Փալազյանը:

«Երեք պոստլյուդ» դաշնամուրային ստեղծագործությունը կոմպոզիտոր Սարյանի հերթական գլուխգործոցն է: Այն դինամիկ ստեղծագործություն է՝ համեմված էկզոտիկ ներդաշնակությամբ, մեղեդիներով և ռիթմիկ բազմազանությամբ: Տեխնիկապես թույլ տալով կատարողին հաղթահարել բոլոր մարտահրավերները յուրահատուկ ոճով: Բրիտանահայ դաշնակահարուհի Մարիա Փալազյանը կատարեց այն վարպետորեն:

Ղ.Սարյանի «Գարնանային առավոտ» երգը մեղեդային, բարի և լիրիկական ռոմանս է։ Երգը կատարեց Բրիտանահայ տենոր Սիփան Օլահը, հոբոյահար Հ.Մուրադյանի և դաշնակահարուհի Մ.Փալազյանի նվագակցությամբ։

Սարյանի հայրենասիրական «Քեզ եմ երգում հայրենիք» երգը այս երեկոյի վերջին ստեղծագործությունն էր։ Բուռն ծափողջուներով հանդիսատեսը դիմավորեց երաժիշտներ մաեստրո Սիփան Օլահին, սոպրանո Թեհմինե Շաուֆերին, հոբոյահար Հակոբ Մուրադյանին և դաշնակահարուհի Մարիա Փալազյանին կատարելու այս երգը:

Համերգը վարողը Նոնա Կտիկյանը իր գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեց երաժիշտներին և մաղթեց նրանց շարունակել այս ազգանվեր գործը Եվրոպայում ի նպաստ հայ արվեստի տարածմանը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930