Այսօր՝ հունիսի 5-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան քաղաքացիները, գալով ժողովրդին հայտնի Վարդավառի այգի, այնտեղ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ գյոլ»-ում հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ «Էկո-մեդիայի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի. ««Թոխմախի գյոլ», կամ Արգիշտիի լճի երեսին, աներեւակայելի քանակությամբ ձկների հայտնվելը, դրանց մի մասի սատկելու պատճառը կարող է լինել հիմնականում թթվածնի պակասության պատճառով։ Ենթադրելի է, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ լիճ է բաց թողել մանրաձուկ»։
Կիրակոսյանը հավելեց, որ ավելի ստույգ երևույթը կուսումնասիրեն և եզրակացություն կարտահայտեն ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ձկնաբանները։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։
Կարդացեք նաև
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:
Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության»: