Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափսոսալ –
Հեռանա՜լ…
Վահան Տերյան
Եթե շաբաթն ու կիրակին էական ոչ մի ազդեցություն չեն ունենում տրամադրության բարձրացման հարցում, իսկ երկուշաբթին սկսվում է աշխատանքի չգնալու անհաղթահարելի ցանկությամբ, ապա միգուցե պատճառն այն վիճակն է, որը հոգեբաններն անվանում են «հուզական այրում»։
Կարդացեք նաև
Ի՞նչ է հուզական այրումն ու որքանո՞վ է այն վտանգավոր
«Հուզական այրում» հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծվել է հոգեբան Հերբերտ Ֆրեյդենբերգերի կողմից 1974 թվականին։ Ֆրեյդենբերգերը հուզական այրումը բնորոշում է որպես «անձի մասնագիտական գործունեության արդյունքում առաջացած մտավոր և ֆիզիկական հյուծվածության վիճակ»։ Այն, ըստ էության, քրոնիկ սթրեսի արդյունք է, որը սովորաբար (բայց ոչ միշտ) կապված է լինում աշխատանքի հետ։ Եվ եթե մարդն աշխատավայրում իրեն մշտապես ճնշված, չգնահատված է զգում՝ անզոր լինելով արդյունավետ փոփոխություններ մտցնել իր գործունեության մեջ, ամենայն հավանականությամբ նրա մոտ հուզական այրում է սկսվում։ Իհարկե, այդ վիճակը դուրս է գալիս աշխատանքային սահմաններից՝ ազդելով մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա և մեծացնելով տարատեսակ հիվանդությունների զարգացման վտանգը։ Նորություն չէ, որ քրոնիկ սթրեսի հետ են կապվում ոչ միայն տագնապը, անքնությունն ու դեպրեսիան, այլև ֆիզիկական առողջությանն առնչվող այլ տարբեր խնդիրներ, ինչպիսիք են զարկերակային բարձր ճնշումը, դիաբետը և այլն։
Հուզական այրումն ու սթրեսը որքան որ փոխկապակցված են, բայց և ունեն տարբերություններ։ Հոգեկան առողջությանը նվիրված խոշորագույն կայքերից մեկի՝ Helpguide.org-ի տվյալներով՝ սթրեսը և հուզական այրումը կարելի է տարբերակել հետևյալ դրսևորումներով․
Սթրես
- Բնութագրվում է չափից ավելի ներգրավվածությամբ:
- Զգացմունքները չափազանց ակտիվ են:
- Առաջացնում է շտապողականություն և հիպերակտիվություն:
- Էներգիայի կորուստ է նկատվում։
- Հանգեցնում է տագնապային խանգարումների։
- Առաջնային վնասը ֆիզիկական է:
Այրում
- Բնորոշվում է մեկուսանալու ցանկությամբ։
- Զգացմունքները բթացած են։
- Առաջացնում է անօգնականություն և հուսահատություն:
- Մոտիվացիայի, իդեալների և հույսի կորուստ է առաջանում։
- Հանգեցնում է օտարացման ու դեպրեսիայի։
- Առաջնային վնասը հոգեբանական է:
- Կարող է առաջացնել կյանքի իմաստի կորուստ։
Հուզական այրման 5 տարածված ախտանշանները
1․ Ուժասպառություն
Հոգեբանական ծանրաբեռնվածության զգացումը կարող է արտահայտվել ֆիզիկական հոգնածությամբ և հյուծվածությամբ, ինչը կարող է բարդացնել հուզական այրման հիմնական պատճառները վերացնելու գործընթացը։
Այդ վիճակում ամենասովորական գործերը, ինչպիսիք են ցնցուղ ընդունելը կամ կերակուր պատրաստելը կարող են շատ հոգնեցուցիչ թվալ, իսկ աշխատելը՝ անհնարին, և մարդը չի պատկերացնում՝ ինչպես կարող է ավելացնել իր էներգիան։
2. Վախ և մոտիվացիայի բացակայություն
Հուզական այրումը հաճախ է համընկնում տագնապի ու վախի զգացումների հետ։ Մոտիվացիայի ու նախաձեռնողականության պակասը նույնպես հուզական այրման ցուցանիշ են, ընդ որում՝ դրանք չեն վերականգնվում անգամ հանգստյան օրերից հետո։
3. Քնի խանգարումներ
Քունը մարդու առողջության կարևոր բաղադրամասերից մեկն է, և քնի հետ կապված խնդիրները նույնպես կարող են նպաստել հուզական այրմանը, իսկ բուն այրումը կարող է ազդել քնի որակի վրա՝ ձևավորելով անհանգստության ու անքնության փակ շղթա։
Քնի խանգարումից բացի հուզական այրումը կարող է հարուցել նաև գլխացավեր, մարմնի լարվածություն, ստամոքսի հետ կապված խնդիրներ և այլն։
4. Անկայուն ախորժակ
Ուտելիքի նկատմամբ մարդու վերաբերմունքը կարող է այս կամ այն խնդիրների ցուցիչ լինել։ Թեև տարբեր մարդիկ տարբեր վերաբերմունք ունեն սննդի նկատմամբ, բայց ախորժակի կորուստը կամ գերսնուցումը կարող են հուշել, որ ինչ-որ բան այն չէ։
5. Ցինիզմ և դյուրագրգռություն
Տրամադրության անկումն առաջինն է, ինչից սկսվում է հուզական այրումը, որին բնորոշ են նաև ցինիզմի ընդգծված դրսևորումներն ու ինքնավստահության կորուստը։
Հուզական այրումը հաղթահարելու 5 եղանակ
1. Վերանայել էկրաններին հատկացվող ժամանակի տևողությունը
Ժամանակակից կյանքը հագեցած է թվային տեխնոլոգիաներով, և էկրաններն այդ կյանքի անբաժան մասն են, ուստի զարմանալի չէ, որ մենք օրվա մեծ մասն անցկացնում ենք էկրանների դիմաց։ Սակայն փորձագետները գնալով ավելի են կարևորում իրական կյանքին հատկացվող ժամանակի երկարաձգումը՝ «թվային այրումից» խուսափելու համար։ Հատկապես կարևորվում է քնելուց առաջ էկրաններից խուսափելու անհրաժեշտությունը։
2. Հոգ տանել սեփական անձի մասին
Սեփական անձին նվիրված խնամքը ոչ միայն հուզական այրման դեմ պայքարող, այլև այն կանխարգելող միջոց է։ Ինքդ քո մասին հոգ տանելը կարելի է սկսել մարմնամարզությունից, առողջ սննդակարգից, նոր նախասիրությունից կամ պարզապես այն ազատ ժամանակից, որը տրամադրում եք հանգստի, սիրելի մարդկանց հետ հանդիպելու կամ ձեր սիրած գործով զբաղվելու համար։
3. Ընդմիջում վերցնել
Եթե արձակուրդ գնալու հնարավորություն կա, ապա հուզական այրումը հիմնավոր պատճառ է այդ հնարավորությունից օգտվելու համար, ընդ որում, հոգեբանները նշում են, որ անգամ աշխատասեղանից ժամանակավորապես կտրվելն ու բնության հետ շփումը կարող է նպաստավոր լինել այդ հոգեվիճակը հաղթահարելու հարցում։
4. Խոսել հոգեկան առողջության ոլորտի մասնագետի հետ
Երբեմն դժվար է լինում ինքնուրույն հաղթահարել այն ներքին խնդիրները, որոնք հուզական այրման առաջացման պատճառ են դառնում։ Այդպիսի դեպքերում կարող է շատ լավ արդյունք ապահովել հոգեբանի մասնագիտական աջակցությունը։
5. Պատրաստ լինել փոփոխությունների
Հուզական այրումը հաղթահարելու համար տարրական խնամքից կամ խնդրի գիտակցումից զատ առավել կարևոր նշանակություն ունեն այն կառուցվածքային լուրջ փոփոխությունները, որոնց իրականացումը կարող է հիմնովին փոխել մարդու կյանքն ու հոգեվիճակը։ Այս դեպքում փորձագետները հենց խոսում են փոփոխությունների նկատմամբ բաց լինելու կարևորության մասին․ նոր աշխատանքի, միջավայրի փոփոխության և կենսականորեն կարևոր այլ իրադարձությունների մասին որոշումները հեշտ չեն տրվում, սակայն այդ մարտահրավերներն ընդունելու քաջությունը կենսական նոր պայմաններում հայտնվելու և կյանքը բարելավելու կարևոր նախապայման են։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից